Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի ընդունել խոշոր ներդրում անելու ցանկություն հայտնած ներդրողին:

Տեղեկություններ կան, որ հոլանդացի գործարարը ցանկացել է 90 մլն դոլարի ներդրումներ կատարել քաղավիացիայի ոլորտում, փորձել է հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, սակայն մերժել են հանդիպումը:

«Պետք է հասկանալ, ներդրողն ինչու է ուզում ինձ հետ հանդիպել: Եթե այդ հարցի պատասխանն ունենանք, կարող է շատ դեպքերում հասկանանք, որ ներդրողը այնքան էլ իրական ներդրող չէ: Այսինքն՝ եթե ուզում է հանդիպել փոխվարչապետի հետ, դա կարող է ունենալ մի քանի պատճառ: Ենթադրաբար ինչ-որ արտոնություններ է պահանջում, որպեսզի այդ ներդրումն իրականանա»,- ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ դա նշանակում է առհասարակ ավիացիոն շուկան խեղաթյուրել ու որոշ ընկերության ինչ-որ արտոնություն տալ:

«Ես չեմ կարծում, որ մենք մեկ ընկերությանը յուրահատուկ արտոնություն կարող ենք տալ և մնացածի գործառույթները խաթարենք: Մենք պետք է հավասար արտոնյալ պայմաններ ապահովենք բոլորի համար»,- նշեց Ավինյանը:

Նա ասաց, որ իր դռները երբեք փակ չեն եղել, եթե իրական ներդրողներն ունեն որևէ խնդիր, իրենք միշտ կարող են հայտնվել փոխվարչապետի սենյակում:

Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդների կողմից անցկացված հավաքին, որի ժամանակ հնչել էին բնռության կոչեր: Դիտարկմանը, թե այդ հավաքի ժամանակ սպառնում էին կոտրել Արցախի նախագահի գլուխը, Ավինյանը պատասխանեց. «Ղալաթ էին անում»:

Նա նշեց, որ իրավապահները գործել են: «Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից հետո», ասաց Ավինյանը:
Դիտարկմանը, թե նշված անձը ազատության մեջ է, նա պատասխանեց. «Անձը պետք է արդեն բանտարկվե՞ր, դատարանի վճի՞ռ է կայացվել արդեն, որ անձը պետք է դատապարտվի՞»:

Այն, որ նման ակցիան կարող էր կազմակերպված լինել որոշ ուժերի կողմից, Տիգրան Ավինյանը քիչ հավանական է համարում: «Ես այդ դավադրությունների տեսություններին չեմ հավատում, շատ դեպքերում, երբ մեզ թվում է, որ որևէ պայմանավորվածություն կա կամ ստվերային որևէ գործարքներ կան, շատ մեծ հավանականությամբ դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ որոշումների հետևանք է՝ չմտածված, ոչ խորությամբ վերլուծված», նշեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...