Ռոբերտ Քոչարյանի պատասխանը. իրավիճակը փոխվեց

- in Կարծիք
Serj Robert

Դատական իշխանության փոփոխության հարցադրումը փաստացի Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր Ռոբերտ Քոչարյանին, որն իրականացրեց բավականին լավ կազմակերպված եւ ընդհուպ բազմաշերտ գործընթաց, հասնելով իրավիճակի, երբ հանգամանքները դասավորվեցին հոգուտ իր խափանման միջոցի փոփոխության եւ կալանքից ազատման:

http://lragir.am Միամտություն է համարել, թե դատավճիռը լոկ դատավորի խնդիր էր, կամ դատական համակարգի: Իրավիճակը չափազանց քաղաքական էր, եւ թերեւս նաեւ արտաքին քաղաքական, լոկ դատավորի կամ դատական համակարգի հայեցողությանը կամ թեկուզ կոռումպացվածությանը մնալու համար:
Այդ գործընթացի շնորհիվ, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ոչ միայն խափանման միջոցի փոփոխությունը, այլ նաեւ ներքաղաքական իրավիճակի եւ հանրային հոգեվիճակի փոփոխությունը: Տպավորություն էր, որ թավշյա հեղափոխություն արած հանրությունը պարտվել է ընդամենը խափանման միջոցի փոփոխության հասած Ռոբերտ Քոչարյանին: Երկրորդ նախագահին հաջողվեց հանրությանը կենտրոնացնել իր վրա, թեկուզ բացասական գնահատականների գերակշռությամբ:

Տվյալ փուլում նա լուծում էր հանրային «գլուխներում» իշխելու հարցը, որը լուծեց զգալիորեն: Ընդ որում, պետք չէ բացառել, որ այդ գործում, բացի իր աջակիցների խմբեր ձեւավորելուց, երկրորդ նախագահը կամ նրան հարող որեւէ թիմ կարող էր ձեւավորել նաեւ մոլի հակառակորդների խմբեր: Դրանք առերեւույթ «հրեշ» հռչակելով Քոչարյանին, բավականին նրբորեն հարվածում էին հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին: Այդ գործին օգնում էին նաեւ քաղաքական դաշտում արմատական դիրքավորմամբ այլ խմբեր, որոնք իրենց շահից ելնելով փորձում էին զուգահեռ հարված հասցնել թե Քոչարյանին, թե Փաշինյանին, առնվազն կարճաժամկետ հատվածում այդպիսով խաղալով երկրորդ նախագահի օգտին՝ կամա թե ակամա:

Այն, որ խափանման միջոցի փոփոխության հարցը Ռոբերտ Քոչարյանի քաղտեխնոլոգիական թիմը հմտորեն վերածել էր բավականին լավ մշակված քաղպաշտպանություն-գրոհի գործընթացի, հավելյալ վկայեց նաեւ դրան Նիկոլ Փաշինյանի փաստացի պատասխանը:

Այն չհնչեց անմիջապես, այլ մի ամբողջ օր եւ մի քանի ժամ անց, ինչը նշանակում է, որ պատասխանը չի եղել հախուռն եւ հապճեպ: Ըստ այդմ, եթե Նիկոլ Փաշինյանը արել է դատարանները շրջափակելու կոչ, ապա դա որոշակի հաշվարկի հետեւանք է, որքան էլ առերեւույթ այդ կոչի իմաստը շատերի համար եղել է հարցի առարկա:

Մյուս կողմից, անուղղակի պարզաբանումները Նիկոլ Փաշինյանի արդեն հայտնի ելույթում են, որտեղ նա բացի դատական անկախ իշխանության խնդրից, խոսեց նաեւ մի շարք այլ քաղաքական հարցերի մասին, ընդ որում առանցքային, հիմնարար հարցերի, ինչպիսին ապրիլյան պատերազմի թեման: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է այդ հարցն ուսումնասիրելու համար ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Փաստացի, դատական իշխանության խնդրի շուրջ հանրային ալիքի գեներացիա խթանելով, Նիկոլ Փաշինյանը առնվազն կարճաժամկետ առումով հանրային զգալի մեծամասնության «գլուխներից» հանեց Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Միաժամանակ, Փաշինյանն անցավ բավականին կոշտ եւ ուժեղ հակահարվածի, ազդարարելով մի քանի քայլ, այդ թվում ապրիլյան պատերազմի հանգամանքների խորհրդարանական ուսումնասիրություն, հաշվի առնելով նաեւ այդ իրողության արտաքին գործոնները:

Ո՞րն է լինելու ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի պատասխանը: Քաղաքական իմաստով, ազատությունը երկրորդ նախագահին թերեւս ավելի կաշկանդում է, հաշվի առնելով մի շարք իրողություններ: Միաժամանակ, Փաշինյանը ոչ միայն հրապարակային քաղաքականության դաշտում է պատասխան հարված հասցրել, այլ նաեւ նախկին համակարգի խորը թիկունքում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հարցով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Spread the love