Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա, այսօր «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, իրականում մեծ բանավեճ է՝ բառիս լավ իմաստով խենթության, որը կարող ենք անվանել ռոմանտիզմի և իրականության միջև: Եվ մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժին, գիտեն, որ ահա այդ գաղափարները կարելի է իրագործել ՀՀ-ում:

Իրականում Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա, կապ չունի, թե ինչ մակարդակի անհատական ջանք է դա: Այն, ինչ մենք ունենք իրականում, չեմ հոգնի ասել, մենք նախ ունենում ենք որպես գաղափար: Այս Տաթևերը, որը ՀՀ ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար էր, որը իրագործվեց: Եվ դժվար է ասել, թե ի սկզբանե ինչքան մարդ էր հավատում դրան, ինչքան մարդ չէր հավատում: Եվ մեր մեծագույն խնդրն է, որպեսզի մենք ՀՀ-ում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այդ երազանքն իրագործելու համարձակությամբ օժտենք»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ մարզերում անցկացվող այս տնտեսական համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի Հայաստանի ամեն մարզում այս ուղերձը հղվի բնակիչներին, որովեհտև տնտեսական զարգացումը հենվում է հենց անհատների վրա: «Իհարկե, շատ կարևոր են խոշոր ներդրումները, խոշոր կորպորացիաների մուտքը ՀՀ, բայց ես ուզում եմ ասել, որ իմ խորին համոզմամբ այդ խոշոր ներդրողները գնում են առաջին հերթին տաղանդավոր մարդկանց հետևից: Եվ մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար»,- հավելեց նա:

Ըստ վարչապետի՝ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, և նրանցից շատերը գուցե այդ մասին չգիտեն: Կառավարության խնդիրն է այնպես անել, որ նրանք տեսնեն, հավատան և հաղթեն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •