Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը. ուսանողները բողոքում են

- in Կրթություն
Tatron

Երեւանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը: Բուհի խորհրդի 24 անդամներից դեմ են քվեարկել 6-ը: Լիլիթ Արզումանյանը միակ թեկնածուն էր: Ընտրություններն ուղեկցվել են ուսանողների բողոքի ակցիաներով, որոնք շարունակվում են: Ուսանողները փակել են համալսարանի հետնամուտքը և վանկարկում են «նախարար»: Նրանք պահանջում են, որպեսզի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպի իրենց:

Նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը հանդիպեց ակցիա անող ուսանողներին: «Ես երեկ ասացի, որ կներկայացնեմ ինքնաբացարկ, բայց դուք մոռանում եք, որ ես այսօր փաստորեն այդ իրավասությունը չունեմ: Երեկ երեկոյան ես եղել եմ նախարարի մոտ, հավատացեք, որ ես նախարարի մարդը չեմ: Եթե այդպես լիներ, ինքն ինձ գործից չէր հանի: Երեխեք, ես երդվում եմ, էս ամեն ինչը ինձ վրա շատ ծանր է նստում: Ոչ մի ջահելի ես չէի ցանկանա, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրել են, ինչ ես ապրեցի էս երկու օրը: Ես երեկ եղա նախարարի մոտ, բայց խնդրում եմ հասկացեք նաև նախարարին: Նա ներկայացնում է պետություն, ինքն ասաց՝ մենք ձեզ նշանակել ենք ժամանակավոր պաշտոնակատար՝ հաշվի առնելով չափանիշները: Որից հետո հայատարարել ենք մրցույթ, սահմանած ժամանակահատվածը պահել են՝ մեկ ամիս, եղել են երեք թեկնածուներ, մենք ուրախացանք, որ երեք թեկնածուներ եղել են, բայց կա կանոնակարգ ու օրենք, երկու թեկնածուները դուրս են գալիս, որովհետև չեն համապատասխանում չափանիշներին: Ասաց՝ մնացել եք միայն դուք, ինչ եք առաջարկում, դուք ինձ առաջարկում եք խախտել օրենքը, և դուք էլ իրավունք չունեք խախտեք օրենքը»,- մանրամասնեց Լիլիթ Արզումանյանը:
Նա նշեց, որ կասկածում էր ընտրությունների վրա, մտածում էր, որ ընթացքը կփոխեն, և ինքը չի ընտրվի: «Ես այլևս ձեզ ոչինչ չունեմ ասելու, բացի խոստանալուց, որ ձեզ հետ ամենաջերմ, ամենակառուցողական ու ընկերական հարաբերությունները կունենամ: Սրանից ավելի ես ձեզ ոչինչ չեմ կարող խոստանալ»,- հավելեց նորընտիր ռեկտորը:

Ուսանողներն ասում են, որ իրենց մեծամասնությունը դեմ է այն ամենին, ինչ կատարվել է: «Նախարարը թույլ չի տվել, որ հրաժարական տաք, հիմա դուք ունեք հնարավորություն, հրաժարական տվեք: Հայտարարեք, որ հրաժարվում եք այդ ընտրություններից, նորից հայտարարվում են ընտրություններ՝ մի քանի թեկնածուներով, ծրագրերով, նստում ենք, լսում ենք, ուսանողներն էլ են ծանոթանում այդ ծրագրերին: Պետք է անցկացվեն նոր ու ավելի պարզ ընտրություններին»,- պահանջում են ուսանողները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, ովքեր ժամեր շարունակ փակել էին ինստիտուտի ելքերն ու մուտքերը՝ բողոքելով ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության դեմ, ընդունեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու առաջարկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուսանողների 7 հոգանոց խումբը, քննարկելով իրենց ներկայացված առաջարկը, ուղևորվեց ԿԳ նախարարի հետ հանդիպման: Ուսանողները նաև բացեցին բուհի դռները:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի պաշտոնում մայիսի 22-ին ընտրվել էր միակ թեկնածու, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 14 կողմ, 9 դեմ. 1 թերթիկ անվավեր է ճանաչվել:

ԵԹԿՊԻ ռեկտորի ընտրության արդյունքների հրապարակումից հետո ուսանողները սկսել էին բողոքի ակցիա իրականացնել բուհում: Նրանք պահանջում էին Լիլիթ Արզումանյանի հրաժարականը և կրկնում այլընտրանքային թեկնածուի անհրաժեշտության մասին իրենց պնդումը: