Նախորդ իշխանություններին ձեռնտու չէր բացահայտումը. օդաչուի մայրը չի հավատում որդու «ինքնասպանությանը»

- in Սոցիալական
Atrchanak

2014 թվականի դեկտեմբերին մահացած հայտնաբերած օդաչու Սուրեն Մարգարյանի մայրը՝ Կարինա Մարգարյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գեւորգյանին, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով գտնել որդու սպանողներին:

Կարինա Մարգարյանի բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«2014 թվականի դեկտեմբերի 16-ին Հրազդան կիրճում, անհայտ մարդու տանը՝ խրճիթում, հրազենային վնասվածքով հայտնաբերվել է իմ որդի՝ Սուրեն Մարգարյանի դին: Հարուցված քրեական գործը շատ արագ քննվելու արդյունքում կարճվեց՝ իբր իմ որդին կատարել է ինքնասպանություն:

Փաստաբաններիս միջամտությամբ Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը քրեական գործի կարճումը վերացրեց, նախաքննությունը իբր վերսկսվեց, սակայն որեւէ քննություն գործնականում չկատարվեց եւ 2016 թվականի ապրիլի 14-ին գործով վարույթը կասեցվեց՝ մեղավոր անձի հայտնի չլինելու հիմքով:

Թե ինքնասպանության գործով ինչ մեղավոր անձ են ման գալիս դա իրենց խնդիրն է, սակայն միանշանակ, պնդում եմ, որ իմ որդին սպանել են, իսկ նախորդ իշխանություններին ձեռնտու չէր հանցանքի բացահայտումը:

Զավեշտ է, որ 5 տարի քննչական կոմիտեն քննում է ինքնասպանության  գործ, երբ «անհասցե անձնավորության» տանը ինքնասպանություն է գործում մտավորական, ապահովված ընտանիքի որդի, ժառանգական օդաչուն: Ինքնասպանություն է գործել որսորդական հրացանից, աջ ձեռքով ինքն իրեն կրակելով, սակայն իմ որդին ձախլիկ էր (ընդ որում, այդ անհասցե անձնավորությունը քննիչի կողմից չքննված մնալով, դեպքից օրեր անց մահանում է):

Ավելին, իմ որդին «ինքնասպանություն» է գործել, որից հետո պառկել է մահճակալ, ծածկվել է վերմակով, հրացանը դրել է իր կողքին եւ «մահացել»:

Ես ոչինչ չեմ չափազանցնում, հենց գործի նյութերից հետեւում է, որ հրացանի վրա չկան իմ որդու մատնահետքերը, նրա մարմնի վրա կան ծակող-կտրող բազմաթիվ հետքեր, դաստակների վրա կան ձեռնաշղթաների հետքեր եւ գործի նյութերից հետեւում է, որ դեկտեմբերյան ցուրտ երեկոյան միջազգային ավիաուղիների օդաչու իմ որդին եկել էր լքված խրճիթ առանց վերարկուի եւ կոշիկների:

Խորը կսկիծով պետք է հայտնեմ նաեւ, որ կրակոցի հետեւանքով լրիվ դեֆորմացվել էր իմ որդու գլուխը, սակայն խրճիթում որեւէ բիոնյութ չի հայտնաբերվել:

Ու այս ամենով հանդերձ, հենց գործի նյութերով հիմնավորված է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում իմ որդին ստացել է սպառնալիքներ: Այս պայմաններում Քննչական կոմիտեն եւ դատախազությունը կույր ձեւանալով շարունակում են քննել ինքնասպանության գործ եւ հեգնելով իմ ընտանիքին ու իմ որդու հիշատակը ինքնասպանության գործը կասեցնում՝ մեղավորի անհայտ լինելու հիմքով:

Պահանջում եմ գտնել մարդասպաններին եւ այն պաշտոնատար անձանց, որոնք այս տարիների ընթացքում այդպես էլ չտարբերեցին սպանությունը ինքնասպանությունից»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...