Քոչարյանի շուրջ ալյանսը ձևավորողներն ուղղակի սխալ հաշվարկ են կատարել

- in Հրապարակ
Gevorg Gorgisyan

«Նույնիսկ առանց որևէ քննարկում ունենալու ես բացառում եմ, որ Լուսավոր Հայաստանը կարող է համագործակցել նախկին ռեժիմի որևէ ուժի հետ», այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված ալյանսին։

Ըստ Գորգիսյանի՝ այս ալյանսը ձևավորողներն ուղղակի սխալ հաշվարկ են կատարել։ «Ռոբերտ Քոչարյանը և նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիների վստահությունը։ Ինձ թվում է՝ նրանք ուղղակի թերագնահատում են մեր քաղաքացիներին՝ կարծելով, որ մարդիկ չունեն հիշողություն և չեն հասկանում ինչ է արել ժամանակին Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքացիներն ունեն հիշողություն, առնվազն մենք թույլ չենք տա մոռանալ Քոչարյանի և նրա թիմակիցների, նախորդ ռեժիմի այն թերացումները, որոնց պատճառով երկիրը հասել էր ծայրաստիճան վատ վիճակի, որ ստիպված եղանք փողոցային պայքարի միջոցով երկրում փոփոխություններ բերել»,- ասաց նա։

Ըստ Գորգիսյանի՝ այս գործընթացը սպասելի էր, քանի որ ընթանում է Քոչարյանի դատավարությունը, և այս ամբողջ քաղաքական գործընթացը միտված է նրա՝ բանտ չնստելուն կամ սեփական ունեցվածքը պահպանելուն։