Մարուքյանը, որ ժամանակին Ռուսաստանի քաղաքականության ամենասուր քննադատողներից էր, վերջին շրջանում կարծես փոխել է դիրքորոշումը

Edmon Marukyan

Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը (Դավիթ Գեւորգյան – խմբ) ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը, որ ժամանակին Ռուսաստանի քաղաքականության ամենասուր քննադատողներից էր, վերջին շրջանում կարծես փոխել է դիրքորոշումը: Ավելին՝ “«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում բացակայում էր նաեւ ԵԱՏՄ-ի կազմից Հայաստանի դուրս բերման կետը:

«Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, որոնք ունեն դիրքորոշում որեւէ երկրի դեմ, եւ դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով կամ տրորելով, բայց որեւէ կերպ չեմ կարող հասկանալ թե այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ, այն է՝ մարզպետի կարգավիճակ, այն դեպքում, որ իշխանություններն աշխատում են, որ ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենանք:

Այսինքն մի կողմից սպասում ենք ՌԴ-ից մատակարարվող «Սու 30-ՍՄ»-ներին եւ հայտարարում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բանակցում ենք, որ ՀՀ վարորդական իրավունքը հավաստող փաստաթուղթը ճանաչվի ՌԴ-ում, ինչն այդպես էլ չի ստացվում, ու մյուս կողմից նման մարդուն բարձր պաշտոն ենք տալիս:

Հետաքրքիր է, այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին եւ ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը:

Հարցադրումս հռետորական չէ. ակնկալում եմ գործընկերներիս` Լիլիթ Մակունցի պատասխանը» , -ասված է նրա գրառման մեջ: