«Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իմ մուտքն այդ երկրների տարածք արգելելու հարցը»

- in Միջազգային
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին բելառուսական «Белсат TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է իրեն այդ երկրների տարածք չթողնելու հարցը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սահակաշվիլին հույս ունի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում որևէ պաշտոն զբաղեցնելու, Վրաստանի նախկին նախագահը պատասխանել է, որ իր՝ քաղաքականություն վերադառնալու հարցը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը:

Սահակաշվիլին ևս մեկ անգամ հաստատել է Ուկրաինա վերադառնալու իր ցանկությունը՝ նշելով, որ իրեն այդ երկրից ապօրինաբար են արտաքսել, ինչպես Վրաստանի դեպքում:

«Պուտինը ոչ միայն Վրաստանում իր դրածոների հետ է պաշտոնապես քննարկում ունեցել, ոչ միայն Պորոշենկոյին պաշտոնապես կոչ է արել ինձ Ուկրաինայից արտաքսել, այլև Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ է քննարկել իմ մուտքն այդ երկրների տարածք չթույլատրելու հարցը: Սա անարդար իրավիճակ է. ես ամբողջ աշխարհում կարող եմ շրջել, ինչո՞ւ չեմ կարող վերադառնալ Թբիլիսիի կամ Կիևի իմ տուն:

Արդարությունը պետք է վերականգնվի», – ասել է Սահակաշվիլին:

Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքը Ուկրաինայում որևէ պաշտոնի չի հավակնում:

«Ես միայն կարող եմ իմ խորհուրդներով օգտակար լինել, ես, իհարկե, Ուկրաինայում որևէ պաշտոնի չեմ հավակնում», – ասել է Սաակաշվիլին Լեհաստանի արբանյակային հեռուստատեսության BelSat հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Քաղաքական գործիչը նշել է, որ ցանկանում է վերադառնալ Ուկրաինա՝ տեսնելու ընկերներին, խորհուրդներ տալու երիտասարդներին և դասախոսություններ կարդալու:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին լքել էր Վրաստանը 2013թ.-ին նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետի լրանալուց հետո և այլևս հայրենիք չի վերադարձել:

2015թ.-ին նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհվել, որից նախկին նախագահը զրկվել է 2017 թ.-ին: Այնուհետև Սահակաշվիլին վտարվել է Ուկրաինայից, և այժմ գտնվում է Նիդեռլանդներում: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը մինչև 2021 թ.-ը արգելել է նրա մուտքը երկիր: