Մանուկ Մկրտչյան. Աբովյանում նախատեսում եմ քառաստիճան քարոզարշավ

Հունիսի 9-ին ՏԻՄ ընտրություններ են հանրապետության մի շարք համայնքներում, մի մասում արտահերթ, մյուսներում՝ հերթական: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ընտրապայքարում են 5 թեկնածուներ: Մենք այցելել էինք Աբովյան և հարցազրույցներ ունեցել նրանցից երեքի հետ, իսկ լրագրողները հարցումներ են անցկացրել Աբովյանի փողոցներում, զրուցել չափահաս աբովյանցիների հետ: Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, ուստի՝ մեր զրույցները հիմնականում քաղաքի հիմնախնդիրներին և անելիքներին է վերաբերում:

Աբովյանի քաղաքապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պաշտոնյա Մանուկ Մկրտյանի հետ զրուցում ենք Աբովյան քաղաքի այսօրվա, հիմնախնդիրների և անելիքների մասին:

– Պարոն Մկրտչյան, ինչո՞ւ եք որոշել Ձեր թեկնածությունն առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:

– Նախ՝ ասեմ, որ երկար տարիներ աշխատել եմ Ազգային անվտանգության մարմիններում, որն ապաքաղաքական կառույց է, ուստի՝ որևէ կուսակցության չեմ անդամակցել, չեմ հարել ու համակրել: 2015 թ.-ից արդեն պահեստազորի սպա եմ, Աբովյան քաղաքի բնակիչ, մտահոգ մեր քաղաքի պրոբլեմներով, իսկ թեկնածությանս առաջադրման հարցում պահանջել ու առաջարկել են բազմաթիվ աբովյանցիներ: Ես էլ՝ իմ հերթին, համադրել եմ քաղաքացիների առաջարկությունն ու ստեղծված իրավիճակն ու ինքնաառաջադրել թեկնածությունս:

– Ըստ Ձեզ, որո՞նք են Աբովյան քաղաքի հիմնախնդիրները: 

– Աբովյանում խնդիրները շատ են, հատկապես՝ քաղաքային տնտեսության բնագավառում: Չլուծված խնդիրներ էլ շատ կան, առաջնահերթերից է բնակչության սոցիալական խնդիրը: Ուստի՝ իմ նախընտրական ծրագրում շեշտը դրվելու է հատկապես սոցիալական հիմնախնդիրների վրա, իսկ դրանց լուծման համար անհրաժեշտ է ստեղծել ներդրումային միջավայր մեր քաղաքում, որպեսզի աբովյանցիներն ունենան աշխատատեղեր, արժանավայել աշխատավարձ ստանան և կարողանան լուծել իրենց հանապազօրյա հիմնահարցերը:

– Կմասնավորե՞ք թեկուզ սոցիալական հիմնախնդիրները:

– Քաղաքում կանչապատումից, բարեկարգումից սկսած մինչև աշխատատեղեր: Իհարկե՝ որոշակի աշխատանքներ կատարվել են քաղաքում, սակայն բնակչության թիվն աճում է, քաղաքն ընդլայնվում և օրեցոր առաջ են գալիս նորանոր խնդիրներ, իսկ դրանց լուծման համար համակարգված ու հետևողական աշխատել է պետք:

– Ինչպիսի՞ քարոզարշավ եք պատրաստվում իրականացնել:

– Նախապատրաստում եմ քառաստիճան քարոզարշավ՝ ոչ պետական, մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների աշխատակազմերի հետ հանդիպումներ, բակային հանդիպումներ, բարձրախոսերով շրջիկ իրազեկումներ, քայլերթ, առանձին հանդիպումներ առևտրային գործունեությամբ զբաղվողների հետ: Առաջին հանդիպումը կլինի մայիսի 22-ին՝ քարոզարշավի առաջին օրը: Լուրջ մարդկային և մասնագիտական ռեսուրս ունենք, որպեսզի որակյալ և համոզիչ քարոզարշավ իրականացնենք մեր Աբովյանում:

– Բնական է, որ առաջադրվելուց առաջ հաշվարկել եք Ձեր հնարավորություններն, այսօրվա դրությամբ ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ հարցն իհարկե կախված է աբովյանցիներից, բայց ես էլ ուսումնասիրել եմ տրամադրություններն, ընդհանուր հասարակական կարծիքը հասկանալու համար, և եկել եմ այն եզրակացության, որ ունեմ բավարար ռեսուրս և՝ համոզված եմ, որ արդյունք կունանամ: Կարող եմ ասել, որ Աբովյանում զգալիորեն շատ են չկողմնորոշվածներն ու առայժմ անտարբերները, որոնց ուղղությամբ էլ հետևողականորեն աշխատելու ենք ողջ քարոզարշավի ընթացքում: Ես չեմ թերագնահատում ինչպես բոլոր մյուս թեկնածուների, այնպես էլ՝ մեր հնարավորությունները: Մենք ուղղակի ողջ քարոզարշավի ընթացքում բացառելու ենք որևէ թեկնածուի մասին բացասական արտահայտություններ թույլ տալը, մենք գնում ենք բացառապես քաղաքակիրթ ճանապարհով, որովհետև ընտրություններից հետո էլ շարունակելու ենք այս քաղաքում կողք-կողքի ապրել:

– Հանրության որոշակի զանգվածի մոտ կարծրատիպ կամ մտայնություն կա, որ Աբովյան քաղաքը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտին: Դուք ինչպե՞ս եք վերաբերում դրան:

– Ես չեմ ուզում այդ մասին կարծիք հայտնել, ընտրությունները կավարտվեն և արդյունքներով ամեն բան պարզ կլինի, դա իմ իրավասությունների շրջանակից դուրս է: Իհարկե՝ որպես այս տարածքի բնակիչ, որպես գործարար, որպես Հայաստանում երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ հարգում եմ նրան, ինչպես բոլոր նրանց, ովքեր հարգանքի են արժանի:

– Ունե՞ք կարգախոս նախընտրած, որով առաջնորդվելու եք քարոզարշավի և աշխատանքի ընթացքում:

– Իհարկե՝ Նոր Աբովյան, իսկ նախընտրական ծրագրերում կմանրամասնենք դրան հասնելու ուղիները, որի հնարավորությունն ու ռեսուրսները ես ունեմ, ինչպես նաև՝ բազմամյա աշխատանքային փորձ: Ընտրողների վստահությանն արժանանալուց հետո կաշխատեմ ժողովրդի հետ, քանի որ համարում եմ, որ հանրությունը պետք է ներգրավված լինի ՏԻՄ աշխատանքներում: Ինքս ուսումնասիրել եմ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը և հստակ պատկերացնում եմ անելիքներս: Իսկ քաղաքապետի պաշտոնը նախևառաջ պատասխանատվություն է:

Օրինապաշտությունն այսօրվանից է, տեսնում եք, որ իմ նախընտրական քարոզարշավի շտաբում որևէ պաստառ չկա, դրանք կլինեն միմիայն մայիսի 22-ին, որովհետև ես գտնում եմ, որ պատասխանատվությունն ու օրինականությունը պետք է սկսել հենց սկզբից: Ինքս՝ ինչպես վերընշեցի, աշխատել եմ իրավապահ մարմիններում և սիրում եմ բացարձակ օրինականություն: