Կան մարդիկ, որոնք վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսիլք ստեղծեն

- in Կարծիք

«Բոլորը գիտեն, թե ինչ միջոցներ են ծախսվում այսօր, որպեսզի վարկաբեկեն այս կամ այն պաշտոնյային, այս կամ այն գործողությունը»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ վարչապետի՝ դավադիր պատերազմ հրահրողների մասին ելույթը շատ քննարկվեց, ովքե՞ր են դավադիրները:

«Եթե խոսքը գնում է դավադիր պատերազմի մասին, մենք պետք է հասկանանք, որ այսօր քաղաքական դաշտում գործում են երկու խումբ մարդիկ: Կան մարդիկ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում, և կան մարդիկ, որոնք վճարվում են, որպեսզի ընդդիմության տեսիլք ստեղծեն: Վճարվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր անցնում են տարբեր քրեական գործերով կամ ամենայն հավանականությամբ ապագայում կանցնեն, որոնց անունները մենք շատ լավ գիտենք: Ինչ վերաբերում է հողեր հանձնելուն, խոսքը գնում է այն մասին, որ այն մարդիկ, ովքեր այսօր չգիտես ինչու հողեր հանձնելու մասին խոսքը շրջանառության մեջ են դնում, այդ մարդիկ են հենց բանակցել և այդ մարդկանց օրակարգում են  եղել նման տարբերակները: Մենք պետք է օրակարգ չնետենք այն բանը, որը ՀՀ իշխանության ներսում չկա ու նույնիսկ չի քննարկվել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ քաղաքական կառույցները պետք է առանձնացնել անհատներից և փոքրիկ կառույցներից, որոնք թե համացանցում, թե տարբեր լրատվամիջոցներում զբաղված են իշխանության դեմ փողով հոդված գրելով:

«Գիտե՞ք ինչու անուններ չեմ տալիս, որպեսզի իրենց չգովազդեմ: Փող տվողը նրանք են, ովքեր փորձում են պահպանել ժամանակին իրենց գողացածը»,- հավելեց նա:

Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մայիսի 23-ին ՀՅԴ կազմակերպած հանրահավաքին և ՀՅԴ կողմից կառավարությանը ցույց տրված դեղին քարտին:

Ալեն Սիմոնյանն ասել է, որ իրենց դեղին քարտ է ցույց տալիս մի ուժ, որին ժողովուրդն արդեն կարմիր քարտ է ցույց տվել:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...