Հովիկ Աբրահամյանի հետ կապվող ընկերությունը քաղաքացու հիմնած այգին հողին է հավասարեցնում – Տեսանյութ

- in Պնակալեզներ
Hovik Abrahamyan

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ կապվող «Արտաշատ սիթի» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն այսօր Երևանի Շիրակի փողոց 2/15 հասցեի հողակտորի վրայի ծառերը էքսկավատորներով հողին են հավասարեցնում:

Տեսանյութը՝ «Հետքի».

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետին բաց նամակով դիմել էր ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը: Վերջինս խնդրում էր միջոցներ գտնել՝ իր այգին իրենից չխլելու եւ տարիների իր վաստակը չոչնչացնելու համար:

«1991թ.-ին երբ Ներքին Շենգավիթ կոլտնտեսությունը, Ն.Շենգավիթի այն ժամանակվա ղեկավարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայրս ու պապս 1933թ-ից եղել են կոլտնտեսության աշխատողներ, իսկ ես 1990թ.-ից կամավոր գնացել եմ կռվի, ինձ ու մեր ընտանիքի անդամներին (թվով 12 անձ) վարձակալության պայմանագրով Ն.Շենգավիթի լուծարված կոլտնտեսության հողերից գյուղատնտեսական օգտագործման համար հատկացրին 0,4հա (4000քմ) տարածք:

Մինչ այսօր 28 տարի շարունակ ես կանոնավոր վճարել եմ տվյալ տարածքի հողի և ոռոգման ջրի հարկերը: Տարածքը ջրելու համար իմ համեստ նյութական միջոցներով և սեփական ուժերով կառուցել եմ ոռոգման ցանց: Ամբողջովին ծառատունկ եմ կատարել և տարածքը վերածել գեղեցիկ պտղատու այգու: Տարածքը ցանկապատել եմ փշալարով և մետաղյա ցանցով: 2005թ.-ից սկսած Ն.Շենգավիթի թաղապետարանը վարձակալության պայմանագիրը անհիմն կերպով չի երկարացրել ոչ միայն իմ, այլև ամբողջ տարածքը վարձակալողների հետ: Չնայած դրան, ինչպես նշեցի վերևում, ես շարունակում են հողը մշակել և տնօրինում եմ այն:

2008թ. ես երկու անգամ դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով կնքել նոր վարձակալության պայմանագիր հողօգտագործման վերաբերյալ, սակայն ստացել եմ չհիմնավորված մերժում:

Չհուսահատվելով՝ ես ավելի համառորեն եմ մշակել տարածքը, ինքս իմ առջև խնդիր եմ դրել այն դարձնել զբոսայգի՝ ազատամարտիկների անունով, որտեղ յուրաքանչյուր ծառ կկրի մեր զոհված ընկերներից մեկի անունը, ամեն տարի կծաղկի, բերք կտա և մշտապես կհիշեցնի այն մասին, որ նրանք ևս ողջ են ու թեև ոչ ֆիզիկապես, ապա հոգեպես ներկա են մեր կյանքում:

Այս տարի ապրիլ ամսից եկան ինչ-որ մարդիկ և ասացին, որ այս տարածքները 2010թ.-ին գնել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ն և այստեղ պիտի կատարվեն շինարարական աշխատանքներ: «Արտաշատ Սիթի» ՍՊ ընկերությունը պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետային:

9 տարի առաջ Երևանի քաղաքապետի 23.08.2010թ.-ի N3873-Ա որոշումով «աճուրդով» վաճառվել է «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ին: Կատարվել է այն, ինչ կատարվում էր Հայաստանում մինչև հեղափոխությունը: Ժողովրդից թալանած փողերով «Մուկը» իբր գնել է ինձ վարձակալության հանձնած հողը և ես այդ մասին իմանում եմ հիմա:

Խնդրում եմ Ձեզ կարգադրել համապատասխան մարմիններին զբաղվել այս հարցով, չթողնել այդ բարբարոսներին ոչնչացնելու 5000քմ տարածքի վրա հիմնված իմ դրախտ այգին, հանձնեք այն քաղաքապետարանի տնօրինությանը, հարյուրավոր մրգատու և դեկորատիվ ծառերը չկտրել, այգին չոչնչացնել, փակեք այդ վանդալների ճանապարհը»,- գրել էր ազատամարտիկն իր նամակում: