Տեսանյութ. Ծառուկյանը հարկեր վճարելու, ներդրումների մասին. Քոչարյանի հետ համագործակցելու հարցը քննարկման ենթակա չէ

Gagik Carukyan

«Օրակարգում նման հարց չկա, մենք չենք քննարկել», այսօր լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն աջակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցին` Ծառուկյանը պատասխանեց. «Ինչ օրենքն է, օրենքի սահմանում կատարվել է»: Նա հավելեց, որ չի հանդիպել Քոչարյանին։ «Ոչ զանգահարել եմ, ոչ հանդիպել եմ, անվտանգությանը դիմեք, ձեզ կպատասխանեն»:

Հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց՝ նա բարկացավ՝ ինչի՞ եք ենթադրում, որ խուսափում եմ. «Չի եղել, չենք զանգել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»:

Հետո հավելեց. «Եղբայր ջան, հիմա ում հետ պետք է՝ կապում են, որտեղ անհրաժեշտությունը կա: Մենք ի՞նչ կապ ունենք, ասենք թե, որ պետք է կապեն: Ամեն մարդ իրավունք ունի էսօր քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Էսօր օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:

Լրագրողների դիտարկմանը, թե Քոչարյանը ժամանակին իրեն աջակցել է բիզնեսի ծաղկեցման հարցերում, Ծառուկյանը արձագանքեց. «Ի՞նչ ես ասում, աղջիկ ջան, ինձ ոչ մեկը չի աջակցել, որևիցե մեկի առաջ ոչ պարտավորություն ունեմ, որևիցե մի բան չունեմ, հերիք ա»: