Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծում կատարվել են որոշակի փոփոխություններ

- in Տնտեսական

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցող,  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց այն և մի շարք այլ փոփոխություններ, որոնք մշակվել են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

«Նախկին խմբագրությամբ սահմանվել էր, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն կառավարության նիստի մի մասը, այլ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց, սակայն ըստ ընդունված առաջարկի այն ձևակերպվում է հետևյալ կերպ՝ կառավարության նիստերը դռնբաց են՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի»,-ասաց Զեյնալյանը:

Փոփոխություն է կատարվել նաև նախարարության առաջարկվող անվան մեջ: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը վերանվանվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության: Նախարարության գործառույթները լրացվել են ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության գործառույթով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունը զբաղվելու է ռազմարդյունաբերության համալիրի արդիականացման, արտադրանքի ստեղծման և արտադրանքի շուկաներում և արտաքին շուկաներում դրանց վաճառքի խթանման հարցերով:

Զեյնալյանի խոսքով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը նախատեսվել է որպես հայեցողական պաշտոն, և սահմանվել են որոշակի չափորոշիչներ՝ նշված պաշտոնում նշանակում կատարելու համար: Նախագծի համաձայն պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող. ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:

Նախագծի ամբողջական ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն

Բնապահպանության նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...