Շա՛խ դեֆոլտին – Մա՛հ դեֆոլտին

- in Մշակույթ

ՇԱ՛Խ ԴԵՖՈԼՏԻՆ – ՄԱ՛Հ ԴԵՖՈԼՏԻՆ Վանուշ Շերմազանյան
Մայիս -28, ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-101

(Կամ՝ բաց նամակ ազգընտիր վարչապետին, ներկա և նախկին նախագահներին ու բոլոր հայերիս, մանավանդ գլոբալ Արմենիա շարժումը նախաձեռնողներին)

Եվ Քըրք Քըրքորյանը, ով օրինական միլիարդատեր էր ԱՄՆում և բնօրրանից մազապուրծ գաղթվածների զավակ, հյուրանոցի պատուհանից երկա՜ր, շա՜տ երկար նայեց բիբլիական Արարատին ու ասաց հյուրընկալող երկրի արտգործնախարարին.

Բանակցություններ սկսե՛ք Թուրքիո հետ, ես գնում եմ այդ լեռը….
Այդ նույն հյուրանոցի մյուս պատուհանի դիմաց 2006-ի տարեմուտը խորհրդանշող տոնական կանաչ ծառն էին զարդարում…

Եվ հավաքվեցին աշխարհի հրեա մեծահարուստները 1896 թվականին և պատկառելի պատվիրակությամբ մտան Աբդուլ Համիդի մոտ ու ասացին նրան.
_
Միայն գի՛ն ասացեք, և մենք գնում ենք Սիոն սուրբ լեռը, նրա չորս բոլորը շուրջպար բռնած սուրբ հողերով հանդերձ:

Եվ թուրքն ասաց.

Արյունով նվաճվածը ոչնչով չի վաճառվում կամ վերադարձվում…

Եվ հավաքվեցին հայ մեծահարուստները տարբեր երկրների ու գլոբալ շարժում սկսեցին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության ու բնակչության վիճակը բարենորոգելու համար, և ծրագրերը ֆանտաստիկ էին, ու ժամանակը՝ քիչ, և մարտահրավերները՝ շատ, և նպատակը հանքարդյունբերությանը զարկ տալն էր ու երկրի իշխանիկների հետ իրենց գրպանները ուռեցնելը… Եվ բնական է, որ այդ <<զարկից>> հայոց սահմանի, հայ զինվորի, քաղաքացու, շինականի ու ռանչպարի հոգսը բնավ թեթև չէր դառնալու, ընդհակառակը… Ու հայոց երկնամարում զրնգում էր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի դաժան ու պատասխան պահանջող զանգը՝ օրվա իշխանությունների կողմից հլու, ծուռվիզ, մութ ու դավադիր գործարքով, օրվա սահմանպահների համար արյունալի կորուստներով, բայց փառապանծ ու նվիրական հաղթանակով, իսկ օրվա թշնամու և նրա դաշնակիցների համար՝ դիվանագիտական և ռազմական խայտառակ պարտությամբ

…եվ վեր կացավ Հրազդանի կիրճին բազմած սև տուֆե առանձնատնից ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն ՏերՊետրոսյանն ու բոլորիս վրա մատ թափ չտալով ասաց.

Երկիրս դեֆոլտի առաջ է կանգնած։

Ասաց ու մտավ գրադարան, որ իր հերթական պատմական տրակտատը ավարտի ու կտակի գալիք սերունդներին
Նա մտավ գրադարան, իսկ ես լոռեցու միամտությամբ, սպասում էի, թե երբ պիտի նրա գրասենյակը իր անունից հայտարարի, որ նախագահական մեկ տարվա, կամ գոնե մեկ ամսվա թոշակը ներդնում է այդ պարտքի մարմանը և մեզ, հասարակ քաղաքացիներիս էլ կոչ է անում հնարավորության սահմաններում հետևել իր օրինակին․․․

Աշնան առաջին ամիսն էր ստանձնել 2016 թվականի իր պարտականությունների կատարման գործնթացը Նոյի առաջին հանգրվանում առանց երդման արարողության, և ի տարբերություն Րաֆֆու «Արարատյան դաշտի առավոտի», այստեղ դեռ բազմամարդ էր, եռուզեռ էր, ու գույներով՝ շատ գեղեցիկ, բայց հիմնադիր նախագահը, որ իրավամբ Նահապետ պիտի կոչվեր մեկ այլ երկրում, մեր երկրում ցավոք արձագանքող չունեցավ

Միայն մեկ ամիս անց, հոկտեմբերի սև 27-ի օրը, Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում, նրա թիմակից, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ի պատասխան լրագրողի դեֆոլտի մասին հարցի, խոսեց մասնագիտորեն և բացատրեց, թե ինչո՞ւ և ու՞մ մեղքով է մեր երկիրը հայտնվել դեֆոլտի առաջ …

Նույն օրն անմիջապես Բաղրամյան 26-ի ցուցումով հավաքվեցին ՀՀ պետբանկի երևելիները ու ի լուր աշխարհի հայտարարեցին, որ դեֆոլտի վտանգը այդքան էլ սարսափելի չէ, որքան որ արձանագրում են իրենց ընդդիմախոսները

Անդրանիկ Օզանյանը սուրհանդակ ուղարկեց Ղարսի հայտնի երևելիներին (չասենք՝ ունևոր, որովհետև ունևորը միայն ունեցվածքը չի լինում, սիրտ ոււ խելք էլ է լինում), որ գալիս է։ Սրանք 200 մետր երկարությամբ ճոխ սեղան գցեցին, որ զորավարին ըստ արժանվույն դիմավորեն։ Զորավարը եկավ, մի պատառ հաց թաթախեց աղի մեջ ու զարմացած ու զայրացած սեղանի լիությունից, երկարությունից, ավելի շատ կազմակերպիչների բթությունից, անհեռատեսությունից… հայտնիներից հարցրեց.

Ի՞նչ նեղություն, ի՞նչի համար, ու՞մ համար… Ախր մեր տեսակի լինելչլինելն է որոշվում, ես ոչ հացի խնդիր ունեմ, ոչ էլ՝ մեծարանքի. զինվորի ու զենքի և այդ զենքի ձեռք բերման խնդիրը ունեմ, դրա համար եմ այսքան ճանապարհ կտրել, հասել այստեղ, արյունակիցնե՛րս

Ղարսի մեծ հրապարակում 50-ից 100.000 մարդ կարող էր հավաքված լինել, հինգ-տաս րոպե անց բոլորը ցրվեցին, իսկ երեք-չորս տարի անց Ղարսը ընկավ

…1917 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ եղեռնն անցել, բայց մասշտաբներն ու հետևանքները չէինք պատկերացնում, և աշխարհի ու նորից առաջին հերթին հայերիս գլխին նոր աղետ էր եկել հոկտեմբերյան հեղափոխության տեսքով, և մեր երկիրը նոր պիտի ծվատեին իրար մեջ, Ամենայն հայոց բանաստեղծը, նոր-նոր Ամենայն հայոց կաթողիկոսին դարերի մեջ սևացրած ու անիծած, որովհետև վերջինս նորակառույց վեհարանի դռները չէր բացել սելավի տակ ընկած գաղթական որբերի առաջ, որպեսզի խաղաղության մեջ հանգստանա, ղայֆեն վայելի և ուղեղն աշխատացնի հայոց ճակատագրի ու հայոց փրկության համար… մի խոսքով Հովհաննես Թումանյանը 1917 թ. դեկտեմբերին Թիֆլիսից, մեր տեսակի օրհասական վիճակից ելնելով, դառը կսկիծը մեջը, Անդրանիկ զորավարին գրում էր. (հատված նամակից).

<<…Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն մի հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ. պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի էս նպատակներով ընդհանուր գանձարանին>>…

Երջանկահիշատակ Գարեգին I-ին վեհափառը իր մի գրության մեջ նշում է, որ այդ նույն տարիներին Զմյուռնիայի մեծահարուստների ունեցվածքով կարելի էր եվրոպական բանակներին համարժեք բանակ զինել, բայց նրանք՝ մեծահարուստները, նախընրեցին տեղի թուրք էմիսարի սիրտն ու գրպանները շահելով գոյատևել…

…Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թուրքիայի ընդհանուր պարտքը 23-ից մինչև 43 միլիարդ է գնահատվել տարբեր աղբյուրների կողմից, 1915թ.-ից հետո,մեզ տեղահանելով, ցեղասպանելով, մեր գույքին տեր դառնալով, 1923.1932 թթ.-ին Եվրոպական մեծ տերություններին հավասար բյուջե ուներ և մեծահարուստ պաշտոնյաների մեծ բանակ…

Պատմական էքսկուրսներից ու Ծովից ծով հայրենիքից գալով մեզ, նաև փոքր ինչ մեր օգնությամբ գետիցգետ դարձած <<թշվառ հայրենիքին>>՝ այսօրվա մեր միակ ու վերջին հանգրվան-հենակետին, բոլոր հայերիս համար, առանց խուճապի մատնվելու, պետք է արձանագրենք, որ մեր կյանքում դեֆոլտը կա, և այդ բեռը մեր և մեր երեխաների ու մեր երկիր-դրախտավայր-հայրենիքի ուսերին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախկին ռեժիմն է դրել, նրանց օրոք գործած բոլոր կամակատարխամաճիկ վարչապետերով, նախարարներով, նրանց կազմակերպած հանցագործ աշխատակազմբանդաներով, որոնք այսօր, փոխանակ ուղղիչ աշխատանքային գաղութներում, քափքրտինքի մեջ իրենց մեղքի պատիժը կրեին, հանցախմբի ղեկավարների հետ ռևանշի ծրագրերն ու ձեռքի տակ եղած խմբերի զինատեսակներն են կատարելագործում

Մենք պարտավոր ենք օր առաջ նաև նույն ռեժիմի հարստահարած միջոցները հետ բերելով, ֆիզիկապես ու բարոյապես նրա դավաճան մեջքը կոտրելով, լուծել այդ պարտքի հարցը, թէ չէ այն ամեն օր մեր և մեր երկրի գրպանից մեջք կոտրող տոկոսներ է կորզում, և վերջապես դասական, համաժողովրդական ձևակերպում կա. <<պարտքը վճարելով է գեղեցիկ>>… Թե չէ մենք 2016-ից աշխարհի ունեևոր-չունևոր հայերով գլոբալ շարժում ենք սկսում, <<որ ի՞նչ անենք>>․․․

Եղբայրնե՛ր, համաշխարհային բանկն արդեն թակում է մեր միակ հանգրվանի դուռը, նման դեպքերում ժողովրդական խոսքը հուշում է, մածունը ուշ է, հա՛վ <<փետռեք>>, եթե ոչ այդ նույն բանկը, իրենից մեծ վարկեր վերցնողներին թողած (անուննե՞ր, երկրի նախորդ ղեկավարներն ավելի լավ գիտեն, որովհետև իրենց հրահանգով, կամ <<դաբրոյով>> ու իրենց մեծ փայաբաժնով են կատարվել բոլոր կեղտոտ ու կործանարար գործարքները), որովհետև նրանք բանկի ատկատները տվել են, մի բան էլ ավել, հակառակ դեպքում ո՞վ է տեսել աղքատ բարեկամին մեծ պարտքեր տալը, էն էլ միջազգային կարգի, մի խոսքով այդ նույն բանկը, այդ նույն պետայրերին թողած, մեր սիրելի պետության, սիրելի խորհրդանիշերն ու սիրելի ժողովրդին է <<փետռելու>>…

Շատ ցավալի է, իհարկե, բայց հերթական անգամ բոլորիս գնացքը գնացել է, իսկ մենք էլ հերթական անգամ իրար ենք ուտում, հարգելինե՛րս, եկեք Հովհաննես Թումանյանի նման յուրաքանչյուրս մեր սրտի և գրպանի հնարավորության սահմաններում մեր կամավոր տուրքը տանք՝ մեր Մայր Հայրենիքի փրկության համար, էդ արհավիրք դեֆոլտի գոնե կես ճանապարհը փակենք, իսկ եթե ուզում եք, ավելի ստույգ նստենք կլոր սեղանի շուրջ ու մեր հարցերը իրար ու ազգըտիր վարչապետի աչքերին նայելով բարձրաձայնենք, հրավիրենք նախկին և ներկայիս՝ նախագահներին, վարչապետերին, նախարարներին, ներկա և նախկին մեծահարուստ պատգամավորներին, էս բոլորի յոթանիշ և ավելի հարստությւն ունեցող հարազատներինԼավ, ՌՔ-ն թող օնլայն մասնակցի էս յուրահատուկ դրամադարձի գործընթացին իր գրպանածի չափաբաժնով, (թե չէ ասում են՝ <<խասիաթը>> ուրագային է. ինչ հավաքվում էր Համահայկական հիմնադրամի հովանու տակ, Սաշիկից <<բեթար>> ասում էր` կեսն իմ հաշվին փոխանցեք, իմ ազիզ խաթրին են մուծվել) ու հարցը դնենք շատ պարզ, շատ կտրուկ, ավելի քան վստահ եմ, հարցի լուծումն այսպես ավելի դյուրին կլինի հենց Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև հենց որ որևէ թալանչիի ասում են` գողացածդ վերադարձրու պետական գանձարան, մերձավոր շրջապատ մեդիա դաշտով և ֆեյքերով հարայ են տալիս, վայնասուն են բարձրացնում, մինչև կրեմլ և մինչև եվրոպառլամենտ ու եվրոդատարան, թե՝ հասեք հա հասեք, թալանում են, Նիկոլը անձական թշնամություն ունի նախկին իշխանությունների հանդեպ… Իսկ ի՞նչ է, էդ <<նախկին իշխանություն>> կոչվածները որ մայր-հայրենին տկլորացրել, սնանկացրել, դատարկել, <<քուչի եթիմ>> են սարքել, դա որդիական ազնիվ ու անձնուրաց սիրո՞ւց դրդված են արել

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Հ.Գ. Այս ահազանգը գրվել է 2016-ի աշնանը, խմբագրվել հիմա, էն ժամանակ <<Իրատեսը>> վերցրել էր տպագրության, բայց ես որոշեցի ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան ավելացնել, հետո արդեն, որովհետև ինքս էլ չէի դրա իրականացման մեխանիզմը պատկերացնում, այդպես էլ ձգձգվեց ու անկյուն նետվեց: Հիմա իրավիճակ է փոխվել, իրավիճակ է փոխվել, բայց նախկին ռեժիմի շնիկները զօր ու գիշեր քլնգում են Նիկոլին ու նրա ձևավորած կառավարությանը, իրենց 20, երրորդ հանրապետության՝ 30 և հայոց մի քանի հազարամյա պատմության թերությունների և այլևայլ կուտակված ու չլուծված հարցերի, ագռավակռինչ բարձրացնելով՝ բոլորիս սպասվող վատ օրերի ու վատ ժամանակների, գազի գնի բարձրացման, այլևայլ բաների սպասվող թանկացումների, Արցախի վիճակի ու հարցի վատթարացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների փոխադարձ կոշտացման, հարևան թշնամի երկրների կողմից ագրեսիայի ակտիվացման, Արևմուտքից մեր քիթը խոթվող սոդոմ-գոմորի ու հազար ու մի զրթուզիբիլի համար… Բայց այս ամենը նախկինները ցավոք անում են՝ ուշադրություն շեղելու և իրենց գողունն ու թալանը ապահով տեղավորելու , աչքից ու աչքացավից հեռու վայելելու-մարսելու համար՝ օտար երկրներում քաղաքական ապաստան մուրալով, գողոնը նրանց շներին, իրենց հետույքները փրկելու համար, բաժանելով ու մեր երկրի տասնամյակների ու հարյուրամյակների հարստությունը շան բաժին անելով․․․

Ավելի պարզ ասած՝ նրանք թքած ունեն ամեն ինչի վրա, և՛ իրենց երեխաների հայեցի դաստիարակության ու կենսակերպի, և՛ մերձավոր շրջապատի, որ հետույքները ճղելով ծառայել են սրանց, և՛ Արցախի ճակատագրի, և ամե՛ն ինչի վրա, ու առաջին հերթին հենց դրա՛ համար, օր առաջ մեր բոլոր գողերից, կամավորության սկզբունքով և օրենքի տառից. (քանզի օրենքի կտրած մատը չի ցավում), և ամեն վայրկյան պատերազմի մեջ հայտնվելու իրավիճակից ելնելով, ընդհուպ մի մասին , մի մասին՝ շեշտում եմ, ազգովի համաներելով, պետք է շտապ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ վերադարձնենք պետությունից ու ժողովրդից նրանց գողացածը, թալանածը, գռփածը, և դրանով օր առաջ փակենք դեպ անդունդ տանող դեֆոլտի ճանապարհը ու մեր պայծառ սերունդներին , պատմության վերջին 2000 տարիների մեջ առաջին անգամ, անդարդ, անլաց պետություն, անհոգ տնտեսություն և զարգացող ու առաջընթացի ամուր հիմքեր ունեցող թռիչքահրապարակ մատուցենք, առանց ազգային բարդույթների, հզոր գեներով, ազնիվ պատմությամբ և աշխարհի ժողովուրդների հետ ազատ,անկախ ու հավասար ապրելու, պահանջված դեպքում՝ կռվելու և հաղթելու, երկիր մոլորակի վրա ավելի խորն ու ամուր հաստատվելո՛ տեսլականով․.. Վ.Շ. Երևան 2016. 09. -2019. 05

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...