Սասուն Գրիգորյան. Աբովյանն այլևս արյունահոսող քաղաք է, փրկել է պետք

Հունիսի 9-ին ՏԻՄ ընտրություններ են հանրապետության մի շարք համայնքներում, մի մասում արտահերթ, մյուսներում՝ հերթական: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են, որտեղ ընտրապայքարում են 5 թեկնածուներ: Մենք այցելել էինք Աբովյան և հարցազրույցներ ունեցել նրանցից երեքի հետ, իսկ լրագրողները հարցումներ են անցկացրել Աբովյանի փողոցներում, զրուցել չափահաս աբովյանցիների հետ: Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, ուստի՝ մեր զրույցները հիմնականում քաղաքի հիմնախնդիրներին և անելիքներին է վերաբերում:

Թեկնածուներից Սասուն Գրիգորյանի հետ զրուցում ենք Աբովյան քաղաքի խնդիրների, առաջադրման պատճառների և անելիքների մասին:

– Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել Ձեր թեկնածությունը Աբովյանի քաղաքապետ դառնալու համար:

– Ծնվել և մեծացել եմ այս քաղաքում, երբ Աբովյանն ամենազարգացած, կանաչ ու բարեկարգ քաղաքներից մեկն էր մեր հանրապետությունում: Աբովյանը ժամանակին այնպիսի քաղաք էր, որտեղ շատերն էին ուզում ապրել, սակայն դրա հնարավորությունը չունեին: Իսկ այսօր Աբովյանը վերածվել է անմխիթար քարերի կույտի, մշակութային վայրեր անգամ չունենք, որի արդյունքում աբովյանցիների մեծամասնությունն իր հանգիստն անց է կացնում մայրաքաղաքում: Աբովյանում ստեղծված անմխիթար իրավիճակն է ստիպել, ավելացրած՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած փոփոխությունները, որ առաջադրեմ իմ թեկնածությունս Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, և աբովյանցիների անմիջական քվեով իրավիճակ փոխեմ նաև մեր քաղաքում: Աբովյանն այլևս արյունահոսող քաղաք է, փրկել է պետք:

– Իսկ ծանոթ եք քաղաքապետարանի բյուջեի ծավալներին, դոտացիաներին, դրանցով հնարավո՞ր է բարեկարիգել Աբովյանը:

– Այո, ծանոթ եմ, դրանցով ոչ միայն բավարար է բարեկարգում անելու համար, այլև շատ բան կարելի է անել:

– Հասարակության որոշակի զանգվածի մոտ կարծրատիպ կա, թե Աբովյանը Գագիկ Ծառուկյանի անձնական տարածքն է, այդ պայմաններում ի՞նչ է հնարավոր անել Աբովյանում:

– Ես կոչ կանեի մեր աբովյանցիներին այդ ուղղությամբ ընդհանրապես չմտածել, մեզանից յուրաքանչյուրը երկրի մի մասնիկն է ու հավասարապես: Գագիկ Ծառուկյանն օգնում է Աբովյանին, իսկ երբ ասում են սեփականատեր է, ապա կուզենայինք տեսնել նրա այդ մասին վկայող սեփականության վկայականը:

– Դուք կուսակցակա՞ն եք, կամ՝ որևէ կուսակցություն պաշտպանելո՞ւ է Ձեր թեկնածությունը:

– Ոչ, ես անկուսակցական եմ, կպաշտպանեն, թե՝ ոչ չեմ կարող այս պահին որևէ բան ասել, սակայն չէի էլ ուզի, որ որևէ կուսակցությամբ դառնայի քաղաքապետ, որովհետև նախ քաղաքը կարգի բերել է պետք, ապա միայն մտածել կուսակցականացման մասին: Ժամանակին այդպես՝ կուսակցություն – կուսակցություն խաղալով է, որ այսինչն մեկի սեփականությունն է դարձել, այնինչը՝ մեկ ուրիշի ու նրանցից ամեն մեկն մարզում իրեն թագավոր էր զգում: Ես երբեք էկրանային քաղաքապետ չեմ լինի, այլ փողոցում, բնակչի կողքին, քաղաքի հոգսերով ու խնդիրներով: Քաղաքապետը պետք է լինի քաղաքի մենեջերը, այլ ոչ թե տեր ու տիրականը:

– Որո՞նք են Աբովյանի գերխնդիրներն ըստ Ձեզ, և դրանից որո՞նց լուծման խոստումներ կտաք նախընտրական քարոզարշավի ընթացքում:

– Աբովյանում խնդիրների պակաս չի զգացվում, սկսած՝ ջրից, աղբահանությունից, կանաչապատումից, բարեկարգումից, Աբովյանն անշունչ քաղաք է դարձել, մարդիկ Երևանում զբոսնում են, հանգստանում, գալիս Աբովյան քնելու: Այս ընտրությունն արդեն աբովյանցու նամուս ու թասիբի հարցն է: Ես չեմ քննադատելու քարոզարշավի ժամանակ, ով որքան կարողացել, աշխատել է, ես ներկայացնելու եմ ծրագիրն ու ակնկալելու եմ աբովյանցիների աջակցությունը: Իմ քաղաքը պետք է դառնա Երևանից հետո թիվ մեկ ամենաբարեկարգ, ամենալավ քաղաքը մեր հանրապետության:

– Կարգախոս ունե՞ք, որով առաջնորդվելու եք:

– Այո, Ե՛վ ծրագրեր, և՛ իրականացում:

– Եվ վերջում՝ Ձեր խոսքը, կոչն աբովյանցիներին:

– Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել՝ խորհուրդ կտամ լավ ծանրութեթև անել, թե թեկնածուներից ով ով է, մի առաջնորդվեք այն բանով, թե ով ում բարեկամն ու ընկերն է, նայեք մարդու ապրածին ու արածին, ինչու ոչ՝ ընտանիքին: Ընտրեք խղճի մտոք, ով արդար ընտրվի, ես կողջունեմ: