Վարորդական բալային համակարգը հաստատվեց. Ինչ է այն ենթադրում

- in Մամուլ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց վարորդական բալային համակարգի հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց, որ այս առաջարկությունները նպատակ են հետապնդում երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրումը` որպես նախկինում գործող քաղաքականության բաղադրատարր:

Նախագծով, մասնավորապես, վերանայվել են տրանսպորտում և ճանապարհային տնտեսության բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժերրի տեսակները և տուգանքների չափերը: Ըստ նախագծի՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել: Առավել վտանգավոր այն վարչական իրավախախտումները, որոնց համար ներկայում առավելագույնը 30 000 դրամը չգերազանցող տուգանք է նշանակվում, ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել։

Վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ յուրաքանչյուր իրավախախտման համար կիրառվելու է 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր, որոնց չափը օրենսգրքի հատուկ մասով սահմանվելու է՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Անհամեմատ մեծ տարածում ունեցող իրավախախտումների պարագայում տուգանային միավորների համակարգի ներդրման նախնական փուլում նախագծով նախատեսվել են ցածր միավորներ՝ վարորդներին չծանրաբեռնելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով նաև իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս մոտեցումը որդեգրվել է հիմք ընդունելով ոստիկանությունում առկա նախորդ տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը: Հետագայում տուգանային միավորների չափերը կարող են վերանայվել` կախված կիրառման արդյունքներից։

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները։ Եվ եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից։ Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նշանակելու յուրաքանչյուր դեպքում խախտողը իրազեկվելու է իրեն տրված տուգանային միավորների մնացորդի մասին, որի չափը պարտադիր նշվելու է որոշման մեջ։ Տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է պատասխանատվություն ճանապարհային երթևեկության այն կանոնների խախտումներ պարբերաբար կատարելու համար, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով։

Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով։

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելը առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով: Փոխոստիկանապետի խոսքով՝ այս կարգավորումն ուժի մեծ է մտնելու ընդունվելուց վեց ամիս հետո: