Սպանություն Երեւանում. Շենգավիթում մանկության ընկերների վեճն ավարտվել է դանակահարությամբ

- in Իրավունք
Danakaharutyun

Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Սարգսյանն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։ Սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ: