Մղձավանջ Բաքվում. Արսենալի երկրպագուները երգում են Ղարաբաղի մասին

- in Հասարակություն

Ադրբեջանական տեղեկատվա-քարոզչական խողովակներից մեկը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Եվրոպայի Լիգայի Արսենալ-Չելսի բրիտանական եզրափակչին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Արսենալի երկրպագուները երգում են Ղարաբաղի մասին:

http://lragir.am We’ve been to Qarabag and everywhere Shagged brasses in Cologne And now we’re off to Baku To Bring Europa home!, ըստ ադրբեջանական մամուլի Բաքվի փողոցներում երգում են լոնդոնյան ակումբի երկրպագուները:

Իսկ Արսենալի ֆուտբոլիստները Բաքվում մարզումներից մեկի ժամանակ Մխիթարյանի պատվին պարել են Քոչարի:

Եվրոպայի Լիգայի եզրափակչի շուրջ կրքերը եռում են արդեն տեւական ժամանակ, եւ դրա պատճառը ավելի շատ ֆուտբոլիստն է, քան ֆուտբոլը: Խոսքը հայաստանցի աստղ Հենրիկ Մխիթարյանի մասին է, որը Արսենալի խաղացող է եւ ակումբի հետ միասին կայացրել է Բաքու չմեկնելու որոշում: Դրա պատճառը հայերի հանդեպ Ադրբեջանի հայտնի քաղաքականությունն ու հայատյացության ռազմավարությունն է ընդհանրապես:

Մխիթարյանի հարցը հասավ ընդհուպ բրիտանական խորհրդարան, որտեղ պատգամավորները կառավարության առաջ հարց էին դնում, թե ինչ է արվելու Բաքվում այլեւս խոշոր միջոցառումների կազմակերպում թույլ չտալու համար: Եվրոպայի Լիգայի եզրափակիչը՝ որ պետք է լիներ Ադրբեջանի իշխանության դափնին, վերածվել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մղձավանջի:

Արդեն տարածվել է նաեւ տեսանյութ, թե ինչպես են Բաքվի ոստիկանները մոտենում փողոցում Արսենալի՝ Հենրիկ Մխիթարյանի անունով համազգեստ կրող զբոսաշրջիկներին, որոնք թայլանդցի են: Տեղեկություն է տարածվել, որ նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն:

Այժմ էլ Արսենալի երկրպագուների երգը Բաքվում՝ «Մենք եղել ենք Ղարաբաղում եւ ամենուր…»: Քառյակն ավարտում են նրանով, որ այժմ էլ Բաքվում են եւ տուն կտանեն Եվոպան:

Ադրբեջանական մամուլը երգը մեկնաբանում է հետեւյալ կերպ, որ Ղարաբաղն այնտեղ նշվում է որպես ադրբեջանական ակումբ, որի հետ խաղացել է Արսենալը երկու անգամ՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի շրջանակում: Հետո խոսվում է Քյոլնի մասին, որի հետ էլ Արսենալը նախորդ տարի է խաղացել:

Համարժե՞ք է այդ մեկնաբանությունն Արսենալի երկրպագուների երգած քառյակի տրամաբանությանը, թե՞ երկրպագուներն ասպես ասած «քաղաքականապես գրագետ» են եւ սրամիտ, եւ իրականում ակնարկում են Արցախ այցելելու արգելքը կամ այսպես ասած «սեւ ցուցակը», որ Ադրբեջանը դնում է օտարերկրացիների առաջ: Մեծ հաշվով, դա արդեն չունի էական նշանակություն, եւ այն, որ երկրպագուների երգը հայտնվում է Բաքվի քարոզչամեքենայի էջերում եւ ունենում այսպես ասած «պաշտոնական» տրամաբանության ներքո բացատրվելու անհրաժեշտություն, արդեն իսկ պատկերավոր նկարագրում է այն, ինչում հայտնվել է պաշտոնական Բաքուն:

Ի վերջո, Մխիթարյանի շուրջ ստեղծված քննարկումների համատեքստում բավականաչափ խոսվեց նաեւ այդ մասին, եւ եթե մինչ այդ տվյալ հարցերում իրազեկ էին եվրոպական հանրության այն շրջանակները, որոնք ավելի մոտ են միջազգային քաղաքականությանն ու խնդիրներին՝ իսկ այդպիսիք անկասկած անհամեմատ ավելի քիչ են, քան ֆուտբոլասերների շրջանակն ու շերտերը, ապա Մխիթարյանի «գործը» փաստացի հենց այդ լայն շերտերին իրազեկեց Ադրբեջանի քաղաքականության մարդատյաց դրսեւորումների մասին:

Ահա այդ իմաստով է, որ Մխիթարյանը կամա թե ակամա արեց ավելին, քան արել է, եւ թերեւս քան կարող էր անել հայկական պաշտոնական դիվանագիտությունը: Որովհետեւ, ի վերջո կան միջազգային հանրային շերտեր, որոնք դիվանագիտության համար հասանելի չեն օբյեկտիվորեն:

Իհարկե, այստեղ կա նաե մեկ այլ նուրբ հանգամանք: Բացարձակապես պետք չէ այդ հարցերում Հայաստանի դիվանագիտական «զենք» կամ «խաղաքարտ» դարձնել արտերկրում ապրող, աշխատող եւ մեծ հաջողության հասած հայաստանցիներին կամ հայերին: Նրանք Հայաստանին եւ Արցախին կարող են օգտակար լինել արդեն իսկ իրենց մարզական կամ այլ հաջողություններով: Սակայն հենց այդ հաջողությունների համար էլ կարեւոր է, որ զերծ լինեն քաղաքական, դիվանագիտական հարցերում անմիջական որեւէ ներքաշումից:

Այդ իմաստով, Մխիթարյանը խոշոր հաշվով արել է իր գործը եւ արեց այս պարագայում: Որովհետեւ նա զբաղված է իր՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի գործով:

Ավելին, այստեղ ավելի շատ «գործ» արեցին թերեւս ՈՒԵՖԱ-ն ու Բաքուն, այն գործարքով, որի արդյունքը եղել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչն Ադրբեջանին շնորհելու որոշումը: Բաքուն նաեւ իր «գործն» արել է հայատյաց եւ ագրեսիվ այն քաղաքականությամբ, որ դավանում է տարիներ շարունակ եւ որը թերեւս մեծ հաշվով ծուղակ է դարձել նաեւ հենց Ադրբեջանի ղեկավարության համար, ինչի վկայությունը Եվրոպայի Լիգայի եզրափակչի պատմությունն էր: Ադրբեջանի ղեկավարությունը չունի այդ ծուղակից դուրս գալու հնարավորություն, կամ ավելի շուտ՝ Հայաստանում փոփոխության արդյունքում նոր մոտեցմամբ Բաքվին տրված այդ հնարավորությունն օգտագործելու կամք եւ լեգիտիմություն:

Ագրեսիվ եւ ռազմատենչ քաղաքականության դեմքը սպորտով քողարկելու փորձն իրականում վերածվեց պատռված դիմակի, որքան էլ Ադրբեջանի արտգործնախարարը շտապեց հարցազրույցներ տալ եւ հոդվածներ գրել ռուսական մամուլում՝ խոսելով բանակցության մասին, դեմքը փրկելու համար, բայց իրականում դարձյալ անկարող լինելով դուրս գալ շանտաժի տրամաբանությունից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...