Հիմա այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում. նախարարը՝ վարչապետի այցելած գործարանի մասին

- in Տնտեսական

Որքանո՞վ են իրենց նպատակին ծառայում ներդրումային ծրագրերի համար կառավարության տված արտոնությունները: Այս հարցը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետին զեկուցել է, որ էական խնդիրներ չկան և արտոնություններով իրականացված ներկրումները 90 տոկոսը և ավելին ծառայում են իրենց նպատակներին: «Մամուլում տեղեկություններ են լինում, որ այս կամ այն ընկերությունը, որ արտոնություն է ստացել, խնդիրներ ունի։ Բայց ես հույս ունեմ նաև, որ մամուլի այդ հրապարակումները որոշակի ուղղորդում են, որ կոնկրետ էդ տեղերը ստուգվեն և հասկանանք ինչքանով են համապատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը: Նախարար Խաչատրյանն ասաց, որ այս շաբաթվա ընթացքում արդեն հաստատվեց՝ կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպությունում աշխատանք է ընթանում:

«Ինձ զեկուցել են, որ այդ թեմայով ամենօրյա ռեժիմով հրապարակումներ կան, որ այդտեղ չգիտեմ ինչ է տեղի ունեցել։ Դա քաղաքական ենթատեքստ էլ ունի, ուշադրությունը մեծ է, որ արձանագրվի, որ մենք գնացել ինչ-որ տեղ բացում ենք արել, և էդ գործարանը չի աշխատում»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Նախարարը մանրամասներ ներկայացրեց. «Հիմա այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում։ Ինձ խոստացել են, որ հաջորդ շաբաթների ընթացքում, երբ կգան լվացքի մեքենայի մասերը, ամբողջ 70 աշխատողներն էլ կլինեն աշխատանքի մեջ»։

Միջամտեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ով առաջարկեց, որ եթե որևէ ընկերություն առնվազն 80 հոգի աշխատողներ չունենա,  չգնալ դրանց բացման արարողություններին։ Նիկոլ Փաշինյանը  չհամաձայնեց այս տեսակետի հետ։ «Մարդիկ միլիոնավոր դոլարների սարքավորումներ են ներկրել: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ի՞նչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել մենակ նրա համար, որ տեսախցիկի առաջ բացում անեն։ Հետո ի՞նչ են անելու էդ մի քանի միլիոն դոլարի սարքավորումները, տանելու են մետաղի ջարդոն հանձնե՞ն: Որևէ տրամաբանություն չկա այդտեղ»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ հույսեր կան՝ ավելացած 51 հազար աշխատատեղերին կավելանան ևս 51-ը, հետո ևս 51-ը, և այդպես շարունակ: Նա ասաց, որ նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացրածով՝ այդ 51 հազարի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղեր են, մյուս մասը՝ ստվերից դուրս եկածն է։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...