ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում

- in Մամուլ
karavarutyan

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասվում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել: Այս նախագծի վերաբերյալ ԱԺ-ում պետք է երեկ փակ քննարկում անցկացվեր, սակայն այն չի կայացել:

Նշենք, որ խոսքը մի նախագծի մասին է, որը, շատերի կարծիքով, ուղղակի առնչվում է սեռական փոքրամասնություններին. այն մշակվել է դեռ ՀՀԿ իշխանության օրոք՝ 2015 թվականին, ՀՀ արդարադատության նախարարության կողմից: 2015թ. ԵՄ-ն ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրով նախատեսել է հատկացնել 12 մլն եվրո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար, եւ դրա շրջանակներում պետք է ընդունվի նաեւ «Խտրականության մասին» օրենքը: Ժամանակին նախագիծը հրապարակային ճնշման արդյունքում մի կողմ դրվեց, բայց հիմա այն կրկին օրակարգային է դարձել։

Ըստ շրջանառվող լուրերի` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւս պետք է երեկվա չկայացած քննարկմանը մասնակցեր` միաժամանակ պատճառաբանելով, թե ԵՄ-ից են ստիպում օրենքն ընդունել: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեցին. «ԱԺ-ում կայանալիք նման քննարկման մասին տեղեկության չենք տիրապետում. նախարարը այդ թեմայով քննարկման հրավիրված չի եղել»։

Մինչ այդ նկատենք, որ այս նախագիծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել, եթե կառավարությունն այն ուղարկի խորհրդարան: Հավանաբար որեւէ մեկը չի մոռացել վերջերս խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած իրադարձությունները:

ՈՒ հիմա ՀՀ իշխանությունները, մասնավորապես` Արդարադատության նախարարությունը, անկախ եվրոպացիների պնդումներից, պետք է կարողանա այս հարցում անզիջում լինել` փորձելով տարատեսակ ձեւերով վարպետորեն հետաձգել հարցի քննարկումը: Իսկ որ ՀՀ իշխանությունները կարող են հանուն ազգային շահի հակադրվել գերտերություններին, միջազգային հանրությանը, վերջին մեկ տարում բազմիցս ենք տեսել, ուստի այս նախարարն էլ ունի այդ հարցում «քարտ բլանշ»: Մնում է` օգտագործի այն»: