Որևէ մեկը կասկած չունենա, որ առնվազն Չերյոմուխայի կրակոցների հարցում անպայման կունենանք առարկայական բացահայտում

- in Պաշտոնական

Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Մարտի մեկի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանը, որը մեկնարկում է այսօրվանից։

Ըստ Քոչարյանի՝ դատավարության ամբողջ ընթացքում պարզ կերևա, թե ինչ ապօրինի որոշումների արդյունքում էր, որ տեղի ունեցավ Մարտի մեկը, և ունեցանք առնվազն 10 զոհեր։

«Բայց եթե նկատում եք, պաշտպանություն իրականացնող փաստաբանական խումբը շեշտը դնում է այն բանի վրա, որ՝ եթե այս պահի դրությամբ չեք հայտնաբերել տասը սպանություններից որևէ մեկը, իրավունք չունեք Ռոբերտ Քոչարյանին կամ որևէ մեկին մեղադրանք առաջադրել։ Ինչ վերաբերում է սպանությունների բացահայտմանը, որևէ մեկը կասկած չունենա, որ առնվազն Չերյոմուխայի կրակոցների հարցում անպայման կունենանք առարկայական բացահայտում»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված ալյանսին։ Նա նշեց, որ քաղաքական կոմպոնենտը կարծես բացակայում է, քանի որ անհատներ են միացել ալյանսին։

«Եթե դուք տեսել եք՝ որ քաղաքական ուժն է ընդդիմադիր դաշտում այդպիսի ալյանս ձևավորել, որին միացել է Ռոբերտ Քոչարյանը, գուցե այդպիսի միավոր ստեղծվել է մեկուսարանում։ Դրա մասին էլ որևէ հաղորդագրություն չկա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ լայն ճակատ պետք է բացել ընդդիմադիր դաշտում, ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտն այսօր ներկայացված է Ազգային ժողովում, որոնք ֆիքսված են ընտրությունների արդյունքով։ Ընտրությունների արդյունքից դուրս, եթե կան քաղաքական ուժեր, որոնք մնացել են որպես արտախորհրդարանական ուժ և հիմա այդպիսի գործընթացներ են ձևավորում, որի մասին խոսում է պարոն Ռոբերտ Քոչարյանը, առայժմ տեսանելի չէ ինձ համար։ Եթե ստեղծվի ու հստակ հայտարարություն լինի, այն ժամանակ մենք կհասկանանք՝ ինչ նպատակներ է հետապնդում այդ ալյանսը՝ միտված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն ուժեղացնելո՞ւն, թե՞երկրի քաղաքական դաշտն առողջացնելուն ու անվտանգության համակարգն ուժեղացնելուն»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միայն դահլիճային հանդիպումներ են տեսնում Քոչարյանի աջակիցների, ընտանիքի անդամների ու իրենց կողմից վերահսկվող լրատվամիջոցների մասնակցությամբ։

Փաստաթղթերի կորուստը հատուկ ծառայություններից շատ արտառոց դեպք է։ Այդպիսի դեպք եղել է նաև 1990-ական թվականներին, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նյութերի ոչնչացման տեղեկությանը։

«Ով այդպիսի բան նախաձեռնել է, դա անհետևանք չի մնալու։ Կհայտնաբերվեն թե իրականացնողները, թե եթե հնարավորություն կա, նաև այդ փաստաղթղթերի վերականգնման գործընթաց կգնա։ Իսկ թե ինչի հետ առնչություն ունեն, կարող է Մարտի 1-ի հետ, կարող է այլ բաների։ Բայց եթե դրանք անհետացել են, նշանակում է՝ մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ։ Վերջիվերջո մենք գիտենք, որ շատ բաներ կեղծվել են, և նաև անվտանգության ծառայություններն են մասնակից եղել այդպիսի կեղծիքների կազմակերպմանը թեկուզ հենց Մարտի 1-ի գործով, որովհետև Ներքին գործերի նախարարությունը ազգային անվտանգության գործակալական հաղորդագրություններեի հիման վրա էր Մարտի մեկի առավոտյան պլանավորել գործողությունները։ Խոսքը ցուցարարների մոտ զենք-զինամթերք ունենալու մասին է, որը հետագայում փորձեցին նույն Փաստահավաք խմբից հեռու պահել, երբ որ մենք ուզեցինք այդ փաստաթղթերին ծանոթանալ։ Գուցե այդպիսի հաղորդագրություններ են ոչնչացվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Պարզապես պարոն Փաշինյանը զգուցացրեց, որ դա անթույլատրելի է, եթե որևէ մեկի մտքով այդպիսի բան անցնի, նա ոչ թե թուլացնում է Հայաստանի ու Արցախի միջև զարգացող դրական համագործակցությունը, այլ նաև փորձ կլինի թուլացնել մեր անվտանգության միասնական համակարգը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ։

Ըստ Քոչարյանի՝ նման միտումներ եթե լինեն, Արցախի ազգաբնակչությունը բնօրրանում կխեղդի։ Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին՝ Քոչարյանն ասաց․ «Պարոն Բալասանյանը հանդիսանում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Անվտանգություն բառն ասում է ամեն ինչ, գործողություններ, որոնք կթուլացնեն այդ անվտանգությունն անթույլատրելի է։ Եվ իրավունք չունի որևէ պաշտոնյա նման քաղաքական հայտարարություններով հանդես գալ, որը թուլացնում է մեր երկու պետությունների անվտանգության համակարգը»։

Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինայնն էլ ասաց, որ իրականում ամեն ինչ շատ պարզ է՝ ՀՀ և Արցախի ժողովուրդները նույնկերպ են մտածում, ունեն նույն նպատակները և նույն տրամաբանության մեջ են։ Եվ չկա որևէ գործիչ կամ ուժ, որը կարող է այս իրողությունը փոխել։ Բնականաբար, Արցախում սպասվում են ընտրություններ, դա կարող է ազդել տարբեր մարդկանց հայտարարությունների տրամաբանության վրա։ «Բայց այստեղ մտահոգվելու ոչ մի առիթ չկա։ Ես պետք է այստեղ կրկնեմ վարչապետի խոսքերը՝ հակահեղափոխության կենտրոն դարձնելու բոլոր փորձերը կվերջանան հեղափոխությամբ։ Պետք է ուղղակի խելագար լինել սա չհասկանալու համար։ Իսկ ես չեմ կարծում, որ Հայաստանում կամ Արցախում խելագարներ կան»,- ասաց Ռուբինյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...