«Պա լյուբոմու՝ լխկում ենք դրան…». նոր ուշագրավ մանրամասներ Նորատուսցի Ալիկի ու մյուսների արյունոտ ռազբորկայի գործով

- in Իրավունք
cec

Վերաքննիչ քրեական դատարանում Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով շարունակվեց «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի, «Նորատուսցի Ալիկ» մականունով Ալիկ Բանդուրյանի, «Բդո» մականունով Արմեն Գասպարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում:

Հիշեցնենք՝ խոսքը 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանություններին է վերաբերում:

Ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ի ն մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տևական ժամանակ գործը քննելով՝ կայացրել է ինչ-որ առումով անսպասելի դատական ակտ: Ալիկ Բանդուրյանը և Արմեն Գասպարյանը անմեղ են ճանաչվել ու արդարացվել են: Դատարանը վերաորակել ու մեղմացրել է Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել խմբի կազմում տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Պետրոս Իսրայելյանին ազատել է պատժի կրումից:

Դատավճռի հրապարակումից հետո երեք ամբաստանյալները՝ մեծամասամբ՝ արդարացված, գնացել են իրենց տները:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք առաջինը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաև միակ չարդարացված ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Երեք ամբաստանյալները վերաքննիչ դատարան են ներկայանում որպես ազատ ու հիմնականում արդարացված, ազատության մեջ երիտասարդացած, առողջացած ու թարմացած քաղաքացիներ:

Դատական նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը:

Դատական այս նիստին Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը շարունակեց ներկայացնել իր բերած վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Բողոքաբերը նշեց, որ առաջին ատյանի դատարանը քրեադատավարական օրենքի էական խախտումներ է թույլ տվել: Մասնավորապես, որպես անթույլատրելի ապացույց գնահատելով «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքները, միաժամանակ գաղտնալսված հեռախոսային խոսակցություններում օգտագործված բառերին տվել է կամայական մեկնաբանություններ, անտեսել կամ խեղաթյուրել է իրականությունը:

Ըստ դատախազի՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի տրամաբանությամբ՝ հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ալիկ Բանդուրյանը «ծեծել» բառն օգտագործել է այն իմաստով, որով տվյալ բառն օգտագործված է քրեական օրենսգրքում:

Դատարանը չի պարզաբանել, այդ դեպքում ի՞նչ են նշանակում Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունների մեջ օգտագործված արտահայտությունները՝ Մուշեղ Մ.-ին «էնպես ծեծել, որ հիվանդանոց ընկնի», «բիտեքով լխկել», «պա լյուբոմու՝ լխկել», «մորթել» և այլն:

Դատախազը նշեց՝ առաջին ատյանի դատարանը ավելի հեռուն է գնացել, Ալիկ Բանդուրյանի արտահայտությունը՝ «բիտեքով դրա ոտքերը ջարդեք», դատարանը մենաբանել է որպես Բանդուրյանի մտահոգությունն ու հորդորը՝ որ Մուշեղ Մ.-ի ոտքերի՛ն ուղղեն հարվածները, այլ ոչ թե կենսականորեն կարևոր օրգաններին…

Դատախազը դատարանի մեկնաբանությունների կամայականության ևս մեկ օրինակ բերեց. ըստ դատավճռի՝ Բանդուրյանը «մորթեք» բառն օգտագործել է ժարգոնային, ո՛չ այդ բառի առաջնային իմաստով, իսկ «բիտեքով ոտքերը ջարդեք» արտահայտությունը Բանդուրյանն արել է ուղղակի իմաստով՝ հորդորելով Մուշեղ Մ.-ին ոտքերից վերև չհարվածել…

Դատախազը նշեց՝ Բանդուրյանի ու Իսրայելյանի խոսակցություններում «մորթել» բառն ավելի շատ է օգտագործվել, քան՝ «ծեծել» բառը, ընդ որում՝ «ծեծելը» հիմնականում առանձին չի օգտագործվել, այլ որոշակի արտահայտությունների մաս է կազմել, օրինակ՝ «կիսատ-պռատ չծեծեք», «պա բռատսկի ծեծելու ենք»:

Վերջին արտահայտության վերաբերյալ դատախազը սրմամիտ դիտարկում արեց. դատարանի տրամաբանությամբ՝ «պա բռատսկի ծեծելը» «եղբայրաբար» ծեծելն է, իսկ իրականում, ըստ դատախազի, «պա բռատսկի ծեծելը» ծեծողներին շահագրգռելու ավելի ազդեցիկ եղանակ է» ախպերական միջավայրում…

Դատարանը, ըստ բողոքաբերի, անտեսել է այն փաստական հանգամանքը, որ տուժողի նկատմամբ լիակատար հաշվեհարդար տեսնելու նպատակով Նորատուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամը նախապես դեպքի վայրից հեռացրել էին տուժողի հետ այնտեղ գտնվող Վիրաբիկին…

Ըստ դատախազի՝ դատարանն անհիմն հետևության է հանգել, թե բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որ Պետրոս Իսրայելյանն ու գործով չպարզված նրա համախոհները տուժողին հարվածներ են հասցրել «բահերի կոթերով, մահակներով, սուր կտրող-ծակող գործիքներով», որոնք նշված էին մեղադրական եզրակացության մեջ: Դատախազը նշեց՝ նախ՝ պարտադիր չէր, որ այդ առարկաների գործադրումից տուժողը ծանր վնասվածքներ ստանար: Բացի այդ՝ այդ առարկաները դեպքի վայրում չհայտնաբերելը դեռ չի նշանակում, թե այդ առարկաները դեպքի ժամանակ չեն գործադրվել:

Դատախազը հիշեցրեց, որ դեպքից հետո «Լիա» գեղեցկության սրահը փակվել ու մաքրվել է հանցագործության հետքերից: Տեղազննության ժամանակ հայտնաբերվել են ընդամենը 4 պարկուճ և 2 գնդակ…

Քանի որ տուժող Մուշեղ Մ.-ին սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքը տեղակայված էր նրա որովայնի աջ հատվածում, ոչ թե՝ ձախ մասում ու սրտի շրջանում, դատարանը եզրահանգել է, թե այդ հարվածով Գևորգ Ավետիսյանը Մուշեղին սպանելու դիտավորություն չի ունեցել:

Բայց փաստն այն է, որ Մուշեղ Մ.-ն մահացել է… Դատախազը թվարկեց նաև բոլոր այն վնասվածքները, որ Մուշեղ Մ.-ին պատճառվել էին բութ գործիքների ներգործությամբ:

Բողոքաբերը նշեց՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է Մուշեղ Մ.-ի առողջությանը հնարավորինս ծանր վնաս պատճառել: Դրդչությունը օրենքով չի ենթադրում, որ դրդողը անպայման պիտի նշի, թե տուժողի մարմնի որ հատվածներին ու ինչ գործիքներով հասցվեն հարվածները:

Ըստ դատախազի՝ անհասկանալի է, թե դատարանը ո՞ր փաստական հանգամանքների վերլուծությամբ է հանգել եզրակացության, թե Մուշեղ Մ.-ն է եղել գեղեցկության սրահի նկուղային սենյակում ծավալված կռվի նախաձեռնողը: Ըստ գործի տվյալների՝ Մուշեղը ամեն կերպ խուսափել է այդ հանդիպումից, հանդիպումն այդ վայրում անցկացնելու նախաձեռնողները Պետրոս Իսրայելյանն ու նրա համախոհներն էին, իսկ կռվի նախաձեռնողը իր իսկ խոսքերի համաձայն՝ Պետրոս Իսրայելյանն է եղել, որը դեպքից հետո Բանդուրյանի հետ հեռախոսազրույցում ասել է՝ ես տվի ու տվինք…

Դատախազի կարծիքով՝ ըստ գործի տվյալների՝ Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի ու մյուսների կողմից գործադրված բռնությունից փրկվելու համար Մուշեղ Մ.-ն սկզբում փորձել է փախչել, հեռանալ դեպքի վայրից, բայց չի կարողացել ու հանել է հրազենը:

Դատախազը հիմնավոր համարեց նախաքննական մարմնի եզրահանգումը, թե Մուշեղ Մ.-ն դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները եղել են իրավաչափ, նրա նկատմամբ ոտնձգությունը եղել է խմբակային, իրական ու վտանգավոր՝ նրա նկատմամբ բռնություն են գործադրել Պետրոս Իսրայելյանն ու նրա բազմաթիվ համախոհները: Մինչդեռ դատարանը, դատախազի կարծիքով՝ անհասկանալի կերպով, եզրահանգել է, թե անհրաժեշտ պաշտպանության վիճակում է գտնվել Գևորգ Ավետիսյանը: Դատախազը նշեց՝ Մուշեղ Մ.-ի կողմից հրազենի գործադրումը այն պայմաններում, որում նա հայտնվել էր, չի կարող դիտվել որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Գևորգ Ավետիսյանը, ըստ դատախազի, Մուշեղ Մ.-ին դեպքի վայր «զոռով բերած» ու նրա նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկն էր, նա չէր կարող գտնվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Դատարանի տրամաբանությամբ ստացվում է, որ անհրաժեշտ պաշտպանության վիճակում է եղել նաև… Պետրոս Իսրայելյանը, մինչդեռ դատարանը նրան մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը խմբի կազմում դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար:

Դատախազը իր բոլոր օրինակներով ի ցույց հանելով, որ առաջին ատյանի դատարանը, իր կարծիքով, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, պնդեց իր բերած վերաքննիչ բողոքի պահանջները:

Դատարանը հարցերի միջոցով մեկ անգամ ևս ճշտեց դատախազի դիրքորոշումը՝ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքները որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի համարելու և «Ներքին դիտում» գործողությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես քողարկված նմուշառում օգտագործելու՝ դատարանի հետևությունների վերաբերյալ:

Դատախազը պնդեց արդեն իսկ հայտնած դիրքորոշումը՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքները կարող են որպես «այլ փաստաթուղթ»՝ ապացույց դիտարկվել: Իսկ «Ներքին դիտում» գործողությունը բնավ քողարկված նմուշառում չի եղել, մինչև այժմ էլ այս գործով կան չբացահայտված անձինք, օպերատիվ-հետախուզական գործողությունները ներկայումս էլ շարունակվում են, իսկ կոնկրետ վերոհիշյալ գործողության նպատակը օպերատիվ-հետախուզական տվյալներ ձեռք բերելն է եղել, այնուհետև գործողության արդյունքը օգտագործվել է որպես նմուշ, «Ներքին դիտումը» նմուշառման նպատակ չի ունեցել…

Ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը սկսեց ներկայացնել իր բերած վերաքննիչ բողոքը: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի մասով առաջին ատյանի դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի դրույթների էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Պետրոս Իսրայելյանի կողմից տուժողին խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանելու մեղադրանքը հաստատված չհամարելով՝ դատարանը Իսրայելյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը խմբի կազմում դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ խախտելով նրա արդար դատաքննության ու պաշտպանական իրավունքները:

Պետրոս Իսրայելյանին ի սկզբանե պարզ չեն եղել իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունն ու էությունը, այդ պատճառով նա դատաքննության սկզբնական փուլում դիրքորոշում չի հայտնել, իսկ հետագայում ցուցմունք է տվել՝ ներկայացնելով, թե ինչ է եղել իրականում:

Ըստ պաշտպանի՝ Պետրոս Իսրայելյանն իրավական հնարավորություն չի ունեցել արդյունավետ իրականացնելու իր իրավունքները, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը հստակ ու հասկանալի չի եղել: Դատարանը նույնպես եզրահանգել է, թե առաջադրված մեղադրանքը անհստակ ու անորոշ է, հիմնված է ենթադրությունների վրա: Բայց դատարանը Պետրոս Իսրայելյանին մեղավոր ճանաչել՝ առանց հստակեցնելու՝ տուժողի դեմ ուղղված բռնության կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել Իսրայելյանը, ե՞րբ է կատարել դրանք, նրա գործողությունները չէի՞ն հանդիսանում արդյոք անհրաժեշտ պաշտպանության արդյունք… Դատարանը, մեղավոր ճանաչելով Պետրոս Իսրայելյանին, չի պատճառաբանել իր եզրահանգումը, չի կոնկրետացրել ու Պետրոս Իսրայելյանի մասով կայացրել է անհիմն, չպատճառաբանված դատական ակտ…

Պաշտպան Միհրան Պողոսյանն իր բողոքի հիմնավորումները կշարունակի հաջորդ դատական նիստում՝ մայիսի 30-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...