Levon Barsegyan

Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Անչափ հետաքրքիր է, դատավորի էսօրվա կայֆերից հետո, այլեւս մարդ մնա՞ց Հայաստանում, որ կհամարձակվի պնդել, թե դատարանների բարեփոխում, դատավորների զտում, դատական իշխանության ձեւավորում, անցումային արդարադատություն պետք չէ մեր երկրում, որ դա վայրենի բան է, մենք հո Աֆրիկա չենք…: Մարդ մնա՞ց, որ կհամարձակվի պնդել, թե անցումային արդարադատության համակարգին ներդրումը վրեժխնդրություն է, իբր՝ բերեք ներենք հանցագործներին, թող նախկին հանցագործ պաշտոնյաները եւ շատ կասկածելի ազատություն ունեցող դատավորները մեկական անգամ ասեն՝ հորս արեւ, այլեւս վատ բան չեմ անի, բարիշենք ու թող գնան իրենց համար անխռով եւ անպատասխանատու ապրեն եւ աշխատեն:

Անցումային արդարադատության համակարգի մասին հանրային քննարկումները, համակարգի մշակումն ու ներդրումը անտեսելը բերելու է էլ ավելի խոր հանրային հիասթափության ու զայրույթի: Հանրությունը, իհարկե, խորությամբ չգիտե, թե դա ինչ համակարգ է, գուգլը անբավարար է: Այդ համակարգը պիտի մշակվի այլեւս չուշացող հանրային եւ մասնագիտական քննարկումների հիման վրա եւ ներդրվի օր առաջ, անհապաղ: Այդ քավարանով են անցել ավտորիտարիզմ, զավթում, եւ ռազմական դիկտատուրա ունեցած երկրները, եւ միայն դրանով ու դրանից հետո են սկսել զարգանալ:

Անցած ամիսներին զանազան բաց եւ փակ խմբեր իշխանության ներվերին եւ ականջին համառորեն կաթում էին, թե անցումային արդարադատությունը քըխ է, արյուն է, վրեժ է, մենք վայրենի չենք, մենք բարի պիտի լինենք եւ այլն, ես կարող եմ կռահել, թե ինչ շրջանակներից էին այդ ամենը կաթում իշխանության վրա եւ ինչ հաշվարկներով: Մազ էր մնացել, որ իշխանությունն համաձայներ:

Դրան հակառակ ես եւ իմ մի խումբ մասնագետ գործընկերներ բաց եւ հրապարակավ ասում էինք, ասում ենք ու պնդելու ենք որպես ծանր կերպով ախտահարված պետական օրգանիզմի վերականգման ճանապարհ կիրառել Անցումային արդարադատությունը. դատական իշխանության (ոչ թե դատարանների) ձեւավորումը, եղած դատավորների աստիճանական քննությունը եւ զտումը, անցած իշխանությունների, հատկապես իրավապահ համակարգի պաշտոնյաների գործողությունների եւ պետության զավթման քաղաքական գնահատականը, Հայաստանի հանրապետության եւ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների դեմ կազմակերպված, անհատական եւ զանգվածային հանցագործությունների բացահայտումը, քննությունը, պատասխանատվության համարժեք համակարգի ներդրումը՝ լյուստրացիան, լյուստրացվածների զատումը իշխանական համակարգից, թալանի վերադարձի մեխանիզմների մշակումը եւ այլն: Այս ցանկը ոչ սպառիչ է, ոչ էլ ավետարանական, իշխանությունը հանրության հետ պիտի մշակի անցումային արդարադատության կառուցվածքը, գործիքակազմը եւ ժամանակացույցը: Երբ պնդում ենք անցումային արդարադատությունը որպես հետհեղափոխական բարեփոխումների ավանգարդ, հանցագործների բացահայտ եւ ծածուկ աջակիցները ջանք չեն խնայում մեզ անպատվել ու զրպարտել աներեւակայելի ստերով ու մատնություններով, թե բա օտարի պատվերն ենք կատարում, երկիրը քանդել ենք ուզում եւ այլն, էդ հաչն առաջին անգամ չենք լսում, սովոր ենք: Այդ հաչը քանի կա, համարելու եմ, որ հեղափոխությունը չի ավարտվել եւ նախկինները դեռ ծածուկ իշխանություն են պահում ու հույսեր են փայփայում ռեւանշի, շատ լավ գիտեն, որ անցումային արդարադատությունը իրենց զրկելու է վերադարձի ճանապարհից, անպատիժ մնալու հույսից, դրա պատճառով էլ շներին կերակրում ու քշում են վրեքս: Բայց ես համոզված եմ, որ անհնար է աղտոտ ամաններով հիվանդին կերակրել բուժելու հույսով, անհնար է վարակված գործիքներ տալ վիրաբույժին ու պահանջել վիրահատությունը բարեհաջող իրականացնել: Չկա բնության մեջ արատավոր համակարգով բարեփոխում իրականացնելու տրամաբանություն:

Մի՞ թե մեկ տարում այդպես դժվար է եղել այս ամենը հասկանալ: Փաստորեն կարիք կա, որ Անցումային արդարադատության էությունն ու կարիքը հանգամանալից բացատրենք չուրաքանչյուր քաղաքացու, տնետուն ընկնենք, մեկ առ մեկ բացատրենք բոլոր նրանց, ովքեր անցած տարի ելան պետության բռնազավթիչների դեմ եւ հաղթեցին, հաղթանակի սկիզբ դրեցին, ուրեմն պիտի անենք: Անենք այնպես, որ 16 տարեկանից մինչեւ զառամյալը հստակ իմանա դրա էությունն ու կարիքը, օրուգիշեր իր պատգամավորին եւ վարչապետին գժվեցնի դրանով, մինչեւ մշակվի եւ ընդունվի այն՝ իր ճանապարհային քարտեզով:

Քոչարյանին շատ հաճելի, ու գրեթե ամբողջ Հայաստանին կատաղեցրած դատավորի կայֆոտ որոշումից 6 օր անց Ազգային Ժողովում կայանալու է մի քանի օր առաջ հայտարարված հանրային լսումը Անցումային արդարադատության ներդրման մասին: Ես պատկերացնում եմ, թե ինչ թեժ է լինելու: Մի քննարկումով հարցը չի պարզվելու: Փոքրաթիվ մարդիկ գալու են, պատմեն համերաշխության եւ հաշտության պատմություններ՝ ծածուկ կամ ակամա պաշտպանելով նախկիններին, մեծաթիվ մարդիկ էլ պատմելու են, որ կամ Անցումային արդարադատություն լինելու է, կամ՝ ընդամենը իշխանափոխություն է եղել: Բացատրելու են, որ ոչ մի տնտեսական, մշակութային, կրթական, հակակոռուպցիոն հեղափոխություն չի լինելու առանց սխալների եւ հանցագործությունների բացահայտման, առանց պատասխանատվության եւ առանց կառավարման համակարգի հականեխման:

Հատուկ շնորհակալություն այսօրվա «բարեգութ» դատավորին անցումային արդարադատության ներդրմանը իր կարեցածի չափով աջակցելու համար:

Շնորհակալություն համբերությամբ կարդալու համար:

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...