Կքննարկվի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը. ԱԺ արտահերթ նիստը մայիսի 22-ին չի լինի

- in Պաշտոնական
AJ

Մայիսի 22-ին ԱԺ արտահերթ նիստ չի հրավիրվի, ԱԺ նախագահը պետք է որոշի, թե երբ է հրավիրվում նիստը: Այս մասին ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը Լուսավոր Հայաստան խմբակցությանն է, որի օրակարգում պետք է լինի դատաիրավական ոլորտի վերաբերյալ վերջին օրերի զարգացումների հարցը: Այսօր՝ ավելի վաղ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենց նախաձեռնությանը միացել են նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության 18 պատգամավորներ։

«Համաձայն Իմ քայլը խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»,- գրել էր Մարուքյանը:

Ի պատասխան Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ Լուսավոր Հայաստանը չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ այն ձևակերպումներով, որոնք առաջարկվել է:

Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նիստը հրավիրվելու է, բայց ոչ վաղը: «Աժ ղեկավարությունն է որոշում, թող որոշի: Ես ժամկետ էի ասել, բայց հետո ասացին՝ չէ, սխալ եք հասկացել: Մենք էլ ասացինք՝ լավ, դե դուք ասեք, թե երբ»,- նշեց նա: Մարուքյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում պետք է արտահերթ նիստը հրավիրվի: Նիստը պետք է պարտադիր հրավիրվի, դրանից հետո պարզ կդառնա՝ նիստի անցկացման համար քվորում կլինի, թե՞ ոչ:

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը մշակում է դատավորների վեթինգի մասին նախագիծ, այսօր խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այսօրվանից սկսած ավելի ինտենսիվ այդ ուղղությամբ աշխատելու ենք: Ես այս պահին որևէ տեղեկատվություն չեմ կարող ձեզ ասել, որովհետև աշխատանքային փուլում որևէ գործիքակազմի մասին խոսելը տրամաբանական չի կարող լինել: Բայց հնարավորինս սեղմ ժամկետներում մենք կունենանք նախագիծ»,- ասաց նա:

Մակունցը նաև հավելեց, որ այսօրվա նիստում Իմ քայլը որոշում է կայացրել ապրիլյան պատերազմի հարցով Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում կներառեն և ապրիլյան պատերազմի, և ջրօգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հարցերը: Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողով ստեղծելու աշխատանքները ղեկավարելու է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Ըստ Մակունցի՝ հանձնաժողովը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում ստեղծվի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...