Հայաստան-2019. ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից

- in Ով ով է ...

Թավշյա հեղափոխության հետեւանքով Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո մեկ տարի անց երկրում ամենաքննարկվող թեման այդ կառավարության գործունեության արդյունքներն են:

Հաշվի առնելով այն, որ պետական կառավարման համակարգից իշխող ՀՀԿ-ի հեռացման փաստն ի սկզբանե ուղեկցվում էր տարատեսակ խուճապային մարգարեություններով, ներկայիս վիճակն ուշագրավ է բազմաթիվ տեսանկյուններից:

Շատերի համար անհասկանալի մնաց, թե ինչպես արմատական քաղաքական վերափոխումների պայմաններում երկրի տնտեսական վիճակը զերծ մնաց կտրուկ ցնցումներից:
Սովորաբար այդպիսի իրավիճակներում տնտեսական անկում եւ երկրի ֆինանսական հյուծվածություն է նկատվում: Երկրից կապիտալի մեծածավալ արտահոսքի միտում եւս չեղավ: Նման իրավիճակն ավելի շուտ պայմանավորված է նրանով, որ նոր իշխանությունները հրաժարվեցին սեփականության վերաբաշխման եւ սեփականազրկման սովորական «հետհեղափոխական» գործելակերպից: Բայցեւայնպես՝ երկրի զարգացման հեռանկարները պարզաբանելու նպատակով նկարագրված երեւույթը մանրակրկիտ վերլուծություն է պահանջում:
Առայժմ կարելի է նշել, որ կառավարությունը վարում է շուկայական տնտեսության եւ ազատ մրցակցության համար պայմաններ ստեղծելու ուղեգիծ, որն ուղեկցվում է հարաճուն սոցիալական ծրագրերով ու նպատակային լրավճարների հատկացմամբ: Բյուջետային մուտքերի աճը թույլ է տալիս վարել այդպիսի քաղաքականություն: Սակայն հարկային օրենսդրության փոփոխություններն արդեն հարուցում են շատ շրջանակների դժգոհությունը: Ամենաշատը քննադատության է ենթարկվում համահարթ հարկման սկզբունքը: Կառավարության եւ խոշոր տնտեսվարողների, ինչպես նաեւ աշխատավորական կոլեկտիվների ու ձեռնարկությունների տնօրինությունների միջեւ պարբերաբար ծագող ճգնաժամները ֆինանսական-տնտեսական ոլորտի իրավական չկարգավորվածության վկայությունն են:

Չնայած որ Հայաստանի վարչապետը մշտապես հայտարարում է քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտների ինստիտուցիոնալ կարգավորման անհրաժեշտության մասին, ամբողջ երկիրը կախված է այդ մեկ մարդու կամքից: Քաղաքական դաշտի որեւէ կառուցվածքային փոփոխություն առայժմ տեղի չի ունենում: Իշխանությունները չեն ուզում հրաժարվել նախկիններից ժառանգած՝ սուպերվարչապետության կարգավիճակն օրինականացնող օրենսդրությունից, խոսակցություններ չկան նաեւ Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու մտադրության մասին: Կուսակցությունների մասին գործող օրենքը պայմաններ չի ստեղծում նոր կուսակցությունների ձեւավորման համար: Արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անդեմ վիճակում է, իսկ ընդդիմություն ավելի շատ դրսեւորվում է լրատվամիջոցներում, քան կուսակցությունների կողմից:

Ամենեւին պատահական չէ, որ բանավեճ ծագեց խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ: Անախորժ այս գործչի՝ պատգամավորական մանդատ ունենալու իրավունքի շուրջ վեճը մասնավոր դեպք չէ: Այս վեճում դրսեւորվում է ձեռնարկատիրության եւ քաղաքականության տարանջատման սկզբունքը կարգավորող օրենսդրության անկատարությունը: Կազմաքանդված օլիգարխիկ համակարգի ստվերը տակավին կախված է Հայաստանի քաղաքական դաշտի վրա: Սեփականության իրավական չպաշտպանվածությունը թույլ չի տալիս քաղաքականությունը դուրս բերել կապիտալի թելադրանքից:

Հույսերը, թե խնդիրը հնարավոր է լուծել «փափուկ ուժի» միջոցով՝ պատրանքային են: Հարեւան Վրաստանի փորձը վկայում է, որ մեկ մարդու կամքի վրա հիմնված պետական կարգը երկար չի պահպանվել չի կարող:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...