Քոչարյանը խոսեց ԱԱԾ նամակը թաքցնելու մասին

Robert Qocharyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը: Քոչարյանը ժամանակ առ ժամանակ ելույթներ է ունենում՝ դատարանին տեղեկատվություն ներկայացնելով:

Նա խոսեց 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ոստիկանությանն ուղղված նամակի մասին: Այս նամակը, հիշեցնենք, հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

Քոչարյանն ասաց, որ այդ նամակը իր կալանավորման հետ կապված բոլոր գործերի քննության ժամանակ թաքցվել է դատարանից:

«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ազգային անվտանգության այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք միայն դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ թաքցվել է քննիչի ու դատախազների կողմից, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ», – ասաց Քոչարյանը:

Բացի այդ, ըստ Քոչարյանի, այս գործից բացակայում են Ազգային անվտանգության ծառայության կողմից հավաքված նյութերը, որոնք վերաբերում են փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածին՝ 300-350 էջ:

«Եվս մեկ բան, այս ամբողջ քրեական գործում ազգային անվտանգությունից հարցաքննվել է միայն մեկ մարդ։ Ոչ ոք այլևս չի հարցաքննվել, 800-ից ավելի մարդ են կանչել որպես վկա, բայց միայն մեկ մարդ է ազգային անվտանգությունից։ Սա ասում եմ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում», հավելեց նա:

«Իմ նկատմամբ գիտակցված, կողմնակալ ու մտածված քննություն է տարվում։ Հարգելի դատարան, ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այդ ճանապարհով»,- այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա՝ կային մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, բայց չեն հարցաքննվել: «Եվ այստեղ նրանք պետք է հարցաքննվեն»,- ասաց Քոչարյանը:

Նա հավելեց. «Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն»:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...