Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը այցելել է Հանրային ռադիո

- in Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռադիոյի օրվա առթիվ այցելել է Հանրային ռադիոյի շենք: «Կրկին այցելել ենք Հանրային ռադիո», – գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:

Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում շնորհավորել է ռադիոյի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանն ու մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք՝ ուղիղ եթեր պահանջելով: Շենք մտած անձանցից մեկը կոտրել էր ուղիղ եթերի սենյակի դուռը: Փաշինյանը մասնակցեց դռան և պատի վերանորոգման գործին՝ ցեմենտելով կոտրված մասը:

Փաշինյանը կրկին ներողություն է խնդրել Հանրային ռադիոյի աշխատակիցներից այդ օրը պատճառած անհանգստության համար՝ նշելով, որ դա քաղաքացիական քայլ էր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հուզող ամենակարևոր գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության, եկամուտների աճի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝« Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում:

«Նախկինում այս ամենի վերաբերյալ արդեն իսկ որոշակի քայլեր արվել են և առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը և այս տարի պլանավորում ենք 100 միլիոն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պիտի խթան հանդիսանան տնտեսության համար»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ  տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն վիճակում է, և  ամենակարևոր խնդիրը լայնածավալ կապիտալ ներդրումների միջոցով տնտեսության խթանումն է, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումը, իրենց բարեկեցության աճը զգան:

«Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդկանց եկամուտները, աշխատավարձերը, թոշակներն ավելացել են: Սա ճանապարհի սկիզբն է, և մենք շատ լավ մեկնարկային վիճակում ենք: Տնտեսական հեղափոխության առաջին ամենաակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ կվերցնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարեց մայիսի 7-ին Հանրային ռադիո անակնկալ այցելության ժամանակ՝ «Ռադիոլուր» լրատվական արտահերթ թողարկման ուղիղ եթերում: «Մտադիր եմ հունիսի առաջին օրերին Հայաստանի Հանրապետությունում երկու օրով աշխատանքից կտրվել: Անցած տարվա մարտի 31-ից մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային միջավայրից կտրվել, միակ բացառությունը, թերևս, եղել են ամանորյա արձակուրդները, բայց դրանք էլ ունեն իրենց բարդությունները»,- ասաց նա:

Անդրադառնալով մայիսի 8-ի իր ասուլիսին ՀՀ վարչապետը նշեց, որ ասուլիսը  սկսելու է  Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստ հրապարակելով, ինչը միտված է ցույց տալու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել երկրում: «Դրանից հետո լրագրողները կորոշեն ինչի մասին կխոսեմ»,- հավելեց վարչապետը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...