Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը շատ կարճ զրույց են ունեցել

- in Հրապարակ

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրուցել են։ Այդ մասին «Ազատությանն» ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հնարավոր չէ լուծել որեւէ հակամարտություն՝ կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի հետաքրքրությունների վրա, որովհետեւ կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարեւոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ։ Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան։ Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որպեսզի հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե այսօր խոսեցի՞ք Ադրբեջանի նախագահի հետ, պատասխանել է․ «Այո, մի փոքր։ Շատ կարճ զրույց էր ընթացիկ իրավիճակի մասին»։

Հարցին՝ երբ եք նորից հանդիպելու, Փաշինյանը նշել է, որ դեռ ծրագրեր չկան, բայց վստահ է, որ բանակցությունները շարունակվելու են․ «Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարեւոր է։ Առանց Լեռնային Ղարաբաղի՝ հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ու Ալիևը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցում էին Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրված ճաշին` Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ: