Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա կալանք է դրված. Ինչպես է նա վճարում փաստաբաններին

- in Կեղտոտ լվացք
Robert Qocharyan

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող ամբողջ գույքի և բանկային հաշիվների վրա կալանք է դրված, բացառությամբ հատուկ թոշակի, այսօր լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

«Ես դատարանում փաստերով ներկայացրեցի, որ դրամական միջոցները համարվում են բացառապես օրինական գույք: Դա չի նշանակում, որ մյուս գույքն օրինական չէ, բայց ապացույցներ կան, որոնք քննիչին ներկայացվել են, և այդ գույքի վրա պարզապես չէր կարող կալանք դրվել»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ կալանք սահմանելու որոշումը կայացվել է նախորդ տարվա հուլիսի 30-ին՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց օրեր անց: Ըստ փաստաբանի՝ դա անօրինական որոշում է:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը:

«Մենք դատարանից խնդրում ենք նախաքննության փուլում քննիչի, դատախազի գործողությունների ոչ իրավաչափ ճանաչում և դրանով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման ճանաչում»,- ասաց Խուդոյանը:

Հարցին, թե եթե Քոչարյանի բոլոր միջոցների վրա կալանք է դրված, փաստաբաններին ինչպե՞ս է վճարում, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ դրա վերաբերյալ քննիչին միջնորդություն են ներկայացրել: «Խոսքը ոչ միայն Հայաստանը ներկայացնող փաստաբաններին էր վերաբերում, այլ այն պրոցեսից սկսած, երբ սկսեցինք հայց ներկայացնել Եվրոպական դատարան, ներգրավեցինք նաև օտարերկրացի փաստաբանների: Քննիչին միջնորդել էինք, որ դրամական միջոցներն ազատեին կալանքից, որպեսզի պարոն Քոչարյանն ինքն իր միջոցներով հնարավորություն ունենա այդ ծախսերն ինքը հոգալու: Բայց քննիչը միջնորդությունը մերժել է»,- նշեց փաստաբանը:

Թե ինչպես են վճարվում տեղացի փաստաբանները, Խուդոյանն ասաց, որ դա իրենց անձնական խնդիրն է, իրենք այդ հարցը չեն բարձրացնում: