Կորուսյալ հայրենիքի կենդանի երգերն ու նվագները «Տաղարանի» համերգին – Լուսանկարներ

- in Մշակույթ

2019 թ. մայիսի 16-ի համերգին «Տաղարանը» կատարեց Բալուի, Կարինի, Մուսա լեռան, Խլաթի, Բաղեշի հայ ավանդական երգեր և նվագներ: Այն խորագրված էր համերգին հնչած երգերից մեկի անվամբ՝ «Աղկեկ աղջիկ, դուռը բաց»:

Հայի՝ սերնդից սերունդ հաղորդվող կարոտի, անդարմանելի կսկիծի և ափսոսանքի զգացումը բխում է մեր նախնյաց կորցրած հայրենի հողի ու ջրի, ծաղկուն քաղաքների և շեների մասին հիշողությունից: Ու քանի հայ անհատը կրում է իր արմատների զգացողությունը, քանի անհաշտ է այդ կորուստների իրողությանը, նա անպարտ է, քանի որ կորուսյալը մի օր վերադարձնելու տենչն ու վճռականությունը հենց այդ անհաշտության մեջ է անթեղված… Կորուսյալ հայրենիքի մասին հիշողությունը կենդանի մարմին է առնում նաև այն ժամանակ, երբ մոռացության փոշուց մաքրվում, մշակվում և նոր հունչով կատարվում են մեր ապուպապերի երգերն ու նվագները՝ սիրո, պանդխտության, աշխատանքի, պայքարի ու դիմադրության: Նման երգերն ու նվագները տասնամյակներ շարունակ հնչել են և շարունակում են հնչել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգներին՝ ամեն անգամ, ասես, հիշեցնելով մեր ծագումը, մեր կարողությունը, մեր նախնյաց կերտած արժեքային համակարգը, վերականգնելով մեր հիշողության մեջ հայրենի տեղանուններ, որ բնիկ հայկական են, և որոնցում արարվել է զմայլելի երաժշտական արվեստ: Այդ արվեստը կորստից փրկելու գործն է հանձն առել «Տաղարանի» գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մաեստրո Սեդրակ Երկանյանը՝ երաժշտական բանահավաքչական նյութերից քաղելով և մշակելով Բալուի, Բաղեշի (Բիթլիս), Կարինի (Էրզրում), Խլաթի, Մուսա լեռան և այլ հայոց բնիկ բնակավայրերի երգերի ու նվագների մի հարուստ փունջ, որն էլ հենց ներկայացվեց մայիսի 16-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը կայացած համերգին: Ու ամեն կատարման հետ կենդանի տեսլացան Բալուի հող ու ջրի հետ խոսք ու զրույցի բռնված սիրող սրտերի տենչերը, կորուսյալ հայրենիքի լեռների, ծովակների ալիքումները, Մուսա լեռան բարձրադիր հովիտների պատկերները, Կարնո սանորակ աղբյուրների քով, բարձրադիր վայրերում՝ վանքերի գավիթներում քոչարիներ թնդացնող և նուրբ-կանացի պարող ուխտավորները… Տարբեր տարածաշրջաններից առնված երգերը կատարեցին «Տաղարանի» մեներգիչները՝ Լուսինե Մարկոսյանը, Պերճ Քարազյանը, Գալինա Ցոլակյանը, Հովսեփ Նշանյանը և հրավիրյալ երգչուհիներ Գայանե Ղամբարյանն ու Անի Մանվելին: Հանդիսականը, արվեստի ուժից դրդված, երգերի հունչ ու մեղեդով մտովի տեղափոխվեց Կարնո հնամենի վանքեր, խառնվեց դրանց քով ուխտի եկած, պար բռնած ջահել-ահելին, ազատորեն շնչեց լեռնային օդի զովությունը, մրմունջով ձայնակցեց հերոսականչերին, խնդաց սիրո կատակերգերի տրամադրությամբ, քնքուշ զգացումներով տոգորվեց օրոցքի երգի հնչմանը… Մենք էլ, ուրեմն, «Տաղարանի» ձայնարկությամբ մտովի շրջենք մեր նախնյաց հողերում…

ԴԵՊԻ ԲԱԼՈՒ՝ ՕՐՈՐՈՑԱՅԻՆՈՎ ԵՎ ՍԻՐԵՐԳԵՐՈՎ

Արևմտյան Հայաստանում՝ Արածանի գետի ստորին հոսանքի և նրա աջակողմյան վտակ Փերիի միախառնման վայրում է Բալու գավառակը՝ բարեբեր հողերով, մեղմ կլիմայով, հարուստ ջրային պաշարներով, շրջապատված լեռներով: Մեծ եղեռնի տարիներին գավառակը ամբողջապես հայաթափվել է. եթե 19-րդ դարասկզբին այստեղ ապրում էր շուրջ 70 հազար հայ, ապա 20-րդ դարակեսին այստեղ 700 հայ կար, այն էլ՝ բռնի թրքացած: Կորուսյան հայրենիքում են մնացել Բալուի անառիկ բերդերը, որ ուրարտական ժամանակների կառույցներ են, Քաղցրահայաց Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Սահակ, Ս. Կիրակոս ու էլի շատ եկեղեցիներ և բազում լեգենդներ պտղագործ, խաղողագործ, կտավագործ, արհեստավոր հայերի մասին: Ասում են՝ Մեստրոպ լեռը կոչվել է՝ ի նշանավորումն այն փաստի, որ ՄեսրոպՄաշտոցն այս լեռան գագաթին գտնվող բերդում մնացել է յոթ շաբաթ և լրացրել հայոց այբուբենի տառերը:

Ահա այս լեգենդար վայրերի երգարվեստի սիրուն նմուշներն է վերակենդանացրել Մաեստրո Սեդրակ Երկանյանը: Վերջինիս վկայությամբ՝ Բալուի շրջանի երգարվեստի պաշարներում հսկայական նյութ կա: «Իր բարբառային առանձնահատկություններով, երաժշտական մտածողությամբ իրենց առանձնահատկություններն ունեն այդ երգերը,- ասում է Մաեստրոն,- բայց նույն մշակույթն է, նույն հողն է, սերը առ հող, սերը առ սեր»:

Բալուի շրջանի երգարվեստից առնված գանձերի հիման վրա են կառուցված «Աղկեկ աղջիկ, Տալ-տալա», «Զարդար քուրիկ» սիրերգերը: Դրանք մատուցեց համույթի մեներգիչ Պերճ Քարազյանը, որի կատարումը՝ շաղախված կատակային երանգներով, հետաքրքիր էր նաև երգի լեզվական-բարբառային ինչ-ինչ առանձնահատկություններով: Բալուի երաժշտական բանարվեստի մշակումների շարքում հերթականը լինելով՝ այս երգշարը վկայությունն է այն բանի, որ չնայած այլ մշակույթների ազդեցությանը, հայ երգարվեստը կարողացել է պահպանել իր նախնական անաղարտությունը: «Բալուն ամենահետաքրքիր շրջաններից է իր երաժշտական ֆոլկլորի տեսանկյունից,- ասում է Մաեստրո Սեդրակ Երկանյանը:- Գտնվելով Պատմական Հայաստանի գրեթե ծայր արևմուտքում՝ այն, կարծես թե, ավելի շատ է ենթակա եղել օտարազգիների, զանազան ժողովուրդների մշակութային ներգործություններին, բայց զարմանալիորեն մնացել է բավական հայեցի և իր լեզվական-բարբառային առանձնահատկությունների մեջ ունի արևելահայերենի «աշխարհ»: Այս առումով, Բալուի տարածաշրջանի երաժշտարվեստը շատ հետաքրքիր է»:

Պերճ Քարազյանի կատարումները սիրազեղ էին, գեղջկական պարզ ու շիտակ աշխարհում ապրող մարդու ապրումներն արտացոլող, ուրախ – անհոգ, բնությանը մոտ, բնությանը ներդաշնակ…

Մի սիրուն նմուշ էլ՝ «Բալուի օրորոցայինը», կատարեց Գալինա Ցոլակյանը՝ քնքշության և սիրո միահյուս հնչումով: Այն քնարական մի զեղում էր սիրերգերի, քոչարիների զանազանակերպ աշխարհում, հերթական գոհարը՝ Սեդրակ Երկանյանի հեղինակային ձեռագրով մշակված բարձրարվեստ երաժշտական կտավների շարքում:

ՔՈՉԱՐԻՆԵՐ ԵՎ ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ՏԱՂԵՐ ԿԱՐԻՆԻՑ

Ս. Երկանյանի հեղինակած «Կարնո քոչարիները» հանդիսականին տեղափոխեցին դեպի Եփրատ գետի ձախ ափին գտնվող Կարնո (Էրզրում) հնագույն հայկական բնակավայր՝ Այծպտկունք լեռան հյուսիսարևմտյան լանջեր՝ հարավից՝ Հավատամք լեռան բլրաշարերը, արևելքում Դավաբոյնի լեռնաշղթան, հյուսիսում և արևմուտքում տարածվող Կարնո դաշտով: Կարնո զով ու առողջարար բնության գրկում, 500 հորդառատ և սառնորակ աղբյուրների քով, վանքերի գավիթներում կամ հայտնի բերդաքաղաքի մատույցներում ժողովրդական տոնախմբություններին են հնչել քոչարիները, որ մոռացության փոշիներից մաքրել, նոր փայլով մեր օրերում բեմերից հնչեցնում է Մաեստրո Սեդրակ Երկանյանը:

Մաեստրոն ինքն էլ արմատներով կարնեցի է, և ուրեմն, պատահական չէր, որ հայկական բազում տարաշրջաններից քաղված բանահյուսական նյութերի շարքում անդրադարձել է նաև Կարնո երաժշտարվեստին: «Քոչարիները միմյանցից շատ չեն տարբերվում,- ասում է նա,- բայց կարծում եմ, յուրահատուկ բաներ կան, որ Կարնո պարեղանակները մյուսներից տարբերակելի են դարձնում: Մեր ականջին սովոր քոչարիների համեմատ՝ ունկնդիրը տարբերություններ կնկատի: Քոչարիների շարք եմ անվանել, քանի որ ներսում կան մի քանի քոչարիներ, բայց իր մեջ և՛ շորոր ունի, և՛ վերվերի: Մի ամբողջ պարային աշխարհ է»:

Հնչեց «Կարնո քոչարիները», որը զանազան պարեղանակների սահուն անցումներով կառուցված ստեղծագործություն է՝ մերթ խրոխտ-առնական, մերթ կանացի նրբագեղ շարժման երևութականությամբ, մերթ ժողովրդական տոնակատարության աշխուժությամբ լեցուն: Քոչարիների շարքերն ազգային ոգու նկարագիրը տեսանելիորեն ներկայացնող համայնապատկերներ են, և դրանցից համերգին կատարվեց նաև «Ջավախքի քոչարիները»:

Կարնո երաժշտարվեստը ներկայացվեց նաև մի սիրերգով. «Խոտորջուրի ջուրն է մոտիկ» երգը կատարեցին Պերճ Քարազյանն ու Հովսեփ Նշանյանը:

ՍԻՐՈ ԽՈՍՏՄԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ. ԽԼԱԹ, ԲԱՂԵՇ

Վանի հետ իր գեղատեսիլ դիրքով, ակնահաճո համայնապատկերով մրցակցող Խլաթը Վանա լճի արևմտյան ափին էր, բարձրադիր հարթավայրում, որից դեպի լիճ են հոսում մի քանի սրընթաց գետակներ: Հարավում՝ Վանա լիճը, հարավ-արևելք և արևմուտքից երևացող Նեմրութի և Սիփանի բարձրագագաթները բնակավայրը դարձրել են ակնահաճո, իսկ այս նավահանգիստ-քաղաքը հնագույն ժամանակներից հիմնած հայերն ունեցել են արհեստագործների և առևտրականների մեծ համբավ, այստեղ զարգացել են արհեստներն ու արվեստները: Իսկ Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս ու Բյուրակնյան լեռներ, մինչև Տիգրիս է տարածվում Բաղեշը՝ նույնանուն կենտրոնով (Բիթլիս): Պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհների մաս կազմող Բաղեշը Տավրոսի լեռնաշղթայով արևմուտքից արևելք բաժանվում է երկու մասի: Հյուսիսային մասում՝ Արածանիի հարթ հովիտը՝ Մշո և Մանազկերտի դաշտերով, հարավային մասում՝ Տավրոսից մինչև Տիգրիս ընկած լեռները: Մեծ Եղեռնի նախօրեին նահանգի հայ բնակչության թիվը մոտավորապես երկու հարյուր հազար էր, որից միայն հիսունվեց հազարն է փրկվել կոտորածից՝ գաղթելով կամ բռնի մահմեդականացվելով: Նույն տարիներին Խլաթի հայ բնակչությունն ընդհանրապես վերացել է՝ թողնելով պատմագիրների թանկարժեք վկայություններ քաղաքի պանծալի անցյալի, գիտնականների, նիստուկացի մասին:

Բանահավաքչական նյութերում հանդիպում են Խլաթի,Բիթլիսի երգարվեստի հազվագյուտ նմուշներ, որոնցից մեկը Սեդրակ Երկանյանի «Սիրիր իմ, կառնիմ» երգի ատաղձն է դարձել: Այս սիրերգն էլ «Տաղարանի» համերգին կատարեց Գայանե Ղամբարյանը:

«ՊԱՐԵՐԳ ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ»

Մուսա լեռան վեց հայկական գյուղերը՝ Քեբուսինե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որ շրջապատված էին մուսուլմաններով, անձնվիրաբար տարել են թուրքական լուծը, բայց երբեք չեն խոնարհվել: Կիլիկյան Հայաստանի ծայրամասում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Մուսա լեռը, որ թարգմանվում է՝ որպես «մտքի լեռ», պատսպարանն ու բնական ամրությունն էր հայության, որը հզոր կերպով դիմակայեց թուրք ջարդարարներին՝ տալով հերոսության և կամքի անկրկնելի օրինակներին: Արդյունքում հայ ինքնապաշտպանների մեծ մասը ֆրանսական և անգլիական նավերով տեղափոխվեց Եգիպտոս՝ կորցնելով, սակայն, բնիկ հողերն ու սերունդներին հաղորդելով կորուսյալ հայրենիք վերադարձի պատգամը: Մեր պատմական հայրենիքի այն վեհապանծ վայրերից է առնված «Մուսա լեռան պարերգը», որ կատարեց Լուսինե Մարկոսյան, Հովսեփ Նշանյան, Պերճ Քարազյան երգչական խումբը:

Համերգին հնչեցին այլ սիրերգեր ևս՝ մենակատարումներով, զուգերգերով, երգչական ողջ կազմով՝ մեկը մյուսից երաժշտական գեղագրությամբ տարբերվող, ժողովրդական երգի ակունքների մաքրությամբ, հուզական անկեղծ լիցքով…

Այս համերգը ևս մի վկայությունն էր այն բանի, որ Ս. Երկանյանը գեղարվեստական բարձր ընդհանրացման է հասցնում ժողովրդական երաժշտական կերպարները՝ կոմպոզիտորական իր շնորհը ծառայեցնելով ժողովրդական երգի ոգուն, նրա ներքին հնարավորությունների ու հարստությունների բացահայտմանն ու կատարելագործմանը:

Հասմիկ Սարգսյան

На данном изображении может находиться: 1 человек, стоит, костюм и в помещенииНа данном изображении может находиться: один или несколько человек и в помещенииНа данном изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещенииНа данном изображении может находиться: 2 человека, в помещении

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...