Մենք ամեն կերպ ուզում ենք խանգարել դրան, որովհետև դա խայտառակություն է

- in Պաշտոնական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձավ կառուցապատման խնդիրներին: «Ամեն օր պարոն Մեսչյանի հետ քննարկում ենք տարբեր հարցեր: Ամեն անգամ այդ խնդիրը, որ առաջանում է ինձ մոտ, գալիս են մարդիկ, ուզում են հողի ընդլայնում:

Օրենքն ասում է՝ հողի ընդլայնման ժամանակ կադաստրային գնով պետք է տանք: Ես ասում եմ՝ բայց ինչո՞ւ, կադաստրային գինը 5-10 անգամ կարող է շուկայական գնից տարբերվել: Ինչո՞ւ պետք է քաղաքապետը ստորագրի մի փաստաթուղթ, որով ձեռնարկատերը օրենքի պահանջով կարող է ունենալ 10 անգամ ավելի էժան համայնքային հող: Եվ ամեն անգամ մեզ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ անենք: Ես ասում եմ՝ մի ձև գտեք, որ գոնե դնենք աճուրդի: Բայց շատ հաճախ օրենքի նորմերը թույլ չեն տալիս այդ տարածքը հանել աճուրդի»,- ասաց նա:

Քաղաքապետն անդրադարձավ նաև ինքնակամ կառույցներին: Ասաց, որ ամեն օր մեծ թվով մարդիկ են դիմում իրենց, որպեսզի օրինականացնեն ինքնակամ կառույցները: «Խայտառակություն: Եվ մենք ամեն կերպ ուզում ենք խանգարել դրան, որովհետև դա խայտառակություն է, որ օրինականացվի: Բայց օրենքում կետ էլ չկա, որ իրեն մերժենք: Մեկ-մեկ ասում եք՝ ինչո՞ւ են այսպիսի պատասխաններ գնում քաղաքացուն, որովհետև չես հասկանում՝ այդ մարդուն ասես՝ այո, թե ոչ: Եթե ասես այո, կողքի հարևանությունը կասի՝ դուք ինչով եք մտածում, եթե ասես՝ ոչ, օրենքին կհակասես: Այն թվերին ընդունված չարաբաստիկ որոշումը, այդպես էր հարմար այն իշխանությանը: Ասում եք՝ ո՞նց են գոյացել արտադրական տարածքում բնակավայրերը, հենց այդպես: Այսօր էլ գալիս ու ասում են՝ օրինականացրու, եղբայր»,- նշեց Հայկ Մարությանը:

Նա հավելեց, որ ամենաշատն իրենց ժամանակը ծախսվում է այն բանի վրա, որ մտածում են «ոնց անենք, որ օրենքում ասվածն ու իրականությունն իրար հետ բռնի»: Եթե օրենքում գրվածն ի կատար ածվի, ըստ քաղաքապետի, դա կլինի խայտառակություն: Նա Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ակտիվ լինել օրենքների նախագծներ ներկայացնելու հարցում, որպեսզի խնդիրներին լուծում տրվի:

Երևանի քաղաքապետարանը խիստ հսկողություն է իրականացնում անհատույց տրամադրված բոլոր տարածքների նկատմամբ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Եվ բոլոր այն տարածքները, որոնք անգամ վաճառվել են, բայց պայմանով, որ այս-այս ժամանակահատվածում այսպիսի բան պետք է տեղի ունենա, նաև այդ ժամանակահատվածներին շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Նաև այն տնտեսվարողներ սուբյեկտներին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք խիստ արձագանքում ենք, ընդհուպ հետ վերցնելը»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետի խոսքով՝ բոլորն այս խաղի կանոններն ընդունել են, հասկացել են, որ շատ արագ ու կտրուկ են լինելու Երևանի քաղաքապետարանի քայլերը:

«Եվ դուք էլ գիտեք մի քանի դեպքեր, երբ մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում»,- ասաց Մարությանը:

Spread the love