Ի վիճակի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր քաղաքական բեւեռ ձեւավորել

Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ալեկոծել ու մտահոգել է հասարակությանը: Մտահոգությունները (մտահոգները) բաժանվում են երեք հիմնական խմբի: Առաջին՝ հանկարծ իշխանությունները տեղի չտան ճնշումներին, «զադնի չդնեն», ու արդյունքում Քոչարյանը չհայտնվի ազատության մեջ՝ խուսափելով պատասխանատվությունից (սա մարդկանց ամենամեծ խումբն է):

Երկրորդ՝ հանկարծ Քոչարյանի կողմնակիցների եւ հակառակորդների առճակատումը չվերածվի բախումների, եւ հասարակության մեջ նոր բաժանարար գծեր ի հայտ չգան (սա նույնպես շատերին է մտահոգում): Եվ երրորդ՝ հանկարծ Ադրբեջանը սխալ չգնահատի Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ չփորձի օգտվել առիթից՝ համարելով, որ եթե Արցախի նախկին նախագահը մեղադրյալի աթոռին է, ուրեմն պատերազմը վերսկսելու ամենահարմար պահն է (այս մտահոգությունը բավականին վարպետորեն բորբոքվում է նախկին իշխանությունների քարոզչամիջոցների կողմից):

Որքանո՞վ են իրատեսական այս մտահոգությունները, եւ ընդհանրապես՝ ի վիճակի՞ է արդյոք Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր քաղաքական բեւեռ ձեւավորել: Պատասխանը միանշանակ է՝ դա նրան չի հաջողվի: Նախ՝ որովհետեւ Հայաստանում նրա նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական է, եւ երկրորդ՝ կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում չի կարող ընդդիմադիր բեւեռ դառնալ մեկը, ով ոչ կուսակցություն ունի, ոչ էլ երբեւէ կարեւորել է կուսակցությունների դերը՝ համարելով, որ ներքաղաքական պայքարում կարեւորը բռի ուժն է ու «միակ տղամարդ» լինելը:

Եվ իսկապես, Ռոբերտ Քոչարյանի անցած քաղաքական ուղին բավականին ուշագրավ է. ինչ-որ պաշտոնի հասնել (ընտրություններում հաղթել) նրան հաջողվել է կամ ինչ-որ մեկի հովանավորությամբ, կամ կոպիտ ուժ կիրառելով: Այսինքն՝ առանց ժողովրդի աջակցության (թեեւ ինքն իր համար կարգախոս էր հորինել՝ «իմ կուսակցությունը ժողովուրդն է»): Այդ կարգախոսի ներքո, ի դեպ, նա Հայաստանի նախագահ դարձավ ոչ թե ժողովրդի, այլ Վազգեն Սարգսյանի աջակցության շնորհիվ, բայց սա այլ պատմություն է: Փաստն այն է, որ Քոչարյանն այսօր ոչ հովանավոր ունի, ոչ ուժ կիրառելու հնարավորություն: Բայց վերադառնանք ժողովրդի աջակցությանը:

Եթե մարդը հայտարարում է, թե «իմ կուսակցությունը ժողովուրդն է», ու ի պաշտպանություն նրա կազմակերպված ակցիաներին ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցում (ի դեպ՝ շրջանառվող լուրերի համաձայն, նրա «կողմնակիցներին» ամսական 250-300 հազար դրամ են վճարում, ապահովում են տրանսպորտով ու հրահանգում պատրաստ լինել ցանկացած ակցիայի՝ ցանկացած բնակավայրում), նշանակում է՝ նրա կուսակցությունը ոչ թե ժողովուրդն է, այլ փողը: Ընդ որում, նրա որդիները պաշտոնապես դոլարային միլիոնատերեր են, Քոչարյանն ինքը մի քանի ամիս առաջ հայտարարեց, թե միլիարդատեր չէ, ու Հայաստանում իր ընտանիքի կարողության չափ կարողություն ունեցող մոտ 200 ընտանիք կա, ռուսաստանյան լրատվամիջոցներն էլ յուրովի են պաշտպանում նրան՝ նշելով, թե 4 միլիարդ դոլարն, իհարկե, ուռճացված թիվ է, ու Քոչարյանի կարողությունն «ընդամենը» 250 միլիոն դոլար է:

Ինչո՞ւ ենք այսքան կարեւորում այդ մարդու ֆինանսական կարողությունները: Ի վերջո գոյություն ունի անմեղության կանխավարկած, ապօրինի հարստացման գործով էլ դատավճիռ չկա: Բայց կա ամենակարեւորը՝ հասարակությունը լավ է հիշում, թե ինչպես է կուտակվել այդ ունեցվածքը: Այսինքն՝ եթե նա փորձում է քաղաքական բեւեռ ձեւավորել «իմ կուսակցությունը փողն է» սկզբունքով, հասարակությունը պիտի հասկանա, որ իրականում այդ կարգախոսը բոլորովին այլ կերպ է հնչում. «իմ կուսակցությունը ժողովրդից խլված փողն է, որով ես այդ նույն ժողովրդի մի մասին ուզում եմ հանել իշխանությունների դեմ»:

Կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կհամաձայնվեն «Քոչարյանին աջակցող» աշխատել անգամ իրական կարգախոսին ծանոթանալուց հետո: Երեւի կգտնվեն: Գուցե նույնիսկ բախումներ հրահրողներ գտնվեն (եթե, իհարկե, քերծվածքների համար լուրջ հավելավճար տրվի): Բայց դա վստահաբար հասարակության ներսում լուրջ առճակատման չի հանգեցնի:

Նախկինում կատարված հանցանքների համար պատասխանատվության անխուսափելիության հարցում հասարակությունը միակամ է: Հենց թեկուզ միայն այն պատճառով, որ դա է հետագայում նման հանցանքները բացառելու ամենահուսալի երաշխիքը: