«Ծեծ կերածների» ու դրսից իրենց «ծեծողների» վրա «մարդ բերելու» խայտառակ պահվածքը

- in Վերլուծական

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, եւ այդ այցն առիթ դարձավ, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում հերթական անգամ ակտիվանան քննարկումները հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։

Ինչպես միշտ՝ ամենաակտիվը նախկին իշխանությունների քարոզչամիջոցներն էին, որոնց պահվածքը, մեղմ ասած, ահավոր տգեղ էր։ Սրանք շտապել էին օգտվել առիթից եւ Ռուսաստանի վարչապետին հիշեցնել, թե Նիկոլ Փաշինյանի որոշ զինակիցներ ինչպես էին ժամանակին բողոքի ցույցեր կազմակերպում Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, ու ինչպես էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անձամբ քննադատում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Դժվար է ասել՝ սեփական երկրում «ծեծ կերածների» ու դրսից իրենց «ծեծողների» վրա «մարդ բերելու» այս խայտառակ պահվածքը սովորական անմեղսունակությո՞ւն էր, թե դավաճանություն, բայց նկատենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը «փչացնելու» թիկունքում կանգնած է քաղաքական այն ուժը, որն ամեն առիթով հայտարարում է, թե Հայաստանի գլոբալ անվտանգությունը գրեթե բացառապես կախված է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից։ Ինչեւէ։

Ինչպիսի՞ն է, ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը, եւ ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները՝ այդ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Սա հասկանալու համար նախ պետք է արձանագրել հետեւյալը։ Հայաստանի ներսում, այո, իրավիճակ է փոխվել, եւ փոխվել է արմատապես, բայց ոչ Հայաստանի արտաքին-քաղաքական միջավայրն է փոխվել, ոչ աշխարհաքաղաքական իրողությունները, ոչ էլ Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները։ Ռուսաստանը նույնն է, Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատումը՝ նույնպես, ղարաբաղյան հարցում կանգնած ենք նույն խնդիրների առաջ, Ադրբեջանն էլ չի հրաժարվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից՝ ավելի ու ավելի մեծ հույսեր կապելով Թուրքիայի ուղղակի աջակցության հետ։ Իսկ եթե արտաքին մարտահրավերները չեն փոխվել՝ Հայաստանը կարող է փոխել ընդամենը նույն իրավիճակում նույն խնդիրները լուծելու եւ նույն նպատակներին հասնելու մարտավարությունը։ Հասկանալի է, չէ՞, օրինակ, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը չեն վերացնելու, կամ չեն ազդելու մեր տարածաշրջանում գերտերությունների հավակնությունների վրա։

Իսկ ի՞նչն է փոխվել մեր մարտավարության մեջ։ Փոխվել է այն, որ Հայաստանը փորձում է տարածաշրջանային ինքնուրույն գործոն դառնալ։ Հայաստանն, իհարկե, մինչ այդ էլ էր գործոն, նույնիսկ՝ հաղթաթուղթ, բայց՝ խաղաթղթերի «ռուսական տրցակում»։ Եվ Ռուսաստանում այն ընկալումը կար, որ Հայաստանն «իրենց գրպանում է», «ո՞ւր պիտի փախչի»։ Ու դա ժամանակ առ ժամանակ իրական կյանքում մեզ համար նվաստացուցիչ դրսեւորումներ էր ստանում՝ «զուտ որպես բիզնես» Ադրբեջանին մատակարարվող ժամանակակից սպառազինության տեսքով, պարտքի դիմաց ռազմավարական ենթակառուցվածքներ վերցնելու տեսքով եւ այլն։ Հիմա Ռուսաստանի վիճակն ավելի բարդ է՝ պատժամիջոցները խստացվում են, հակառուսական օղակը սեղմվում է, Արեւմուտքն էլ հասկացնում է, որ Հայաստանի հաղթաթուղթն իրենց նույնպես հետաքրքրում է։ Այս իրավիճակում Ռուսաստանը, բնականաբար, պիտի փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ ավելի հարգանքով ու պատասխանատվությամբ հաշվի առնի նաեւ մեր շահերը, իսկ մենք մեր հերթին պիտի ոչ թե փորձենք օգտվել Ռուսաստանի աշխարհաքաղաքական դժվարություններից ու տրվենք «հակառուսական օղակին» միանալու գայթակղությանը, այլ օգտվենք նրանից, որ տարածաշրջանում Հայաստանի կարեւորությունն օրեցօր մեծանում է, եւ հայ-ռուսական հարաբերությունները դարձնենք իսկապես փոխշահավետ եւ իսկապես դաշնակցային։

Հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ շահերի, եւ ոչ թե լիդերների անձնական հարաբերությունների վրա։ Որովհետեւ անձնական հարաբերությունները որքան էլ կարեւոր լինեն (որեւէ մեկը դա չի ժխտում), պետական շահերը միշտ ավելի կարեւոր են։ Եվ, ի դեպ, ավելի տեւական։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...