Խնդիրն ամենևին էլ Գագիկ Ծառուկյանի անձը չէ, ոչ էլ՝ ԲՀԿ-ին նեղելը

Gagik Tsarukyan

Առաջիկայում պարզ կդառնա՝ իշխող քաղաքական ուժը մտադի՞ր է դիմել Սահմանադրական դատարան՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով, թե ոչ, բայց ինքնին այդ հարցի քննարկումը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական դաշտում իսկապես հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում:

Ընդ որում՝ խնդիրն ամենեւին էլ Գագիկ Ծառուկյանի անձը չէ, ոչ էլ ԲՀԿ-ին նեղելը (ինչպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներկայացնում են այդ կուսակցության ներկայացուցիչները): Խնդիրն այն է, որ քաղաքական դաշտի կայացման համար իսկապես անհրաժեշտ է, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվեն: Ոչ թե գործարար պատգամավորների մոտ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին լինի», այլ նրանք իսկապես զբաղվեն կամ քաղաքականությամբ, կամ բիզնեսով:

Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ կուսակցությունները պիտի լինեն քաղաքական կյանքի հիմնական դերակատարները, բայց կուսակցությունները մեզանում համառորեն չեն կայանում: Որովհետեւ բոլոր հիմնական կուսակցություններն ունեն մեկ ընդգծված առաջնորդ, որոնց համար քաղաքական թիմը պարզապես սպասարկող անձնակազմի դեր է կատարում: Եվ կուսակցությունների այդ կառուցվածքն ուղղակիորեն ազդում է քաղաքական գործընթացների վրա: Օրինակ՝ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում անհնար է պատկերացնել, որ որեւէ կուսակցություն կարող է ընտրություններում ստանալ, ասենք, 52 տոկոս, իսկ հաջորդ ընտրություններում՝ 3-4 տոկոս: Այնտեղ դա բացառված է: Իսկ մեզանում նման «փորձանք» տեղի է ունեցել բոլոր իշխող քաղաքական ուժերի հետ: Վերջին օրինակը 2018-ի դեկտեմբերի ընտրություններն էին, որտեղ «սխալված առաջնորդի» կուսակցությունն անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց: Որովհետեւ ՀՀԿ-ն ոչ թե կայացած կուսակցություն էր, այլ Սերժ Սարգսյանի «սպասարկող անձնակազմը» (եթե անգամ միայն քաղաքական ծառայություններ էր մատուցում):

Նույնն էլ ԲՀԿ-ի պարագայում է: Խնդիրն այն չէ՝ այդ կուսակցության պատգամավորները լա՞վն են, թե վատը: Խնդիրն այն է, որ եթե Գագիկ Ծառուկյանը մի օր որոշի կուսակցության կորիզի «սաստավը փոխել» եւ հասարակությանը բացարձակապես անծանոթ մարդկանց ներգրավի, դրանից այդ կուսակցության վարկանիշն ընդհանրապես չի փոխվի կամ կփոխվի առավելագույնը 1-2 տոկոսով:

Բայց ուրիշ հարց էլ կա: Տեսեք՝ վերջին ընտրությունների արդյունքներն արձանագրում են, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է: Երկրորդը՝ երկրորդն է, բայց արդյո՞ք քաղաքականության մեջ: Արդյո՞ք նույն ՀՀԿ-ն գոնե հասարակության կողմից որպես ավելի ազդեցիկ քաղաքական ուժ չի ընկալվում: Խնդիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանը վիթխարի կարողությունների տեր գործարար է եւ որպես այդպիսին էլ ընկալվում է հասարակության մեծամասնության կողմից: Ընդ որում՝ չի բացառվում, որ իրականում նույն Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի կարողություններն ավելի մեծ լինեն, բայց միեւնույն է՝ Սերժ Սարգսյանն առաջին հերթին որպես քաղաքական գործիչ է ընկալվում: Այսինքն՝ մուլտիմիլիոնատեր Գագիկ Ծառուկյանի կողմից սեփական կուսակցությունն անձամբ ղեկավարելն ու խորհրդարանում լինելը, որքան էլ տարօրինակ հնչի, թուլացնում է այդ կուսակցության քաղաքական կշիռն ու ԲՀԿ-ի ընկալումը՝ որպես կայացած քաղաքական ուժ, որի հեղինակությունը կախված չէ բացառապես լիդերի վարկանիշից ու իշխանությունների հետ նրա հարաբերություններից:

Մեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե, ասենք, Նիկոլ Փաշինանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի կամ որեւէ այլ լիդերի, այլ նրանց ղեկավարած քաղաքական կուսակցությունների միջեւ: Դա քաղաքական համակարգի, ու հետեւաբար՝ նաեւ պետության կայունության կարեւորագույն նախապայմանն է: Հակառակ դեպքում միշտ կունենանք կուսակցությունների վարկանիշների կտրուկ տատանումներ՝ 2-3 տոկոսից 60-70 տոկոս կամ հակառակը, ու համապատասխանաբար՝ նաեւ ներքաղաքական ցնցումներ: Ու մեծ հաշվով՝ հենց այս խնդրի կարգավորումն է դրված բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու իրական ջանքերի հիմքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...