Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

- in Իրավունք

Ռոբերտ Քոչարյանի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասաց, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են եւ տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել չեն ասել:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել դատարան, սակայն դատարանն այն չէր քննել:

Մեր զրույցում դատախազությունից ասացին, որ նման տեղեկության չեն տիրապետում:

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները միջնորդություն կներկայացնեն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգրոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս մեր զրույցում ասաց նաեւ, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, ներկայումս բողոքն է պատրաստվում:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը փոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ Արցախի գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորութամբ: