Շինարարները փակել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը

- in Հասարակություն
mayrughi

Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Բագրատ Բադալյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունն ունի ֆինանսական դժվարություններ, գտնվում է սնանկացման գործընթացում։

Ճշտող հարցին, թե ճիշտ կասկացա՞նք, որ Հյուսիս-հարավի կառուցման հիմնական ընկերությունն այլևս սնանկացված է, նա պատասխանեց․ «Սնանկացված չէ, գտնվում է սնանկացման փուլում։ Այն սկսվել է երկու տարի առաջ, նոր չէ։ Անցած տարի իրենք որոշակի աշխատանքներ արել են, մենք վճարել ենք, այս պահի դրությամբ անհամաձայնությունը մի քանի կետով է, նաև ծավալներին է վերաբերում։ Անհամաձայնության կետը՝ դա ժամկետների երկարաձգումն է իրենց կողմից, մյուսը՝ Տրանշ 1-ով Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածների պահված գումարի հետվերադարձը և վերջին կատարողականի վճարումը»,- ասաց նա։

Նա նշեց, որ Տրանշ 2-ի շինարարության ավարտը նախատեսված էր այս տարվա հուլիսին, և այս խնդիրների պատճառով չեն հասցնելու իրականացնել։

«Սեպտեմբերին լրանում է վարկային համաձայնագրի ժամկետը։ Մենք նախատեսել  ու ձեռնարկել ենք միջոցներ՝ վարկի ժամկետը երկարացնելու ուղղությամբ»,- ասաց Բադալյանը։

Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ շինարարությունը շարունակելու համար կառավարությունը նոր կապալառու պետք է գտնի, փոխնախարարը պատասխանեց, որ դա կախված է իսպանական ընկերության հետ բանակցություններից։  Եթե դրանք կառուցողական ընթանան, գուցե կառավարությունը ցանկություն կունենա նրանց հետ շարունակելու աշխատանքները։

Հյուսիս-հարավ միջպետական ավտոճանապարհին աշխատանքներ իրականացնող շինարարները փակել են Աշտարակ-Ուջան հատվածը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Ճանապարհը փակվել է շինարարների կողմից, ովքեր աշխատել են որպես ենթակապալառու Հյուսիս-հարավ ավտոճանապարհին, և օգոստոս-սեպտեմբերից աշխատավարձ չեն ստացել: Դեկտեմբերից այս հատվածում աշխատանքները դադարեցվել են, և կառավարությունն այն ժամանակից սկսած պնդում է, որ դեռ բանակցում են աշխատանքներն իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հետ, որը պետք է փորձի որևէ լուծում գտնել»,- ասաց Գորգիսյանը:

Պատգամավորը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարության անդամներից մեկի հետ հանդիպում, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխաններն ու հասկանան իրենց ճակատագիրը: