Նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից

- in Կարծիք

Փաստաբան Վահե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

1․ Որեւէ օրենքով նախատեսված չի եղել որեւէ պահանջ, որ դատավոր Դ․ Գրիգորյանի նախագահությամբ դատարանը 20/05/2019թ․-ին կայացրած իր որոշմանը կից ՍԴ ուղարկեր «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի եւ մյուսների» քրեական գործի նյութերը։ Այս գործողությանը դատարանը, դատելով ըստ հետեւանքի, դիմել է փաստացի չեզոքացնելու համար տուժողների եւ դատախազության բողոքարկման իրավունքը, քանի որ առանց քրեական գործի այդ նյութերի, որոնց կարիքը ՍԴ-ն, դատարանի դիմումի քննության նպատակով ամենեւին էլ չունի, վերաքննիչ քրեական դատարանը տուժողների եւ դատախազների բողոքը քննել չի կարող։
2․ Բացի այդ, առ այս պահը, իր փաստված եւ հակաիրավական անգործությամբ, դատավոր Դ․ Գրիգորյանը որեւէ միջոց չի ձեռնարկել իր դատավարական կոպիտ խախտումը (որն ըստ արդյունքի՝ կողմերի դատավարական իրավունքների ապօրինի սահմանափակման է հանգեցրել) վերացնելու համար։ Առ այս պահը, չնայածեւ իր կողմից ստացված թե՛ տուժողների, թե՛ դատախազության վերաքննիչ բողոքներում թույլ տրված խախտման եւ դրանց լուծման մանրամասն նկարագրության, դատավոր Դ․ Գրիգորյանը չի պահանջել եւ օրենքի պահանջով վերաքննիչ քրեական դատարան ուղարկել այս քրեական գործի նյութերը։

Փաստելով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից այս գործով թույլ տված վերը նշված խախտումները, այնուամենայնիվ, ՍԴ աշխատակազմը չի անդրադարձել այն հարցին, թե ի՞նչ հետեւանքի կարող է հանգեցնել այս դատավորի՝ մի քանի նյութական եւ դատավարական իրավունքների խախտումներով կայացրած որոշման/դիմումի հիման վրա այս գործը քննության ընդունելը ՍԴ կողմից։ Եւ սա հասկանալի է, քանի որ այս հարցի լուծումը ոչ թե ՍԴ աշխատակազմի, այլ հենց ՍԴ որոշման հարցն է։

Այս հայտարարությունից առաջին ակնբախ եզրահանգումն այն է, որ նույնիսկ ՍԴ աշխատակազմն է տարակուսած դատավոր Դ․ Գրիգորյանի թույլ տված խախտումներից։ Եւ սա դեռ քննարկման առարկա պետք է դառնա դատական իշխանության ներսում ծավալվող քննարկումներում։

Իսկ իրականում, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ՍԴ դիմելու մասին որոշմամբ դիմումի ընդունումը քննության ՍԴ կողմից կոպիտ կերպով խախտելու է այս գործով տուժող կողմի այդ որոշման բողոքարկման իրավունքը՝ հանդիսանալով դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից հետեւողականորեն վարվող՝ տուժող կողմի իրավունքների խախտման դատավարական ռազմավարության տրամաբանական շարունակությունը։

Եւ, դատավոր Դ․ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա գործը քննության ընդունելով տուժողների եւ դատախազության՝ այդ որոշման բողոքարկման իրավունքն իրականում դառնում է ծայրահեղ պատրանքային եւ անարդյունավետ, քանի որ ինչ արժեք ունի, առհասարակ, բողոքարկման մեր իրավունքը, եթե դրանով ակնկալվող արդյունքից (քրեական գործի կասեցման որոշումը վերացնել՝ գործն ըստ էության քննության ուղարկելով) արդեն զրկված ենք լինելու ՍԴ աշխատակարգային որոշմամբ։

Այսինքն, ՍԴ աշխատակազմի այս հայտարարությունն, իրականում, չի տվել (եւ, չէր էլ կարող) դեռ հիմնական հարցի պատասխանը․ այդյո՞ք ՍԴ-ն ապօրինաբար միջամտելու է այս դատավարությանն իր՝ գործը քննության նշանակելու մասին որոշմամբ, թե՞ Սահմանադրության 3-րդ հոդվածի հիմքով ձեռնպահ է մնալու գործը քննության նշանակելուց մինչեւ դատավոր Դ․ Գրիգորյանի ապօրինի որոշման բողոքարկման արդյունքում կայացվելիք վերջնական որոշումը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմը՝ ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների առ այն, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» (2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով) դատավարության կողմերին զրկում է այդ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, քանի որ քրեական գործն իր ողջ նյութերով ուղարկվել է Սահմանադրական դատարան, և առանց քրեական գործի նյութերի վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննել չի կարող, տեղեկացնում է, որ, ի տարբերություն 2006 թվականի խմբագրությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «Դիմումին կցվում է դիմողի վարույթում գտնվող գործը, որը դիմողին է վերադարձվում սահմանադրական դատարանի որոշումն ընդունելուց հետո», 2018 թվականի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը նման պահանջ այլևս չի սահմանում:

Ինչպես հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից, ուստի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել: Գործի քննության հետագա փուլերում անհրաժեշտության դեպքում այդ նյութերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանը կարող է պահանջել:

Դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերի վերադարձնելը, վերոնշյալ կարգավորումների պարագայում, չի կարող ազդել Սահմանադրական դատարանում այդ գործի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով քննության հետագա ընթացքի վրա: