Քոչարյանի նյարդերն արդեն տեղի էին տալիս. նա կարող էր աղմկոտ բացահայտումներ անել

- in Հրապարակ

Ռոբերտ Քոչարյանին դատարանը երեկ ազատ արձակեց կալանքից, Արցախի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Մինչ այս որոշումը համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ դատավորը նման որոշում է կայացնելու, եւ որ դատավորի հայրը դաշնակցական է:

Հետաքրքիր է, որ դատարանի որոշման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում տեղնելով ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանին, հարձակվել էին նրա վրա, քաշքշել ու անվայել արտահայտություններ արել, ինչպես նշվում է ՀՅԴ Բյուրոյի ու ԳՄ հայտարարություններում:

Քրեական այս գործի հարուցումից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այն շինծու է, դա քաղաքական հետապնդում է, եւ իրեն միակ մեղավոր են նշանակել: Այս վերջին արտահայտությունը որոշակի իմաստ եւ ուղերձ էր պարունակում նախորդ իշխող համակարգի ներքին հարաբերությունների առումով: Բանն այն է, որ Հայաստանում քրեա-օլիգարխիայի համակարգի բազան քվոտաների ու ստվերային պայմանավորվածությունների համալիրն էր՝ հիմնված «համատեղ հանցանքի» վրա: Այս առումով, Քոչարյանը փաստացի ընդգծում էր հանգամանքը, որ իր հանդեպ անարդարություն է կատարվում, եւ կալանավորված է միայն ինքը:

Ինչ որ պահի Քոչարյանն իսկապես մենակ էր մնացել՝ ԲՀԿ-ն հայտարարեց հեղափոխությանը միանալու մասին, ՀՀԿ վերնախավն իր անձնական խնդիրներն էր լուծում, ՀՅԴ-ն շարունակում էր իր տգեղ քաղաքական «շպագատը» հնի ու նորի միջեւ, անորոշության ու շփոթմունքի մեջ էր ղարաբաղյան «պոլիտբյուրոն»: Անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին փորձ արվեց կրկին միավորել նրանց, սակայն այդ փորձն արագ ցրվեց:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ մայիսի 13-ին մեկնարկած դատավարությունը, որի ժամանակ Քոչարյանն անցավ բավական բաց ակնարկների, որոնք կապված էին 2007-2008-ի ներհամակարգային իրողություններին: Մասնավորապես, ուշադրության էին արժանի Սերժ Սարգսյանին իշխանությունը փոխանցելու եւ մարտի 1-ին սպանվածների մասին նրա հայտարարությունները:

Նա ասել էր, որ իրենից չէր կախված՝ իշխանությունը կստանձնե՞ր Սերժ Սարգսյանը, թե ոչ: Իսկ ումի՞ց էր կախված. այս հարցը հռետորական չէ եւ արտահայտում է Հայաստանի իշխող համակարգի ձեւավորման ներքին ու արտաքին բարդ ու բազմաշերտ իրողություններից:

Անդրադառնալով սպանություններին, նա ասել էր, որ նրանցից առնվազն 7-ին սպանել են անհայտ անձինք: Ենթադրո՞ւմ է արդյոք, որ նա առնվազն գիտե, թե ովքեր են սպանել մյուս երեքին: Եվ ովքե՞ր են եղել այդ անհայտ անձինք, ավելի ճիշտ՝ ո՞ր շրջանակներից՝ օլիգարխների թիկնապահնե՞ր, դրսից բերվածնե՞ր:

Քոչարյանը նախաքննության ընթացքում պարբերաբար կրկնում էր, որ ինքը տեղյակ չէր 0038 գաղտնի հրամանից, զորքի տեղաշարժերից, որ սպանության վայրերը չէին վերահսկվքում ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: Այս պնդումներին դժվար է հավատալ, հաշվի առնելով նախորդ իշխող համակարգի գործունեության ներքին տրամաբանությունը:

Միեւնույն ժամանակ, հավատալ-չհավատալն այսպես ասած հանրային իրողությունների տիրույթում է, իսկ նախորդ իշխող համակարգը կապ չի ունեցել հանրության հետ, քանի որ նրա գոյության ու կենսագործունեության պայմանը հանրության իրավունքների չեզոքացումն ու հանրության մեկուսացումն է եղել պետական խնդիրներից:

Այս առումով, Քոչարյանի, ինչպես նաեւ այդ համակարգի մյուս ներկայացուցիչների հայտարարություններն ու ակնարկները պետք է դիտարկել զուտ ներքին ռազբորկաների տեսանկյունից:

Քոչարյանի նյարդերն իր խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատաքննության օրը արդեն տեղի էին տալիս, եւ տպավորություն էր, որ նրա ելույթը պարզապես վերջնագիր էր հիշեցնում՝ ուղղված «համատեղ հանցանքի» գծով Սերժ Սարգսյանին, Արցախի ներկա ու նախկին նախագահներին, օլիգարխներին, ՀՅԴ-ին, դատական համակարգին, արտաքին իր գործընկերներին: Նա կարծես ակնարկում էր, որ իրեն ազատ չարձակելու դեպքում կասի շատ բաներ՝ թե ովքեր են եղել «անհայտ անձինք», ումից եւ ինչպես էր կախված իշխանության փոխանցումը Սերժ Սարգսյանին, եւ այլն:

Հետաքրքիր է, թե ինչ ընթացք կունենա դատավարության հետագա ընթացքը: