Հայ բոլշևիկները երեկ և այսօր

- in Կարծիք
Hayastan

Պատմությունը նման է մատերիային. Նա էլ, մատերիայի նման, մի իրականություն է, որը գոյություն ունի մեր գիտակցությունից անկախ և նրանից դուրս:

Անկախ նրանից, թե որքանով է թեժ 2019-ի ներհայաստանյան մայիսը, նույն 2019-ի մայիսի 28-ին մեզ է ներկայանում հերթական մի 100-ամյակ, այս անգամ արդեն միացյալ, ազատ ու անկախ Հայաստանի հռչակման 100-ամյակը: Բավականին մեծ թվով հեղինակներ, հատկապես օտարազգի պատմաբաններ, հենց այդ օրն են համարում որպես հայկական անկախ պետության հռչակման օր, այլ ոչ թե 1918թ. նույն օրը: Եթե, ինչպես ասում են, «գործերը լավ ընթանային», հնարավոր էր սպասել, որ քաղաքական տեսակետից հայկական պետականության իրական վերականգնման այդ հռչակագրի 100-ամյակը մեզանում նշվեր հավուր պատշաճի: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ թեև Անկախն ու Միացյալը չկայացավ, բայց ընդամենը հաշված ամիսների ընթացքում Հայաստանի այդօրվա իշխանությունը կարողացավ զգալիորեն ընդլայնել պետության սահմանները, և քեմալա-բոլշևիկյան ներխուժման նախօրեին այդ պետության տարածքը կազմում էր ավելի քան 75000 քառ. կմ:

Բայց մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը «Կալինկայով» ու «Տրի տանկիստով» նշելուց հետո Անկախ ու Միացյալի 100-ամյակը պետական մակարդակով նշելու մասին ոնց որ թե դեռևս խոսք չկա: Եթե անկեղծ լինենք, այդ 100-ամյակն իրականում ավելի շատ նախազգուշանալու և անսխալ գործելու հրամայականներ է պարունակում, քան տոնական հանդիսությունների տրամադրություն: Քանզի առկա է այսօրվա և 100 տարվա վաղեմության օրերի քաղաքական առումով` հենց Միացյալ ու Անկախի տեսակետից բավականին նմանություն: Ճիշտ է, այսօրվա Հայաստանը այն հողակտորը չէ, որտեղ, ճամանակացի բնութագրմամբ «լցված է որբերով ու գաղթականներով, որոնք կարող ընդամենը մեռնել առանց մորթվելու»: Բայց իրական անկախության և ինքնիշխանության խնդիրը այսօր էլ կախված է օդում և պահանջում է իր լուծումը: Որքան էլ զարմանալի է, դրանց է արդեն միացել նաև սկզբից միանգամայն անլուրջ և որպես արհեստածին ընկալվող այսօրվա Միացյալ Հայաստանի խնդիրը, որն սկզբից օրակարգում չկար, քանզի մեր բոլորի համոզմամբ, նման խնդիր չէր կարող ի հայտ գալ առհասարակ, ինչպես ասում են` «դատարկ տեղը»: Արտաքին խաղացողները, ըստ էության, մնացել են նույնը. Ժպտացող, բայց ընկերություն անել չցանկացող Արևմուտքը, ժամերի ընթացքում մեզ ոչնչացնել սպառնացող Թուրքիան, ամբողջ Հայաստանը իր պատմական վաթան համարող Ադրբեջանը, ոչ թշնամի, բայց ավելի շատ ոչ բարեկամ Վրաստանը, իր շահերից ելնելով մեզ «բավականին լավ վերաբերվող» հինգհազարամյա Արևելյան պարսից կայսրությունը և, իհարկե, Հայաստանի անկախության մասին լսելիս ասես մի բուռ դառը նուշ ուտելուց հետո դեմքը ծռմռող Ռուսաստանը, որի համար, ասենք, իր կենտրոնում անկլավ հանդիսացող Թաթարստանի անկախությունն ավելի հավանական ու ընդունելի թվացող բան է, քան իրենից այդքան հեռու գտնվող Հայաստանի ինքնիշխանությունը:

Բայց խոսքն այսօր գրեթե անփոփոխ մնացած արտաքին խաղացողների ու գործոնների մասին չէ, որոնց մի մասը ոչինչ չարեց, որպեսզի քարտեզին դեռևս նոր հայտնված և աշխարհին ոչ մի սպառնալիք չներկայացնող Հայաստանը ոչ միայն չդառնա Միացյալ ու Անկախ, այլ գոնե չբզկտվի Կովկասում կրկին հայտնված, ռուսաստանցի պրոֆեսոր Զուբովի ձևակերպմամբ` երկու երիտասարդ գիշատիչների`քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև, իսկ մյուսներն էլ, ինչպես ասվեց, ծվեն-ծվեն արեցին Հայաստանի Հանրապետություն կոչվող նորանկախ պետությունը: Դրանք եղել են, կան և կմնան, և մենք չենք ունեցել, չունենք և բացառվում է, որ երբևիցե ունենանք այն ուժը, որ կարողանանք մեր օգտին «աշխատեցնել» այդ գործոնները:

Խոսքը մեզանում գոյություն ունեցած, այսօր էլ գոյություն ունեցող ու գործող այն ուժի մասին է, որն այն օրերին մեծապես նպաստեց, իսկ այսօր էլ ամեն ինչ անում է հայկական պետականությունը վերացնելու, օտարի լծի տակ գցելու համար: Խոսքը հայության ներսում գոյություն ունեցող ու միշտ գործող, մշտարթուն հինգերորդ շարասյան մասին է: Հայկական պետության կործանման հարցում օտար ուժին սատարող, հանուն նրա շահերի բուռն պետականակործան գործունեություն ծավալած հայազգի այդ խավին Առաջին Հանրապետության օրոք անվանում էին հայ բոլշևիկներ: Եվ գաղափարական ու քաղաքական ասպարեզներում նույնացնում նրանց կոմունիստների, մարքսիստների հետ: Եվ Առաջին Հանրապետության կործանումը` նաև նրանց ջանքերի շնորհիվ, ներկայացնում որպես քաղաքական ու գաղափարական պայքարի հետևանք և արդյունք:

Մեր խորը համոզմամբ, դա բացարձակապես այդպես չէ: Այդօրվա Հայաստանում չկար այն նվազագույն չափանիշներով սոցիալական բազան, որտեղ կարող էին ընկնել և ծիլեր տալ մարքսիստական-կոմունիստական գաղափարները: Ուստիև այդօրվա հայկական պետության կործանումն այդչափ տենչացող և նրա կործանման համար ջանք չխնայող հայ բոլշևիկներ անվանվող շերտը ոչ մի իրական աղերսներ չուներ ոչ մարքսիզմի, ոչ կոմունիզմի և ոչ էլ սոցիալիզմի հետ: Դա տվյալ ազգի մարմնի վրա գոյատևող սովորական կոլաբորացիոնիստների մի խումբ էր, որի նպատակն ավելի քան պարզ էր. սատարելով օտար ուժին, կործանել հայկական պետականությունը և այդ ավերակների վրա, այդ օտար ուժի հովանու տակ` կառավարել: Եվ կառավարիչ-հարկահավաք նշանակվել ոչ թե սեփական ժողովրդի կամքով, այլ գերիշխող օտարի ողորմածությամբ: Իսկ այդ գերիշխողի բարեհաճությանն ու ողորմությանը արժանանալու համար միայն պետության կործանումը համարվեց ոչ բավարար: Այդ պետության խորհրդանիշներ հանդիսացող շատ անձինք հայ բոլշևիկների ձեռքով ենթարկվեցին այնպիսի հալածանքների, որոնք իրենց արժանի տեղն ունեն հայերի հանդեպ օտարի կատարած գազանությունների կողքին:

Այնպես որ, 1920 թ. դեպքերի առումով խոսել դաշնակցության և կոմունիստների միջև իբր ծավալված և ընթացող քաղաքական, կամ էլ գաղափարական պայքարի մասին, առնվազն անլուրջ է, և նույնիսկ` ծիծաղելի: Պարզապես մի խումբ դավաճաններ-կոլաբորացիոնիստներ, թեկուզև զուտ ավերակների վրա իշխելու մոլուցքով, հագան բոլշևիկյան շինելներ` այդօրվա օտար նվաճողը գալիս էր այդ տարազով, և երկիրը նետելով նրանց ոտքերի տակ, ստացան տեղական կառավարիչների պաշտոններ:

Բայց, ինչպես ռուսն է ասում, Недолго музыка играла, недолго фраер танцевал: Փառք Աստծո, այսօր այդ հնարավորությունը կա. Մի հատ նայեք Հայաստանը քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի ոտքերի տակ նետած հայ բոլշևիկների լուսանկարներին Հայաստանը գրավելու օրերին և նույն անձանց профиль-анфас լուսանկարները անցած դարի երեսնականների վերջերին` ՉեԿա-յի խցերում համապատասխան մշակման ենթարկվելուց հետո: Դրանց բոլորին էլ այսօր մեզանից շատերը գիտեն անուն-առ անուն: Իսկ ով որ չգիտի, խորհուրդ կտանք ծանոթանալ նրանց «կյանքին ու գործունեությանը» ու եզրակացություն անել, թե ինչպիսին է լինում դավաճանի վերջը:

Նման անձինք մեզանում եղել ու գործել են նաև նախորդ դարերում: Այնպես որ, եթե խոսքը տեսակի ու էության, ձեռագրի ու գործելաոճի մասին է, ապա հայ բոլշևիկները, որպես խավ, մեզանում ձևավորվել ու գործել են դարերի խորքից` ռուսաստանյան բոլշևիկներից շատ ու շատ առաջ:

Անցան տասնամյակներ, պատմության գիրկը գնացին բոլշևիկյան Ռուսաստանը, նրա բոլշևիկյան կուսակցությունն ու այնտեղի տարբեր եռանդի ու մաստի բոլշևիկները, բայց չվերացան և այսօր էլ գործում, ավելի ճիշտ կրկին մարտնչում են, բնականաբար, հայկական պետականության դեմ, այսօրվա հայ բոլշևիկները: Շնորհիվ անցած տարվա հեղափոխության, վերջին պահին հնարավոր եղավ կասեցնել Հայաստանի Հանրապետության գահավիժումը դեպի պետական սուբյեկտության վերջնական կորստյան անդունդը: Բայց էդ մարդիկ չեն կանգ առնում: Հիմա էլ սկսվել է ինտենսիվորեն` ամենահանցավոր ու ազգակործան տարբերակներով ժամանակին հայ քաղաքական ու դիվանիգիտական մտքի «կորիֆեյների» ասպարեզ նետած Արցախի անկախության անհեթեթ գաղափարը: Ասպարեզ նետած այդ «խորամանկությունն էր», որ Արցախն Ադրբեջանի ճիրաններից պոկելուց հետո չիրականացվեց Միացումը: Իսկ այսօր  ակնհայտորեն իրականացվում է Արցախը արդեն Հայաստանի Հանրապետությունից անջատելու գործընթացը: Եվ այդ ազգադավ գործընթացի առաջին շարքերում են, ըստ ավանդույթի, հայ բոլշևիկները: Այսօրվա հայ բոլշևիկները: Որոնց բոլորին այսօր էլ գիտենք անուն առ անուն: Այստեղ ինչ-ինչ անուններ թվարկելն անիմաստ է. բոլորը, ներառյալ երկրի պատկան մարմինները, իրոք բոլորին էլ լավ գիտեն ու ճանաչում են:

Բայց մի անձի և նրա այսօրա գործունեությանը` իմ անձնական ընկալումներով ու եզրակացություններով, պարտադիր կկիսվեմ: Խոսքը ՀՀ երկրորդ նախագահի և նրա այսօրվա ծավալած գործունեության մասին է: Կրկնեմ, իմ անձնական ընկալմամբ, Քոչարյան Ռոբերտի այսօրվա ծավալած գործունեությունը ոչ թե պայքար է իր անմեղությունն ապացուցելու համար,- ինչի համար կա դատարան, որը փառք Աստծո, իր պաշտոնավարման շրջանի դատարանը չէ, այլ պայքար է ընդդեմ հայկական պետականության: Ըստ իրեն մեղսագրվող արարքների, նա խարխլել է հայկական պետականությունը` Բաղրամյան 26-ի ճաղերի հետևում պատսպարված, հիմա էլ շարունակում է նույնը` արդեն մեկուսարանի ճաղերով պատսպարված:

… Միացյալ ու Անկախ Հայաստանի հռչակման 100-ամյակի ֆոնի վրա է ծավալվում մեր նորագույն շրջանի կարևորագույն արդարադատական գործընթացը: Այսօրվա Հայաստանի Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի և հայկական ազգանուններով որոշ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը Արցախը  հակադրելու ֆոնի վրա էլ մոտենում է Միացյալ ու Անկախ Հայաստանի հռչակման 100-ամյակը: Կենացներից ձեռնպահ մնանք: Շտապ կերպով չեզոքացնենք այսօրվա հայ բոլշևիկներին: Իր ֆունկցիան այստեղ ունի թե հասարակությունը, թե պետությունը: Պետք չէ անտեսել թիվ մեկ բոլշևիկի այն խոսքը, որ «ցանկացած հեղափոխություն միայն այն դեպքում մի բան արժի, եթե նա ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել»:

Իսկ Միացյալի և Անկախի 100-ամյակի կապակցությամբ սպասվում է, որ  իրենց ծանրակշիռ քաղաքական խոսքը կասեն այսօրվա Միացյալ և Անկախ Հայաստանի այսօրվա դրոշակակիրները: Որոնց նույնպես բոլորս գիտենք…

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...