Փաստաթղթերն ընդունել ամեն օր. նախարարը` տնօրեններին

- in Կրթություն

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց:

Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձև) և բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ:

Այս և առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում` մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները հրապարակային են, թափանցիկ և նպատակ ունեն հավասար պայմաններ ապահովել բոլոր ծնողների, երեխաների և դպրոցների համար. «Առցանց համակարգի ներդրման շնորհիվ բազմաթիվ դպրոցներ այս տարի ավելի շատ աշակերտներ են ընդունել, քան նախորդ տարիներին: Որոշ դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերը սպառվել են: Հարգելի տնօրեններ, ես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվություն այս համընդհանուր բարեփոխման համար` ձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգը, ասել, որ եթե Ձեր դպրոցում տեղերը սպառված են, ուրեմն պետք է դիմել հարևան դպրոց, որտեղ ազատ տեղեր կան,- նշել է նախարարը և հավելել,- պետք է ընդունել, հասկանալ, որ այս համակարգով անհատական մոտեցումը, հատուկ վերաբերմունքը որևէ մեկի նկատմամբ բացառվում է: Սա պետական անշրջելի քաղաքականություն է»:

Նրա խոսքով` վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել` տարբեր պատճառաբանություններով: Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել և յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել` ակնկալվող 13 հազարից: Խնդիրներ առաջացել են 0,7-1 տոկոսի մոտ: Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում քննարկվում են և կտրվեն հստակ լուծումներ:

Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը. «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ և խաղաղ չեմ եղել, որքան այս տարի: Մենք առցանց ընդունելության հետ կապված որևէ բարդություն չենք ունեցել և անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը` այս համակարգի ներդրման համար»,- իր խոսքում նշել է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ով ևս իր խոսքում նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ապահովում է կրթության ոլորտում նախարարության մշակած քաղաքականության իրագործումը:

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել` նշելով, որ նոր համակարգի ներդրման փուլում համագործակցությունը տնօրենների մեծ մասի հետ արդյունավետ է եղել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...