Խաղային ապարատները մենաշնորհային ձևով պատկանում են Գուդ Վին ընկերությանը, որն այսօր փողոց է բերել մարդկանց

- in Հասարակություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների մեղադրանքներին։

Ալեն Սիմոնյանը «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծի հեղինակն է, բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցներն այսօր ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասել էին, որ Ալեն Սիմոնյանը նախկինում խաղամոլ է եղել, այդ պատճառով է իրենց դեմ դուրս եկել։ Նրանք նաև ասել էին, թե Ալեն Սիմոնյանն անձնական շահ ունի իրենց գոծունեությունը կրճատելու հարցում, քանի որ դրանով փորձում է որոշ անձանց շահը առաջ մղել։

«Ես բուքմեյքերական ընկերություն չեմ ունեցել, 2007 թվականին ունեցել եմ սրճարան, որտեղ եղել է խաղադրույք կատարելու հնարավորություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, որ խաղալ չի սիրում, քանի որ մաթեմատիկական գիտելիքներից թույլ է։ Բայց հաստատեց տեղեկությունը, որ ոլորտի երկու գրասենյակների ղեկավարների հետ ունի մտերիմ ընկերություն։ Հարցին, թե նրանց շա՞հն է պաշտպանում, պատասխանեց՝ ոչ։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այստեղ ընդամենը հետևյալ կռիվն է գնում․ «Այն ապարատները, որոնք գազալցակայաններում դրված են, երկար պահելու խնդիրն է, ուրիշ բան չկա։ Իսկ այդ ապարատները մենաշնորհային ձևով պատկանում են Գուդ Վին ընկերությանը, որն այսօր բերել է մարդկանց։ Բերել է նաև իրենց հետ փոխկապակցված կազմակերպությունների աշխատակիցներին։ Այդ ապարատների կռիվն է այսօր գնում, այլ ոչ թե այն ամենի, ինչի մասին խոսվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Բողոքի ակցիա անող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ցանկանում են, որպեսզի շահումով խաղերի ավտոմատները գազալցակայաններում շարունակեն գործել։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ խորհրդարանում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ փակ քննարկում անցկացնելու հետո։

«Ինչպես գիտեք, մենք որոշել ենք բուքմեյքերական ընկերությունների արգելքը հետաձգել մեկ ու կես տարով, բայց այդ խաղային ավտոմատների արգելքը միանգամից ուժի մեջ կմտնի։ Հիմա իրենք ցանկանում են, որ թույլ տանք այդ ավտոմատները ևս որոշ ժամանակ շահագործեն։ Մենք խոստացանք, որ հանձնաժողովի նիստում նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում այդ առաջարկը կքննարկենք, կտեսնենք ինչ է հնարավոր անել»,- ասաց Թունյանը։

Բաբկեն Թունյանը նաև նշեց, որ նոր նախագծով մեկ ու կես տարի առնվազն ձեռք չեն տալու բուքմեյքերական կետերին։ Այդ մեկ ու կես տարվա ընթացքում նաև օնլայն տիրույթում խաղադրույքներ կատարելու հետ կապված որոշակի փոփոխություններ կլինեն, որ այնպես չլինի ընկերություններից մեկը շահի, մյուսը կորցնի։