Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ խոստացել էր, հայտարարեց «հեղափոխության երկրորդ՝ ամենակարեւոր փուլի մասին»: Նիկոլ Փաշինյանն իրար հետեւից մի քանի գրառումներ է կատարել Ֆեյսբուքում, կոչ անելով երկուշաբթի վաղ առավոտից արգելափակել դատարանների ելքերն ու մուտքերը:

Ավելի վաղ, նա հայտարարել էր, թե եթե իրեն սպառնում են փողոցային պայքարով, ապա կստանան նոր հեղափոխություն, քանի որ փողոցում ավելի հեշտ է հարցեր լուծելը, քան աշխատասենյակում: Արդյոք Նիկոլ Փաշինյանը զգացել է նման սպառնալիք, կամ արդյոք Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշումը հավասարազոր էր նման սպառնալիքի:

Դատարանի որոշումից առաջ եւ հետո կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ ճնշման տակ հայտնվեցին Քոչարյանի կողմնակիցների ու հակառակորդների կողմից: Իրավիճակը բնութագրվեց ընդհուպ հեղափոխության պարտություն, անիշխանություն, կառավարման ճգնաժամ եւ այլն:

Դատական համակարգը Հայաստանում չի փոխվել: Այս թեման լայնորեն քննարկվել է հեղափոխությունից անմիջապես հետո, եւ հիմնական փաստարկն այն էր, որ առանց այս համակարգում փոփոխությունների հնարավոր չէ Հայաստանում իրականացնել լայն ռեֆորմացիա:

Կառավարությանը քննադատում են անցած մեկ տարում այս, ինչպես նաեւ մի շարք այլ կարեւոր ոլորտներում բարեփոխումների հարցում անգործության համար:

Դատարանի անկախության վերաբերյալ վեճերը նույնպես չեն դադարում: Մի կողմից, իշխանությունը հայտարարում է, որ չի խառնվում դատական համակարգին, մյուս կողմից նշվում է, որ դատական համակարգն իրականում շարունակում է կախված մնալ նախկին վարչակարգից, նկատի առնելով, որ դատավորները նշանակվել են այդ վարչակարգի խիստ «սելեկցիայով»: Ավելին, դատավորներ են նշանակվել այդ վարչակարգի ներկայացուցիչների հարազատները, մերձավորները: Եվ դա բնական է՝ նախկին վարչակարգն այդպիսով փորձում էր ապահովագրել իրեն արդարադատությունից:

Կարելի է հիշել նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի աղմկահարույց զեկույցը դատարանների վերաբերյալ, որոնցում նկարագրվում էր դատարանների որոշումների ու կաշառքների սխեման:

Այդ իմաստով, շատերը դատական համակարգը համարում են նախկին վարչակարգի վերջին «ֆորպոստը»: Եվ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը փաստացի առիթ է դարձել այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Նիկոլ Փաշինյանի այս մտադրության կապակցությամբ հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ-ը, Փաստաբանների պալատը, Բարձրագույն դատական խորհուրդը, որոնցում մտահոգություն է արտահայտվում երկրում իրավական կայունության կապակցությամբ: Նախորդ վարչակարգի ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսով տապալվում է սահմանադրական կարգը, երկիրը գնում է բռնատիրության եւ այլն: Նիկոլ Փաշինյանի կոչը քննադատել են նաեւ մի շարք իրավապաշտպաններ:

Ինքը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամեն ինչ կատարվելու է սահմանադրական ճանապարհով, եւ որեւէ քայլ չի արվելու Հայաստանի շահերի դեմ: Նա վաղը ժամը 12-ին իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին:

Նպատակահարմա՞ր է արդյոք նման ճանապարհով խնդիրը լուծելու փորձը: Նման իրավիճակ էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ դեռ նախորդ վարչակարգի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը «հակահեղափոխության» փորձ կատարեց: Նիկոլ Փաշինյանի կոչով այն ժամանակ խորհրդարանը շրջափակվեց, որից հետո այն վայր դրեց լիազորությունները, եւ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Տվյալ դեպքում անհասկանալի է ինչ մեխանիզմով է լուծվելու այս հարցը՝ արդյոք դատավորներին պարտադրվելու է հրաժարական:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...