Հրազենային վիրավորում ստացած զինվորը ծնունդով Ողջիից է, ՌԴ-ից ինքնակամ է եկել ծառայության

- in Սոցիալական
Zinvor

Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Հ ՊԲ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Գառնիկի Զորոգլյանը ծնունդով Շիրակի մարզի Ողջի գյուղից է: Տղան ընտանիքի հետ Հայաստանում վաղուց չի բնակվում: 10  տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից եւ բնակություն հաստատել ՌԴ-ում:

«Երեւի 1.5 տարի առաջ էր, իրա կամքով եկավ Հայաստան ու գնաց ծառայության: Ստեղ գյուղում հորեղբոր ընտանիքն է, տատիկն ու պապիկը: Ծնողներն ու քույրը Ռուսաստանում են: Իրանք շատ շուտ, երեւի 2008 թե 2009 թվերին էր, որ գյուղից գնացին: Ես էդ ժամանակ դպրոցի տնօրեն էի, երեւի ամիսըմ կամ երկուս դասի եկան ու հետո տեղեկանք վերցրին, գնացին Ռուսաստան»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ողջիի վարչական ղեկավար Նորիկ Մկրտչյանը:

Տղայի առողջական վիճակի մասին գյուղում ոչ մեկին նոր բան հայտնի չէ: Միայն պաշտոնական հաղորդագրությունն է, համաձայն որի, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Դեպքն  ինչքան գիտեմ Հադրութ է եղել, սկզբում ասին, որ Մարտակերտ են բերել, բայց հետո վայենկամատից իմացանք, որ Հադրութից բերել են Մարտունիի գոսպիտալ, արնահոսություն է եղել, ինչ է եղել, կանգնցրել, տարել են Ստեփանակերտ:  Երեւի վիրահատությունն էլ են Ստեփանակերտ էրել: Հորողբերը գնացել է Ստեփանակերտ, կզանգենք հմի, անընդհատ անհասանելի է: Գնալուց առաջ  էլ  ընձի խնդրեց, որ ինչքան հնարավոր է ժողովրդին զգուշացնեմ, որ տատի, պապի մոտը չխոսան երեխու մասին: Երեւի որ ծնողներին տեղյակ պահել են, ինչղ կեղնի որ ըսած չեղնին: Բայց իրա հետ չենք կարող խոսալ»,-ասաց Նորիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ  ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը  հակառակորդի կողմից արձակված կրակոցից  հրազենային վիրավորում էր ստացել մայիսի 4-ին, ժամը  16:05-ի սահմաններում՝ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Տղան զորակոչվել է 2018 թվականի հունվարին:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...