Ռուսաստանը հավաքում է Հայաստանի ձեռքի՞ց, թե Հայաստանից հեռանալո՞ւ համար

Mihran Poghosyan qetrin

Հայկական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը Ռուսաստանում փոխվել է և ձերբակալված Պողոսյանն այժմ տնային կալանքի տակ է:

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այժմ ռուսաստանյան գործընկերներից փորձում են պարզել տեղեկությունը: Ավելի վաղ, «Ժամանակը» հայտնել էր, որ Մոսկվայում հակված են բավարարել «քաղապաստանի» վերաբերյալ Պողոսյանի դիմումը: Ինչ է կատարվում Միհրան Պողոսյանի հարցում և արդյո՞ք նա կդառնա Հայաստանի նախկին համակարգի երրորդ պաշտոնյան, որը հայկական արդարադատությունից խուսանավում է Ռուսաստանի հովանու ներքո:

Հայտնի է, որ մինչ այժմ այնտեղ պատսպարվել են նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ու Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը մեղադրվում է ապացույցները ոչնչացնելու համար:

Այստեղ հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով է Ռուսաստանը որոշում պաշտպանյալներին՝ ով հասա՞վ Ռուսաստան, թե՞ որոշում են ում պաշտպանել և հասցնում են Ռուսաստան: Եվ այստեղ իհարկե իրավիճակը ունի երկու առանցքային կետ, հարց, հանգամանք: Մեկն այն, թե արդյո՞ք այդ մարդիկ «վճարում» են Ռուսաստանին իրենց պաշտպանության համար: Ի վերջո անկասկած է, որ այստեղ բուն խնդիրը տարիների ընթացքում Հայաստանից յուրացված ռեսուրսների վերադարձն է: Իհարկե Մարտի 1-ի պարագայում կա բացառություն, կապված մարդկային տասը կյանքի հետ: Իր հերթին նաև կա քաղաքական ասպետն ու Հայաստանի ինքնիշխանության խնդիրը: Սակայն, խոշոր հաշվով, դիցուկ Միհրան Պողոսյանի պարագայում առկա է օֆշորային սկանդալի հայտնի պատմությունը, որտեղ շոշափվում էին հարյուրավոր միլիոն դոլարներ: Միևնույն ժամանակ, ելնելով նախկին համակարգի բնույթից և տրամաբանությունից, կարող ենք եզրակացնել, որ խոսքն այստեղ շղթայի, այսպես ասած հավաքական փողերի մասին է՝ պայմանականորեն «մեկի» անունով, և հատկապես վստահելի, ու գուցե խոցելի մեկի:

Այդպիսի մեկն է թերևս նաև Միհրան Պողոսյանը և ըստ այդմ, պատսպարելով նրան Ռուսաստանում, Մոսկվան գործնականում իր ձեռքն է վերցնում Հայաստանի նախկին համակարգի հավաքական ռեսուրսների մի շոշափելի բաժին, որի «բանալին» է Միհրան Պողոսյանը: Ինչ հավաքական «բանալիներ» կան Միքայել Հարությունյանի և Վահագն Հարությունյանի ձեռքում, արդեն այլ խոսակցության նյութ է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը պայմանականորեն հավաքում է Հայաստանի իր «բանալիները»:

Ահա այստեղ է նաև երկրորդ առանցքային հանգամանքը:

Բանալիները հավաքվում են Հայաստանի ձեռքի՞ց, թե Հայաստանից հեռանալո՞ւ համար: Դրանք Հայաստանում այլևս ի վիճակի չե՞ն որևէ «դուռ» բացել Ռուսաստանի համար՝ փոխվե՞լ է փականը, որին պատկանում էին այդ բանալիները: Թե՞ դրանք հավաքվում են, որպեսզի դեպի ապագա որևէ դուռ չկարողանա բացել Հայաստանի նոր իշխանությունը և նրան աջակցող հանրությունը: Որովհետև, Ռուսաստանը գործնականում գնում է ոչ թե Հայաստանի նոր իշխանության դեմ՝ այդօրինակ հովանիներով, այլ այդ իշխանությանն աջակցող հանրության ճնշող մեծամասնության: Հաշիվ տալի՞ս է Մոսկվան իր այդ քայլերի ազդեցության կամ հետևանքի համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...