Քոչարյանին ազատելու որոշումը կբողոքարկվի

- in Պաշտոնական
Robert Kocharyan

Մեղադրական կողմը կբողոքարկի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատական ակտը: Այս մասին լրագրողներին  ասացին մեղադրանքը պաշտպանող դատախազները:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր հրապարակվեց Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց անձնական երաշխավորությամբ: Իսկ անձնական երաշխավորություն Քոչարյանի համար դատարանում ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

«Մենք դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, դրա պատճառաբանություններին օբյեկտիվ պատճառներով այս պահին ծանոթ չենք: Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը այս պահին ընտրված էր ճիշտ և դա միակն էր, որ կարող էր զսպել նրա վարքագիծը: Հետևաբար, մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը»,- լրագրողներին ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Կարեն Բիշարյանն էլ նշեց, որ չպետք է շեշտադրել ԼՂՀ գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, որովհետև իրենք հարցը դիտարկում են բացառապես իրավական տիրույթում:

«Մեր դիրքորոշումը տեսել եք խափանման միջոցի վերաբերյալ, և բնականաբար, այս փուլում էլ մեր դիրքորոշումը չի փոխվել: Իհարկե, մենք դատական ակտը վիճարկելու հարցը վերջնականապես կորոշենք, երբ ամբողջությամբ ծանոթանանք հիմնավորումներին ու պատճառաբանություններին»,- ասաց Բիշարյանը:

Քոչարյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկ, նրա խոսքով, այս դեպքում կա: «Այս պարագայում մենք բոլորս գիտենք, թե ինչ պաշտոն զբաղեցնող անձ է այսօր մեղադրվում և այդ պաշտոնի բերումով ինչ ծավալի կապեր օգտագործելու հնարավորությունների հետ գործ ունենք»,- հավելեց Բիշարյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը Քոչարյանին երաշխավորությամբ ազատելու վերաբերյալ, բողոքարկման ենթակա չէ: «Այս որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ», – ասել է Ալումյանը:

«Բայց եթե ապօրինություններ և ճնշումներ լինեն, եթե այդ եղանակով ամեն ինչ արվի, չեմ բացառում, որ դատախազությունը բողոքարկի, Վերաքննիչ դատարանը վարույթ ընդունի և բեկանի որոշման հետ», – ասել է Ալումյանը:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(…) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը (…)։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(…)
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, (…)մասին որոշումները.

(…)»։

ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Հարությունյանի վերաբերյալ գործով որոշմամբ սահմանել է, որ  «[Մ]եղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

(…)Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում։ Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաև առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով։

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաև դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաև համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին։

Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը։ Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ։ Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է։ (…)» (տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14-15-րդ կետերը)։

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դատարանն իր այսօրվա որոշման եզրափակիչ մասում ևս հստակ նշել է, որ դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է դառնում, որ իրականությանը չի համապատասխանում դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը, իսկ տվյալ դեպքում դատարանի վերոնշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկելու հնարավորության մասին հայտարարությունը լիովին իրավաչափ է:

Ուստի կրկին անգամ դիմում ենք պաշտպանության կողմին՝ ձեռնպահ մնալ ավելորդ որակումներից և Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ թյուրընկալումներ առաջացնելու փորձերից: