«Խնդրում էին, թե 40 հոգի կարող եք ավտոբուսներով մարդ բերել». ինչպես են Քոչարյանի համար աջակիցներ հավաքագրել (տեսանյութ)

Արարատի մարզի բնակիչ Հարություն Մանուկյանը, որը եղել է Կրթության ազգային ինստիտուտի Արարատի մարզի համակարգողը, ՍիվիլՆեթին պատմել է, որ 2018-ից լինելով գործազուրկ՝ կապ է հաստատել «Արևմտյան փորձի ներդրման գրասենյակ» ՀԿ-ի հետ, որը նախ սեռական փոքրամասնությունների դեմ պայքար է ծավալել, իսկ հետո մասնակցել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար կազմակերպվող ցույցերին։

Հարություն Մանուկյանը մանրամասնել է, թե ինչպես է ստեղծվել Քոչարյանի աջակիցների այդ կազմակերպությունը ու նշել, որ Քոչարյանի մերձավորներից Արմեն Թավադյանը (5-րդ ալիքի սեփականատերը) իրեն նախնական 1500 դոլար է տրամադրել՝ աջակիցներ հավաքագրելու ու գրասենյակ հիմնելու համար։ Հետագայում, սակայն, Մանուկյանի ու Թավադյանի միջև վեճ է ծագել, կուտակվել է պարտք, որը մնացել է Մանուկյանի ուսերին։

«Արմեն Թավադյանի հետ ծանոթացել եմ Մինասյան Արմենի միջոցով, եղել եմ նրա օֆիսում, կազմակերպչական հարցերը նա էր լուծում, իմ աշխատավարձի եւ աշխատակիցների աշխատավարձի հարցը նրա հետ եմ պայմանավորվել: Սովորաբար ասում էին՝ անընդհատ ունեցեք մարդիկ, որոնք մեզ հետագայում պետք են գալու: Հետագայում պարզվեց, որ խոսքը Հայ ազգային դաշինք կուսակցության ստեղծման մասին է»,- պատմում է Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ մոտ 1 մլն 400 հազար դրամի չափով պարտք է կուտակվել, որը վճարելուց Թավադյանը հրաժարվել է. «Ես հասկանում եմ, որ դա պայմանավորված է նրանով, որ երբ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպեցին, որ գնան գլխավոր դատախազության դեմ միտինգի, ես արդեն հասկացել էի, թե ինչի հետ գործ ունեմ: Նրանք խնդրում էին, թե 40 հոգի կարող եք ավտոբուսներով մարդ բերել, ես միանշանակ հրաժարվել եմ դրանից»,- նշում է Մանուկյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...