Սահմանադրական դատարանը ընթացք է տվել Քոչարյանի գործով դատավորի ներկայացրած դիմումին

Hrayr Tovmasyan

ՀՀ սահմանադրկան դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու վերաբերյալ դատարանի դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով կիրառման ենթակա օրենքների սահմանադրականությունը որոշելու և Սահմանադրության նորմերը մեկնաբանելու հարցերով դատավորի գրությունը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։

ՍԴ–ից տեղեկացրին, որ դատավորի գրությունը Սահմանադրական դատարան մուտքագրվելուց հետո սահմանված կարգով ընթացք է տրվել, և վարույթ ընդունելու վերաբերյալ դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել։

Գործը քննության ընդունելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում կարող է կայացնել օրենքով սահմանված ժամկետներում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին:

Դատարանը դիմել է ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել է նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Spread the love