Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Տնտեսական հեղափոխություն. Հիմնարար ուղենինշերը Հայաստանում» թեմայով գիտաժողովին:

Իր ելույթում Փաշինյանն ասաց, որ կառավարության համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունը իրեն ներգրավված զգա այն գործընթացներում, որոնք ՀՀ-ում այսօր կատարվում են:

«Կառավարությունը չպետք է լինի մեկուսացած և պետք է գիտական ու փորձագիտական հանրության հետ լինի մշտական հաղորդակցության մեջ: Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր բոլոր տեսակետները կհամընկնեն: Բայց ես համոզված եմ, որ տեսակետների բախման ու քննարկումների ընթացքում ի հայտ կգան արժեքավոր գաղափարներ, որոնք կիրագործվեն և որոնք ավելի երկարաժամկետ նշանակություն կունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ռազմական ծախսերը ՀՀ բյուջեում ծանրակշիռ տեղ են զբաղեցնում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունն այնպես պետք է անի, որ այս ծախսը ոչ թե բեռ լինի, այլ հնարավորություն լինի տնտեսությունը զարգացնելու:

«Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի սա: Մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցված, որի միջոցով կկարողանանք մեր Զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխան արտադրանք առաջարկել: Բայց նաև մեր նպատակակետը, ինչպես ամբողջ տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարևոր ուղղություն է»,- ասաց նա:

Լավ լուրն, ըստ Փաշինյանի, այն է, որ 21-րդ դարում տնտեսության առաջատար շարժիչ ուժը դարձել են տեխնոլոգիաները: «Ինչո՞ւ է սա լավ լուր մեզ համար, որովհետև տեխնոլոգիաներն այն միջոցն են, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարել մեր տրանսպորտային սահմանափակումները և բազմաթիվ այլ սահմանափակումներ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ եթե 25 տարի առաջ աշխարհի ամենաառաջատար ու թանկարեժք ընկերությունները նրանք էին, որոնք տիրապետում էին նավթին ու գազին, հիմա դա փոխվել է: Եվ փոխվել է այնպես, որ հիմա աշխարհի առաջատար ու հարուստ 20 ընկերություններն այն ընկերություններն են, որոնք հիմնված են նախկինում բնության մեջ գոյություն չունեցող երևույթների վրա: Սա նոր տնտեսակարգի կարևոր առանձնահատկությունն է, որը մեզ համար լավ լուր է, հավելեց վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...