Վարազդատ Կարապետյանն առաջարկում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ԱԱՀ-ն նվազեցնել 10 տոկոսով

- in Տնտեսական

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ Այս մասին Կարապետյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Քանի որ Ռուսաստանում և Բելառուսում 10% է, մեր ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում, և մենք չենք կարողանում դիմանալ մրցակցությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը։

Վարազդատ Կարապետյանը նշեց նաև, որ իրենք մտածում են նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- նշեց Կարապետյանը։

«Մի այսպիսի արտահայտություն կա, որ կապիտալը հայրենիք չունի: Էս էն դեպքն է, որը մենք իրականում պետք է Հայաստանից բացառենք: Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն Հայաստանում ապրող մարդու և Հայաստանի հողի ու ապագայի նկատմամբ»,- այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունքի մարզի» տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այն բոլոր փոփոխությունները, որոնք առաջիկայում նաև հարկային համակարգի փոփոխության հետ են տեղի ունենալու, դրանք ուղղված են աշխատանքը՝ որպես հիմնարար արժեք Հայաստանի զարգացման համար կարևորելուն: «Այսինքն՝ մենք գնում ենք աշխատանքի վրա հարկային  համակարգի մեղմացմանը, որ աշխատող ու ստեղծագործող մարդը կարողանա ավելի լավ հնարավորություններ ունենա Հայաստանում ապրելու և աշխատելու»,- ասաց նա:
Վարազդատ Կարապետյանը գործարարներին հորդորեց գալ ու ներդրումններ անել Հայաստանում:

«Մի քանի օր առաջ հանդիպեցինք Սերգո Բազեյանին, Լանջաղբյուր գյուղից: Ինչո՞ւ է շատ ավելի կարևոր, որ կապիտալը հայրենիք ունենա, որովհետև էս մարդը Ռուսաստանում շատ լավ աշխատել է, հաջողություն ունի, բայց հիմա 250 գլուխ տոհմային ոչխար է բերում Հայաստան պահելու: Անորոշություն է իրականում և իր, և մեր համար, թե ինչ կլինի այդ ոչխարների ապագան Հայաստանում, բայց ինքն այդ քայլն անում է: Այսօր համաժողովին 7-րդ շարքում նստած են Վարդենիկի գործարարները, ովքեր ամեն մեկը Ռուսաստանում կամ Ուկրաինայում մի համայնքի ղեկավար է: Բոլորդ պետք է գաք Հայաստան, անգամ վնասվելու վտանգի տակ, որովհետև հերիք է, որ մենք ունենանք 15-20 ձեր նման օրինակ Հայաստանում, այդ անիվը կպտտվի, ձեզնից հետո հազարները կգան: Եվ եթե դուք կվնասվեք, ոչինչ, այդ հազարները միջավայրը կփոխեն, կսկսեն օգտվել: Այսինքն՝ դուք պետք է այդ ռիսկը ձեր վրա վերցնեք ու գաք Հայաստան»,- ասաց Վարազդատ Կարապետյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...