«Լևոնի մահը խղճիս վրա է մինչև վերջ». հեռուստաստուդիայի տնօրենը՝ աշխատակցուհու նշանածին սպանելու մասին

- in Իրավունք
mard

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Վահան Ղազարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

Դեպքի պահին Վահան Ղազարյանը 39 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 22-ն անց 30-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Թերլեմեզյան փողոցում գտնվող առանձնատներից մեկում տեղակայված «Վան» հեռուստաստուդիայի, նույն վայրում գործող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատասենյակում հանդիպել է մի քանի ամիս հեռուստաստուդիայում աշխատած ու պայմանավորված ամբողջ աշխատավարձը չստացած աշխատակցուհու նշանածի՝ 22-ամյա ատամնաբույժ Լևոն Սահակյանի և նրա ընկերոջ հետ:

Վահանն ու Լևոնը վիճել են չվճարված աշխատավարձը վճարելու հարցով:

Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Վահան Ղազարյանը ծալովի դանակով երկու հարված է հասցրել Լևոն Սահակյանին՝ ոտքի ու կրծքավանդակի շրջաններին:

Ստացած վնասվածքներով տուժողը կարողացել է նստել իր մեքենան, այն վարել է մինչև Հանրապետական հիվանդանոց: Նրան վիրահատել են, սակայն վնասված են եղել սիրտն ու թոքը, երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել՝ հոկտեմբերի 21-ին նա ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ըստ դատական ակտի՝ Վահան Ղազարյանը 2005 թվականին Գյումրիում հիմնադրել է «Վան» հեռուստաստուդիան, որի գործունեությունը 2015 թվականից շարունակել է Երևանում:

2016 թվականի փետրվարից հեռուստաստուդիայում որպես լրագրող աշխատանքի է ընդունվել Արեգնազան Թ.-ն: Նա նշանված է եղել Լևոն Սահակյանի հետ:

2016 թվականի օգոստոսին Արեգնազանն իր գործատու Վահան Ղազարյանի հետ ֆինանսական խնդիրներ է ունեցել՝ կապված աշխատավարձի չվճարման հետ, և դուրս է եկել աշխատանքից:

Նրա նշանածը՝ Լևոն Սահակյանը, Արեգնազանին չվճարված 100 հազար դրամ գումարը Վահան Ղազարյանից ստանալու նպատակով մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել վերջինիս հետ: Վահանը պարտավորվել է այդ գումարը տալ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին…

Դատարանում ամբաստանյալ Վահան Ղազարյանն ասել է, թե միջնակարգ կրթություն ունի, աշխատել է հեռուստալրագրության ասպարեզում, աշխատակցել է «Արմենիայի» «Ժամը» լրատվական հաղորդմանը, հետո էլ բացել է «Վան» հեռուստաստուդիան ու «Պատանի լրագրողներ» դպրոցը…

Առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, Վահան Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Արեգնազանի աշխատավարձի պարտքը կազմել է 80-90 հազար դրամ: Օգոստոսին Արեգնազանը դուրս է եկել աշխատանքից: Հաջորդող երկու ամիսների ընթացքում ինքը չի կարողացել Արեգնազանին վճարել պարտքը, նրա նշանածի՝ Լևոնի հետ խոսել ու խոստացել է այդ գումարը վճարել 2016 թվականի հոկտեմբերի 20-ին:

Լևոնը հոկտեմբերի 19-ին է զանգել Վահանին:

Ըստ Վահանի՝ Լևոնը պնդել է, որ այդ օրը հանդիպեն, թեկուզ՝ ուշ ժամի: Իր մոտ այդ օրը միայն 20 հազար դրամ կար, պիտի առաջարկեր այդ 20 հազար դրամը՝ խոստանալով մնացած 80 հազար դրամը վճարել երկուշաբթի:

Լևոնը հանդիպման էր եկել ընկերոջ հետ, որի անունը Արտակ էր:

Աշխատասենյակում իր ու Լևոնի միջև ընդհարում է եղել, նույնիսկ դռան ապակին է ջարդվել, երբ ինքն ասել է, թե ամբողջ աշխատավարձը տալ չի կարող, առաջարկել է իր պայմանը, բայց Լևոնը պահանջել է ամբողջ գումարը. «Ես նույնիսկ ասի՝ եթե անգամ իրար զարկենք, կռվենք, ես գումար չունեմ էս պահին, որ տամ… Իրար դոշ էինք հավաքել, ես ասի՝ արեք 80 հազար դրամի ու քանիմ կոպեկի համար խայտառակ չըլնենք՝ ես 40 տարեկան տղա եմ, դու էլ՝ 20 տարեկան, դոշերս կհավաքես… Մարդիկ կիմանան, վրես կխնդան…Արտակն ասավ՝ էկեք հանգիստ խոսանք…»:

Նստել են սեղանի մոտ: Երբ ինքը նորից իր պայմանն է առաջարկել՝ 20 հազար դրամն այդ պահին տալ, իսկ 80 հազար դրամը՝ երկուշաբթի, Լևոնը միանգամից բորբոքվել ու ասել է. «Էս գրաֆինկեն գլխուդ կտամ…»:

Այնուհետև, ըստ Վահանի, Լևոնը վեր է կացել, գնացել է այն սեղանի մոտ, որի վրա լուսանկարչական ապարատներ էին դրված, ձեռքը գցել է ամենալավ ապարատին ու ասել է, թե չվճարված աշխատավարձի տեղը այդ ապարատը կվերցնեն ու կպահեն, մինչև աշխատավարձը ամբողջությամբ վճարվի:

Ըստ Վահանի՝ ապարատը, որ ձեռքն էր վերցրել Լևոնը, իրեն չէր պատկանում: Ինքը զայրացել ու նրան երկու անգամ ասել է՝ ապարատը դիր տեղը: Բայց Լևոնը բանի տեղ չի դրել: Ինքը մոտեցել է նրան ու բռնել է ձեռքը. «Էն մարդուց ապրանք կտանեն, որ կխաբի, ես խաբող մարդ չեմ, ես ասում էի՝ երկուշաբթի կգաք՝ ամբողջ գումարը կտամ…»:

Վահանը նկարագրել է՝ այդ պահին Լևոնը «բոքսով խփեց գլխիս, ես հենվեցի երեք ոտանի սեղանին, սեղանը շրջվեց, ես էլ ընկա… Լևոնը իմ վրա կիսահենված, համարյա պառկած՝ սկսեց բոքսով խփել գլխիս՝ մի 5-10 անգամ խփեց… Ամեն հարվածը շատ ցավոտ էր… Էնքան խփեց, մինչև ես գրպանիցս դանակը հանեցի ու խփեցի նրա ոտքին…»:

Ըստ Վահանի նկարագրության՝ ինքը «կողքանց» ընկել է հատակին՝ մեջքով պատի անկյունին հենված: Լևոնը կիսանստել-կիսապառկել է իր վրա: Իր ձախ ձեռքը մնացել է իր մարմնի տակ, իսկ աջ ձեռքով ինքը փորձում էր դեմքը պաշտպանել Լևոնի հարվածներից… Տեսնելով, որ նրանից չի կարողանում ազատվել՝ աջ ձեռքը հեռացրել է դեմքից՝ այլևս չի պաշտպանվել, այդ ձեռքը մտցրել է գրպանը, գրպանում բացել է ծալովի դանակը, հանել է բացված դանակն ու հարվածել է Լևոնին: Ինքը տեսնում էր Լևոնի ոտքը՝ ջինսով: Որոշել է դանակով հարվածել ոտքին՝ նրանից ազատվելու համար: Հարվածել է: Իր հարվածից Լևոնը թուլացել է, ինքը կարողացել է նրա տակ «ֆռռալ», այդ ժամանակ Արտակը մոտեցել, իր դոշերից բռնել, քաշել-կանգնեցրել է: Տարել է միջանցք, հենել է միջանցքի պատին: Ներսից Լևոնն ասել է՝ խփեց, ծակեց: Արտակը Վահանին հարցրել է՝ դանակո՞վ ես խփել: Վահանն ասել է՝ հա, բայց ոտից եմ խփել…

Դանակով հարվածելու պահի մասին Վահանն ասել է. «Ինչխօր մեկն ասեր՝ ջեբդ դանակ կա… Լևոնն էնպես ուդարներ կուտար, աչքերիս դեմը կսևնար… Ես նախապես դանակ չեմ հանել, ցույց չեմ տվել: Եթե նախապես դանակ հանեի, իրանք սենյակում իմ հետ չէին նստի, կթողային-կգնային… Որ հետո Լևոնին տեսա՝ դոշին արուն, զարմացա՝ էդ ի՞նչըխ էղավ, ես ոտին եմ խփել… »:

Լևոնին Վահանը բնութագրել էր՝ որպես «հավասարակշռված, կոռեկտ, համեստ տղայի»: Նա նշել է. «Էդ օրը Լևոնը իմ ճանաչած Լևոնը չէր, թե ինչու էր տենց ագրեսիվավարի խփում ինձ՝ չգիտեմ: Ի՞նչ էի արել կամ ի՞նչ էի ասել…»:

Վահանն ասել է, թե դանակահարությունից հետո չի գոռացել՝ զենքս տվեք: Ճիշտ է, ինքը զենք՝ գազային ատրճանակ ուներ, այն դարակի մեջ էր, բայց դրա մասին ոչ ոք չգիտեր, ինքն ո՞ւմ պիտի ասեր՝ զենքս տվեք:

Երբ Լևոնն ու Արտակը դուրս են գնացել, աշխատողները առաջարկել են շտապօգնություն զանգել, բայց Լևոնն ասել է՝ չէ, ես մեքենան կքշեմ-կգնամ…

Ինքը նրանց գնալու պահին ատրճանակը ձեռքին դուրս չի եկել: Իր ձեռքին չէր կարող ատրճանակ լինել, քանի որ դրանից հետո գնացել է երկրորդ հարկ, մի քիչ հանգստացել է, ու իր մոտ զենք չի եղել…

Ինքը զանգել է մեկ այլ Վահանի, առաջարկել է զանգել Լևոնին, գնալ հիվանդանոց ու իմանալ Լևոնի մասին…

Ինքն ամբողջ օրը աղոթել է Լևոնի համար՝ իմանալով, որ նա հիվանդանոցում է. «Աղոթել եմ, որ բան չէղնի, ջահել տղա էր՝ սենց ինչ-որ բանի համար՝ չիդես՝ ինչի համար խի՞ կյանքից զրկվեր… Ես սթրեսի մեջ էի, որ իմացա՝ մահացել ա…»:

Վահանն ասել է, որ 1996 թվականից՝ երբ գնացել է ծառայության, գրպանում դանակ է պահել: Երբ զգուշացրել են, որ դանակ չպահի, ասել է՝ հնարավոր չէ, որ ես դանակով կռիվ անեմ… Բայց դեպքի պահին մի տասնհինգ վայրկյանում կորցրել է ինքնատիրապետումը, կարծես մեկը հուշել է, որ գրպանում դանակ կա, ցանկացել է դրա օգնությամբ ազատվել Լևոնի հարվածներից…

Վահանն ընդունել է, որ աշխատավարձերի ուշացումներ եղել են իր հեռուստաստուդիայում: Ինքը սպասում էր՝ Ծառուկյանը կմտնի՞ քաղաքականություն. «Եթե գար քաղաքականություն, ուրեմն մենք ակտիվ աշխատելու էինք… Բոլորը սպասում էին էդ հարցի պատասխանին… Մեզ ասում էին՝ երկու ամիս համբերեք, տեսնենք…Բայց էդ խոսակցությունը ամեն մարդու հասանելի խոսակցություն չէր, իմ աշխատողները աշխատավարձերի ուշացման պատճառը չգիտեին…»:

Վահանը նշել է, որ Արտակի հետ առերես հարցաքննվել է, առաջին հարցը, որ տվել է նրան՝ «Էս ի՞նչ սարքեցիք…»:

Լևոնի կրծքավանդակին խփելու մասին Վահանն ասել է. «Չիդեմ՝ ոնց եմ խփել, չեմ զգացել, նպատակ չի էղել կյանքը խլելու… Մե ձևըմ մտել է դոշը դանակը…»:

Առաջին ատյանի դատարանը Վահան Ղազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման: Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 12 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը:

Դատական այս նիստին պաշտպանը ներկայացրեց իր բողոքի հիմնավորումները:

Նա մանրամասն վերլուծեց ցուցմունքներն ու այլ ապացույցները: Նշեց, որ ըստ քրեական գործի նյութերի՝ հաստատվում է, որ տուժողը, գտնվելով Վահան Ղազարյանի աշխատասենյակում, նախահարձակ է եղել, առաջինը նա է հարվածներ հասցրել Վահանին, հայհոյանքներ է տվել: Վահանը հատակին ընկած վիճակում գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածել է տուժողի ոտքին, որ ազատվի ծեծից ու «բռնվածքից»:

Պաշտպանը պնդեց, որ իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, բայց գործողությունները կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վահան Ղազարյանի մարմնին նույնպես առկա են եղել վնասվածքներ:

Պաշտպանը վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց Վահան Ղազարյանի հետհանցավոր գործողություններին: Տուժողի հեռանալուց հետո, իմանալով, որ նա վիրավոր է, զանգել է իր ծանոթին, տվել է Լևոնի հեռախոսի համարը, խնդրել է, որ ծանոթը զանգի և իմանա Լևոնի վիճակի մասին: Վահան Ղազարյանն ինքնակամ է ներկայացել իրավապահներին: Նա տվել է իրականությանը համապատասխանող ցուցմունքներ, աջակցել է հանցագործության բացահայտմանը՝ հայտնելով այնպիսի հանգամանքների մասին, որոնք իրավապահներին հայտնի լինել չէին կարող:

Պաշտպանը մի քանի անգամ կրկնեց՝ իմանալով, որ Լևոնը ստացած վնասվածքից մահացել է, Վահան Ղազարյանը ցանկացել է… ինքնասպանություն գործել:

Պաշտպան Մ. Սարգսյանն ընդգծեց՝ գործի նյութերով ապացուցված չէ, որ Վահան Ղազարյանը ուղղակի կամ անուղղակի դիտավորություն է ունեցել տուժողին կյանքից զրկելու, նրան առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ:

Պաշտպանը նշեց, որ դեպքի պահին տուժողի գործողությունները «հանրային վտանգավորությամբ են օժտված եղել», տուժողի ոտնձգությունը Վահանի նկատմամբ առկա է եղել, Վահանը ինքնապաշտպանության նպատակով, իրավիճակից դուրս գալու այլ ելք չտեսնելով է դանակը հանել ու հարված հասցրել: Երբ նա ազատվել է տուժողի «բռնվածքից» ու ոտքի է կանգնել, որևէ ոտնձգություն այլևս չի կատարել…

Պաշտպանն ընդգծեց՝ Վահան Ղազարյանը զղջացել է կատարվածի համար, նա սպանության մտադրություն չի ունեցել, իսկ կատարվածից հետո էլ անտարբեր չի մնացել: Եթե տուժողին սպանելու նպատակ ունենար, նրան տեղում կսպաներ, բայց քրեական գործով սպանության դրդապատճառ էլ ի հայտ չի բերվել:

Առաջին ատյանի դատարանը բոլոր չփարատված կասկածները մեկնաբանել է ի վնաս Վահան Ղազարյանի, դատարանի հետևությունները հիմնավոր ու պատճառաբանված չեն՝ ըստ պաշտպանի:

Պաշտպանը պահանջեց բեկանել դատավճիռը, վերաորակել Վահան Ղազարյանի արարքը, նրան մեղավոր ճանաչել կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածով, կամ՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Եթե վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնավոր գնահատի, որ Վահան Ղազարյանը կատարել է դիտավորյալ սպանություն, պաշտպանը միջնորդեց պատժի մասով փոփոխել դատավճիռը, սահմանել ավելի մեղմ պատիժ՝ հաշվի առնելով Վահան Ղազարյանի անձը բնութագրող հանգամանքները, այն, որ նրա խնամքին են երեք հոգի՝ վատառողջ կինն ու թոշակառու ծնողները, ինչպես նաև այն, որ նա տուժող կողմին հատուցել է պատճառված նյութական վնասը՝ 2 միլիոն դրամի չափով:

Ամբաստանյալ Վահան Ղազարյանը միացավ իր պաշտպանի բերած բողոքին: Նա ասաց, թե 40 տարեկան է, այդ 40 տարիների ընթացքում որևէ վիճաբանության մեջ չէր ընկել:

«Չգիտեմ՝ ոնց ստացվավ… Ցավակցում եմ… Լևոնի մահը իմ խղճիս է մնում մինչև վերջ… Ես գիտակցել եմ նրա ոտքին հարվածելը, իսկ երկրորդ հարվածը չեմ զգացել ու չեմ ուզեցել… Նրա տակից դուրս գալու ժամանակ եմ տեսել, որ դոշի վրա արյուն կա…»:

Վահան Ղազարյանը նշեց, թե Լևոնին փորձել է համոզել, որ այդ օրը գնա, երկուշաբթի գա, ինքը ամբողջ պարտքը կփակի, բայց նա չի համաձայնել: Առաջարկել է իր մոտ եղած քսան հազար դրամը տալ, մնացած գումարը տալ երկուշաբթի, Լևոնը դարձյալ չի համաձայնել:

Վահան Ղազարյանը նշեց, թե Լևոնի նշանած Արեգնազանը մոտ մեկ տարի աշխատել է իր հետ. «Որևէ անգամ նեղեցնել չի էղել…»:

Ըստ Վահանի՝ դեպքի պահին ինքն ու Լևոնը «քաշքշվել են», Լևոնը հենվել է դռան ապակուն, ապակին ջարդվել է: Դրանից հետո ինքն առաջարկել է նստել սեղանի մոտ, հանգիստ խոսել: Նստել են, բայց հանգիստ խոսակցություն չի ստացվել:

Ամբաստանյալը նշեց, թե դանակն իր գրպանում է եղել 1996 թվականից: Ոչ մի անգամ վիճաբանության ժամանակ չի օգտագործել: Իսկ դեպքի պահին գրպանից հանել ու բացել է՝ Լևոնի «բռնվածքից» ազատվելու համար: «Հեշտ բացվող դանակ էր»,- ասաց ամբաստանյալը:

Նա նշեց, թե առաջինը սկսել է «բոքսով» իր դեմքին հարվածել Լևոնը: Ինքը մի ձեռքով փակում էր դեմքը, որ կապտուկներ չառաջանան:

Վահանը նշեց, թե Լևոնն իրենից շատ ուժեղ չէր, բայց ինքն այնպես էր ընկել, որ տեղից շարժվել չէր կարողանում. «Լևոնը չոքը դոշիս դրած՝ կզարկեր»: Իրեն Լևոնի տակից քաշել-հանել է Լևոնի ընկերը…

Դատարանի հարցին Վահան Ղազարյանը պատասխանեց, թե չի կարողացել իր ուժը գործադրելով՝ Լևոնի տակից դուրս գալ: Դատարանի մյուս հարցին ի պատասխան՝ Վահանն ասաց, թե Լևոնը լուսանկարչական ապարատը որպես «զալոգ» էր ուզում վերցնել, իսկ ինքը չի տվել. «Եթե ժամանակը հետ տայինք, կթողնեի, որ ապարատը վերցներ, բայց էն ժամանակ էնպես ստացվեց, որ ասի՝ չես վերցնի…»:

Մեղադրող դատախազն ամբողջությամբ առարկեց պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի դեմ՝ հակիրճ նշելով, թե քրեական գործում բավարար հիմքեր չկան Վահան Ղազարյանի արարքը վերաորակելու կամ նրա նկատմամբ սահմանված պատիժը՝ 11 տարի 6 ամիս ազատազրկումը մեղմացնելու համար: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է մնա անփոփոխ…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս ամբողջությամբ առարկեց պաշտպանի վերաքննիչ բողոքի դեմ: Նշեց, թե բողոքի մեջ գործի նյութերից չբխող հանգամանքներ են նշված, փորձ է արվում դատարանին շփոթության մեջ գցել: Ամբաստանյալը, ըստ տուժող կողմի, մշտապես տվել է տարբեր ցուցմունքներ՝ մեկ ասել է, թե դանակը բացել է գրպանում, մեկ՝ գրպանից հանելուց հետո, մեկ ասել է՝ պառկած է եղել, Լևոնը՝ իր վրա, մեկ էլ ասել է, թե կիսապառկած է եղել…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց՝ իրականությանը չի համապատասխանում ամբաստանյալի պնդումը, թե տուժողի կրծքավանդակին հասցված հարվածը չի զգացել: Դեպքի օրը նա գնացել է բարեկամի տուն, այդ բարեկամն իր ցուցմունքում նշել է, թե Վահանը պատմել է դանակի երկու հարված հասցնելու մասին…

Արայիկ Պապիկյանն անդրադարձավ բողոքի պահանջին՝ արարքը վերաորակել կամ որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն, կամ՝ որպես տուժողի առողջությանը դիտավորությամբ հասցված ծանր վնաս, որի արդյունքում տուժողը մահացել է. այս «կամ-կամ»-ը հարց է առաջացնում՝ ի՞նչ կոնկրետ նպատակ է ունեցել ամբաստանյալը, հիմա ո՞րն է կատարել՝ իր կարծիքով…

Արայիկ Պապիկյանը իր վստահորդի կարծիքը հաշվի առնելով՝ պահանջեց պատժի մասով ևս չփոփոխել դատավճիռը, պատիժը չմեղմացնել: Նա նշեց, որ իր վստահորդը բժիշկ է: Դեպքից հետո ամբաստանյալը հետապնդել է տուժողին, ինչը նպաստել է վերջինիս սրտամկանի արագ աշխատանքին, իսկ դա իր հերթին արագացրել է ողբերգական վախճանը, այսինքն՝ ամբաստանյալի վարքագիծը, ըստ տուժող կողմի, ազդել է, նպաստել է, որ Լևոնի կյանքը փրկել չհաջողվի…

Ամբաստանյալի շահերի պաշտպան Մնացական Սարգսյանը վերաքննիչ դատարանին ներկայացնելու է նաև իր պաշտպանյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն՝ պարզելու համար դեպքի պահին Վահան Ղազարյանի հոգեվիճակը:

Նախաքննության ընթացքում Ղազարյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն չի կատարվել:

Պաշտպանն իր միջնորդությունը վերաքննիչ դատարանում կհիմնավորի հաջորդ նիստին՝ մայիսի 29-ին: